HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Սարգսյան

Բաքվից եկանք Սովխոզ, Սովխոզից` ստեղ, թե ստեղից ուր կգնանք` էլ չգիտեմ

Բարգուշատը (Ն. Գետակ, Ն. Գյոդաքլու) Սյունիք համայնքի այն գյուղն է, որը մտել է ՀՀ Կառավարության որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված 600 հա տարածքի մեջ: Ձորաբերանին գտնվող այս գյուղը ևս պիտի օտարվի ու տրվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին` նոր պոչամբարի համար:

Նախկինում ադրբեջանցիներով բնակեցված գյուղը 1989-92թթ վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթած հայերով:

Տիկին Լիդան Բաքվից տեղահանված հայերից է: Տեղահանվել են 1988 թվի մարտի 28-ին: 4 տարի ապրել են Սյունիք համայնքի մանկապարտեզի շենքում, հետո տեղափոխվել են Բարգուշատ: Դեռ գյուղում չհաստատված` մահացել է ամուսինը` իրեն թողնելով երկու տղաների հետ:

«Հետո կռիվն ընկավ, մեզ ասեցին, որ երրորդ խումբ պիտի բացվի: Ազատեցինք մանկապարտեզի շենքը: Տեղափոխվեցինք էստեղ, ամուսինս մահացավ,- պատմում է տիկին Լիդան: - Շատ դժվարություններ ենք քաշել, էսօր կամաց-կամաց հաղթահարել ենք: Գոճի էինք պահում-մեծացնում, ծախում. հիվանդություն ընկավ, հիմա կանաչեղեն ենք վարում: Հարմարվել ենք»:

Լիդան մի տղային ամուսնացրել է. թոռնիկ ունի: Այսօր նրանք շեն տուն են: Կանաչու ջերմոցներ ունեն, տղաների ու հարսի հետ աշխատում են, տանում, Կապանում վաճառում: 600 քմ հողակտորը կերակրում է ամբողջ ընտանիքը:

Պատերազմն իր կնիքն այս տանն էլ է թողել. ռմբակոծության հետքերը դեռ կան տան մի հատվածում ու բակում: Տղաները փոքրիշատե նորոգել են տան մի մասը: Մյուս մասին դեռ ձեռք չեն տալիս:

«Դե, որ ասում են` ստեղը պլանի տակ ընկած ա, պիտի տեղափոխվի, սկի ուզում էլ չենք, որ թեթև ռեմոնտ անենք»,- ասում է տիկին Լիդան:

Մի քանի տարի է` գյուղը տեղահանելու մասին խոսակցություններ կան: Լսել են, որ գյուղի տարածքը պիտի տրվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, թե ինչի համար, չգիտեն: Համայքնապետն էլ դեռ չի այցելել գյուղացիներին` խնդիրը պարզաբանելու համար: 4 տարվա ընթացքում քիչ-քիչ գյուղը դատարկվել է. մնացել է 12  բնակելի տուն:

«Եթե սաղ տեղափոխվեն, մենք էլ պիտի գնանք, բա ի՞նչ անենք: Բայց, դե, էլի հարմարված էինք,- ասում է տիկին Լիդան,- հանգիստ գյուղ ա. դժվարությունները հաղթահարելով` ապրում էինք: Վերջը լավ լինի. յա կմնանք ստեղ, յա կտեղափոխվենք: Տեղափոխվելն էլ ա դժվար: Բաքվից եկանք Սովխոզ, Սովխոզից` ստեղ, թե ստեղից ուր կգնանք, էլ չգիտեմ: Վերջը լավ լինի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter