HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեղափոխության ընտրությունը և ընտրությունները. հատվածներ «ռազմավարական նշումներ» անավարտ օրագրից

* Ծանոթագրություն. հոդվածը գրվել է ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումից առաջ, և չնայած վերջնական խմբագրվել է դրանից հետո՝ քննարկմանը հնչեցված կարծիքները հաշվի չեն առնվել խմբագրման ընթացքում:

Տարիներ շարունակ ընդդիմադիր մամուլով և ելույթներով, այդ թվում՝ տողերիս հեղինակի մասնակցությամբ ամրապնդվել է այն միտքը, որ ազատ և արդար ընտրությունները Հայաստանի խնդիրների լուծման յուրահատուկ համադարման են, և որ ընդհակառակը՝ մեր երկրում բոլոր խնդիրների արմատը ընտրությունների կեղծումն է: Որքան էլ, սակայն, ճշմարտություն կա այս տեսակետի մեջ, այժմ, երբ Հայաստանը նոր՝ հեղափոխական քաղաքական փուլում է, և նախկինում զուտ տեսականորեն քննարկված շատ խնդիրներ այժմ գործնական օրակարգի մաս են դառնում, անհրաժեշտ է բոլոր թեմաների ավելի բազմաշերտ ու մանրամասն, ես կասեի՝ դիալեկտիկ քննարկում, որպեսզի հնարավորինս խուսափենք այնպիսի սխալներից, որոնք կարող են հետևանք թողնել տարիների և տասնամյակների կտրվածքով: Եթե Հայաստանում լինեին «հին ու բարի» դասական մարքսիզմի ներկայացուցիչներ, ապա կասեին, որ ինչպես տեսական, այնպես էլ գործնական հարցերին պետք է մոտենալ դիալեկտիկորեն (հայերեն հին թարգմանությամբ՝ տրամախոսորեն, որը հուշում է կապը տրամաբանության հետ. իմա՝ ցանկացած տրամաբանություն դիալեկտիկ է), այսինքն՝ հաշվի առնել խնդրի ներքին հակասությունները: Օրինակ՝ ընկեր Լենինը մեզ կասեր, որ կախված քաղաքական իրավիճակի նրբություններից՝ հեղափոխականները կարող են մի փուլում կողմ լինել Սահմանադիր ժողովի գաղափարին, իսկ հաջորդ փուլում՝ դեմ, և նույնիսկ՝ ցրել դա… Բայց ընկեր Լենինը վաղուց մեռած է, ինչպես և դիալեկտիկ մարքսիզմը, այնպես որ ստիպված կլինենք բավարարվել մեր համեստ ուժերով:

Կառավարության ծրագրի մեջ նույնպես ամրագրված է, որ.

«Կառավարությունն արձանագրում է նաև, որ Հայաստանում կառավարման և վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, երբ հիմք է դրվել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր և կործանարար պրակտիկային։

Այս առումով կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական»: (Ընդգծումը մերն է)։

Թվում է՝ սա այն հատվածն է, որի հետ որևէ խնդիր չի կարող լինել: Ո՞վ կարող է վիճարկել ազատ և արդար ընտրությունների կարևորությունը, ինչպես նաև, որ ընտրությունների կեղծումը եղել է անկախ Հայաստանի հիմնարար խնդիրներից մեկը: Բայց կան լուրջ նրբություններ, որոնք բարդացնում են խոսակցությունը:

Ընտրությունների խնդիրը նշված է որպես համակարգային ճգնաժամի հիմք, հետևաբար ազատ և արդար ընտրությունների անցկացումը դիտվում է իբրև համակարգային խնդրի լուծման համադարման, հիմնաքար: Ծրագրում այդպես ուղիղ ասված չէ, բայց դա բխում է ողջ շրջարկից: Իհարկե, սա ծրագիրը գրողների գյուտը չէ. ինչպես ասացինք՝ գրեթե հենց սա՛ ենք բոլորս քարոզել ընդդիմադիր մամուլում, ելույթներում և այլուր: Տարիներ շարունակ պնդել ենք, որ հարցերի հարցը հենց ընտրություններն են, որ բավական է կարգավորել այս խնդիրը և մնացած ամենը կլուծվի գրեթե ինքնաբերաբար՝ քաղաքականությունից մինչև տնտեսություն ու մշակույթ: Այս միտքը գայթակղիչ է այնքանով, որքանով առաջարկում է բարդ խնդրի հեշտ թվացող լուծում և իրականում քաղաքական գործընթացի բարդ բովանդակությունը փոխարինում է ձևական մոտեցմամբ:

Վարդագույն լիբերալիզմը թոթափելու ժամանակը

Փորձենք հասկանալ այստեղ թաքնված հակասությունը: Ազատ և արդար ընտրություններն անվիճելիորեն կարևոր են, բայց ընտրությունն ինքնին միայն մեխանիզմ է, գործիք, բայց ոչ էություն և բովանդակություն: Գործիքը չի կարող ինքն իրենով հարց լուծել:

Միայն կամքն ու ցանկությունն էլ բավական չեն ազատ և արդար ընտրությունները հայաստանյան քաղաքական կյանքի կայուն ու մշտական մեխանիզմ դարձնելու համար: Հեղափոխական վերելքի ալիքով համապատասխան կամքի առկայությամբ հնարավոր է մեկ անգամ լուծել այդ խնդիրը: Բայց շարունակության համար պետք է ավելին:

Ամեն մեխանիզմ ենթադրում է իր բնական միջավայրը, որում կարող է գործել: Դատարկ լողավազանում նույնիսկ լավագույն լողորդը չի կարող լողալ: Այլ կերպ ասած՝ ազատ և արդար ընտրությունների համար պետք է նախ ընդհանրապես ընտրություն, ընտրելու բան լինի. տվյալ դեպքում՝ համապատասխան քաղաքական դաշտ:

Պատրանքն այն է, որ մեզ թվում է, որ եթե կառավարությունն ապահովի քաղաքական ազատություն և մրցակցություն, ապա քաղաքական դաշտը կձևավորվի ինքն իրենով, ինչպես որ պատրանք է այն, թե բավական է ապահովել ազատ տնտեսական մրցակցություն, և տնտեսությունը կկարգավորվի ինքն իրենով: Կամ՝ որ քաղաքականության և բիզնեսի տարանջատումը կվերացնի օլիգարխիայի խնդիրը (մինչդեռ հակառակ վտանգը կա. հենց «ազատագրված» խոշոր բիզնեսը կարող է վերածվել իսկական օլիգարխիայի):

Սրանք 90-ականների միամիտ, վարդագույն լիբերալիզմի հեքիաթներից են, որից պետք է ձերբազատվենք, եթե ուզում ենք լուրջ գործ անել, ոչ թե ևս մեկ անգամ անցնել արդեն մեկ անգամ անցած ճամփով: Իբր պետությունն ինչքան քիչ միջամտի, ինչքան «ղրաղ» քաշվի, այնքան ավելի արագ կզարգանան քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտները՝ իրենք իրենցով: Բայց ինքն իրենով այս աշխարհում նույնիսկ մեկ որդ չի ծնվում, մեկ տերև չի շարժվում: Կայացա՛ծ պետական համակարգերում ստեղծվում է «ինքն իրենով» լինելու տպավորություն, հենց որովհետև դրա´նք կայացած են: Իսկ մի երկրում, որը պետք է դեռ կառուցել, «ինքն իրենով»-ի գաղափարախոսությունը հակասում է իրավիճակին. «ինքն իրենը» մաքուր և զտված պահպանողականություն է՝ հեղափոխականության ճիշտ հակառակը:

Ազատ ընտրություն չկա Բելիյ Սաքոյի, Պադշիվի Մոսոյի և դոկտոր Թասիբյանի միջև

Եթե չկա համապատասխան քաղաքական համակարգ, ազատ և արդար ընտրությունը կարող է նույնիսկ չարիք դառնալ երկրի համար: Օրինակ՝ եթե վաղը տեղի ունենան արդար և ազատ ընտրություններ, և դրանցում հաղթի, ենթադրենք, Բելիյ Սաքոյի ֆինանսավորած և Պադշիվի Մոսոյի գլխավորած ցուցակը կամ դոկտոր Թասիբյանի կուսակցությունը, ապա պետք չէ վառ երևակություն ունենալ` հասկանալու, որ դա Հայաստանի առաջընթացի վարդագույն այգաբացը չի նշանավորի: Որովհետև առաջընթացը ֆորմալ մեխանիզմներով չի ապահովվում, այլ՝ քաղաքականությամբ:

Իհարկե, հեշտ է հունական իմաստունի դիրք ընդունելով և հնարավորինս վեհ առոգանությամբ ուսուցանել անգիր արած դասագրքային ճշմարտություններ, թե բա կարևոր չէ՝ ընտրություններին ո՛վ կհաղթի, կարևորը՝ «ժողովրդի կամքը» հաղթի (կարծես մարդկության պատմության գոնե վերջին 200 տարվա փորձը բավական չէ` հասկանալու, թե որքան տարբեր գործիքներ կան ժողովրդի կամքը առանց կեղծիքների կեղծելու համար, և կարծես ժողովրդի կամք հասկացությունը նույնքան հեշտ սահմանելի ու թեթև երևույթ է, ինչպես այս գիտունիկների «գիտությունը»): Իրականում նույնիսկ այդպես ասողները չեն հավատում իրենց ասածին. օրինակ՝ նրանցից շատերը վերջին միջազգային իրադարձություններից Թրամփի ընտրությունը կամ Բրեքզիթը համարում են ոչ թե ժողովրդավարության, այլ «պոպուլիզմի» հաղթանակ: Բայց թե ո՛րն է ժողովրդի կամքի և պոպուլիզմի տարբերությունը, բնավ, համոզիչ սահմանում չունի: Պարզ է, սակայն, որ եթե կայացած քաղաքական համակարգում որևէ մեկի հաղթանակը չի վտանգում երկրի ապագան, ապա նոր կառուցվելիք համակարգը կարող է փլուզվել ցանկացած «անկանոն շարժումից»:

Նպատակը, ուրեմն, պետք է լինի քաղաքական բովանդակության ստեղծումը, ոչ թե քաղաքական-իրավական մեխանիզմը կամ էլ, առավել ևս, զուտ իրավական, ձևական կարգավորումները որպես լուծում, նպատակ և համադարման դիտելը: Հեղափոխական պետությունը չի կարող լինել «գիշերային» պահակ, որը միայն հետևում, կարգավորում և խաղի կանոններ է սահմանում: Հեղափոխական պետության քաղաքականությունը ստեղծագործությունն է, ոչ թե պահպանումը: Ուրեմն, քաղաքական բովանդակությունը պետք է նախորդի, հիմք ստեղծի ձևական-իրավականի համար, ոչ թե հակառակը:

Trionfi la giustizia proletaria

Պետք է հասկանալ նաև հետևյալը: Հեղափոխական քաղաքականությունն ու իրավական ոլորտը ինչ-որ իմաստով անգամ հակադրվում են իրար: Իրավունքն էությամբ պահպանողական է: Օրենքները կոչված են արտացոլելու, պահպանելու, ամրացնելու առկա իրողությունները:

Քաղաքականը, ի հակադրություն իրավունքի, ստեղծագործական ոլորտ է: Հատկապես հեղափոխական իրավիճակները քաղաքական տարերքի առավելագույն բացահայտման ժամանակներն են: Հեղափոխությունն առավելագույնս քաղաքականություն է և նվազագույնս՝ իրավագիտություն: Պատահական չէ, որ պատմությունից հայտնի գրեթե բոլոր հեղափոխական իրավիճակներում հաճախ հակասություններ են ծագում հեղափոխական ձգտումների, կամքի և ձևական օրենքի միջև: Դրանք այնքան ավելի սուր են լինում, որքան ավելի ուժգին է հեղափոխականությունը: Հաճախ են միմյանց բախվում իրավունքի «տառակերության» բնական միտումը և հեղափոխության նորարարության բնական միտումը: Ավելի խորքային առումով սա հակասություն է քաղաքական լեգիտիմության և իրավական լեգալության միջև, որը կայուն իրավիճակներում գրեթե չի դրսևորվում, բայց հեղափոխականներում այս կամ այն կերպ արտահայտվում է: Լեգալությունն օրենքի տառն է, իսկ լեգիտիմությունն ավելի լայն և դժվար սահմանելի է, և կարող է հաճախ հակասել բառացի լեգալությանը: Լեգիտիմությունը քաղաքական ձգտումների, նպատակների, առաջնորդման արդար և օրինական ճանաչվելն է հանրության կողմից՝ անկախ այդ ամենի լեգալությունից:

Օրենքը, իրավունքը պետության ձևն են, բայց միայն ձևով հնարավոր չէ երկիր կառուցել: Դրանք ձևակերպում են արդեն կառուցածը, իսկ կառուցումը՝ բովանդակություն և կազմակերպություն տալը, քաղաքականության գործն է: Օրենքի, իրավունքի, գործիքների ոլորտը որևէ հանրության մեջ գերակայող է դառնում, երբ դրա կառուցումը հիմնական գծերով ավարտված է, և մնում է միայն կարգավորման, կառավարման, ձևավորման խնդիրը: Այդ իսկ պատճառով, երբ մենք, եվրոպական ներկա փորձից փոխառելով պատրաստի քաղաքական կաղապարներ, մեր քաղաքական նպատակները սահմանում ենք գերազանցապես իրավական եզրաբանությամբ, հայտնվում ենք փակուղում: Մեր խնդիրը երկիր կառուցելն է, բովանդակություն տալը և կազմակերպելը, ստեղծագործելը, իսկ մեր փոխառած գաղափարներն ու կաղապարները վերաբերում են արդեն կառուցված հանրույթներին և արտացոլում են նրանց իրավիճակը։

Հեղափոխական ինքնագիտակցությունը

Այսօր, սակայն, կարող ենք ասել, որ անգամ եվրոպական կայացած համակարգերը որոշ չափով ճգնաժամ են ապրում, ինչի խորացման դեպքում կարող է ավելի ստեղծագործական, եթե չասենք՝ հեղափոխական քաղաքական մոտեցումների անհրաժեշտություն ծագել: Համենայն դեպս այնպիսի կայուն մեխանիզմը, ինչպիսին ընտրություններն են, որոնց միջոցով եվրոպական երկրներում տասնամյակներ շարունակ կարգավորվել է քաղաքական իրավիճակը, որոշակի արժեզրկում է ապրում, ինչից էլ ծագում են քննարկումները պոպուլիզմի աճի և այլնի մասին:

Պետք է գիտակցենք, որ մեր հայկական հեղափոխությունն արդյունք է նաև համաշխարհային այս նոր՝ որոշ չափով ճգնաժամային իրավիճակի, և արտացոլում է աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները, ինչը հավելյալ պահանջ է` հարցերին ավելի խորը և ստեղծագործաբար մոտենալու. զուտ կրկնությունն ու փոխառությունն այստեղ չեն օգնի:

Այստեղ կարևոր է ինքնագիտակցության հարցը. ինչպե՛ս և ի՛նչ աստիճանի կկարողանա հայկական հեղափոխությունը իմաստավորել ինքն իրեն՝ որպես համաշխարհային գործընթացի մաս՝ մի կողմից, և որպես հայկական իրականության ծնունդ՝ մյուս կողմից: Ինքնագիտակցության հարցն առհասարակ էական է հաջողության հասնելու համար: Հաճախ մարդիկ իրենց իսկ ապրածն ու իրենց իսկ արածը նկարագրում են ոչ թե սեփական փորձի իմաստավորմամբ, այլ փոխառյալ, պատրաստի ձևակերպումներով, ինչը լուրջ խնդիր է դառնում, երբ անհրաժեշտ է լինում կարճաժամկետ մարտավարական գործողություններից անցնել երկարաժամկետ ռազմավարականի ձևակերպմանը:

Օրինակ՝ 1988-ի Շարժումը, որը բնույթով ազգային-դեմոկրատական էր (Լևոն Տեր-Պետրոսյանի ձևակերպմամբ՝ «բովանդակությամբ ազգային է, ձևով՝ դեմոկրատական»), գալով իշխանության՝ իրեն հռչակեց լիբերալ կուսակցություն: Մի կողմ թողած, որ լիբերալն ու դեմոկրատականն ամենևին էլ նույնը չեն, Շարժումն իրենից բացառեց ազգայինը, որն այդու բաժին հասավ այնպիսի խմբերի, որոնց ազգայինի ըմբռնումը չէր համապատասխանում այն մակարդակին, որը հայ ժողովուրդը ձեռք էր բերել հենց 88-ի Շարժման շնորհիվ: Սա հետագայում բերեց պետականաշինության գործում լուրջ բացթողումների, ինչի պտուղները քաղում ենք ցայսօր:

Հեղափոխական քաղաքականության առաջնահերթ ռազմավարական նպատակներից պետք է լինի նոր քաղաքական դաշտի ձևավորումը: Սա հեռանկարային նպատակ է, որին միանգամից հասնել հնարավոր չէ, բայց հենց այսօր ձևակերպելով է միայն հնարավոր ճիշտ կառուցել մարտավարական քայլերը: Քանի դեռ գոնե որոշ չափով լուծված չէ լիարժեք քաղաքական դաշտի ձևավորման խնդիրը, հնարավոր չէ հուսալ, որ ազատ և արդար ընտրությունները, նույնիսկ եթե դրանք, շնորհիվ նոր կառավարության քաղաքական կամքի, մեկ անգամ տեղի ունենան, կվերածվեն կայուն ավանդույթի: Ընդ որում՝ քաղաքական կամք ասելով չպետք է հասկանանք միայն ցանկություն, այլև պատրաստակամություն մինչև վերջ հաղթահարելու այդ ճանապարհին ընկած բոլոր խոչընդոտները, այդ թվում՝ մրցակից և դաշնակից քաղաքական ուժերի ուղղակի և անուղղակի դիմադրությունը: Եվ նույնիսկ այս՝ առավելագույն ջանքի ներդրման դեպքում արդյունքը կարող է լինել ժամանակավոր, եթե դրված և լուծված չէ ռազմավարական խնդիրը:

Առաջնորդում, հենարան, հայաստանակենտրոնություն

Կայուն քաղաքական դաշտ ունենալու նպատակին հասնելու համար երկար ճամփա է պետք անցնել: Այդ ճանապարհին պետք է.

  1. քաղաքական առաջնորդում,
  2. հեղափոխության քաղաքական հենարանի ձևավորում, և միայն սրանից հետո՝
  3. մրցակցային, ինքնակենտրոն և կայուն քաղաքական դաշտի ձևավորում, որն էլ իրական հիմք կդառնա ազատ և արդար ընտրությունների համար:

Ի՞նչ բան է քաղաքական առաջնորդումը:

Հեղափոխության առաջնային նպատակն է երկրի կառուցումը և զարգացումը: Հեղափոխության նպատակը չի կարող լինել պարզապես նոր ստատուս-քվոյի ստեղծումը հնի փոխարեն:

Նրանք, ովքեր անմիջական նպատակ և հիմնական լուծում են համարում բացառապես ազատ և արդար ընտրությունները, ինչպես նաև՝ «օրենքի գերակայությունը», հեղափոխության արդյունքը պատկերացնում են՝ հենց որպես նոր ստատուս-քվո: Սա էությամբ խիստ պահպանողական մոտեցում է, որը չի ընկալում հեղափոխական բուն տարերքի էությունը: Այս պահպանողական մոտեցումը բխում է վերնախավերի, իսկ բուն հեղափոխականը՝ ժողովրդական զանգվածների շահերից: Փորձենք հասկանալ այս հակասությունը:

Վերնախավային ստատուս-քվոն

Հեղափոխությունը բարդ կառուցվածք ունի: Այն կազմակերպել և դրանում այս կամ այն կերպ մասնակցել են վերնախավային տարբեր՝ և՛ ընդդիմադիր քաղաքական, և՛ իշխանական, և՛ ՀԿ հատվածի խմբեր: Սրանց բոլորի ընդհանուր շահն է իշխանության և ազդեցության վերաբաշխումը, և դրա արդյունքով՝ նոր ստատուս-քվոյի հաստատումը: Նոր ստատուս-քվոն, այսինքն՝ վերնախավային խմբերի միջև իշխանության և ազդեցության ոլորտների վերաբաշխման վերջնական հաստատման գործիքներից մեկը պետք է լինեն հենց ԱԺ նոր ընտրությունները: Դրա համար էլ էլիտար խմբերը կառչած են «ընտրություններն իբրև բոլոր խնդիրների լուծում և համադարման» գաղափարից: Նոր ընտրություններով՝ վերնախավերի համար ավարտվում է հեղափոխությունը:

Ընդ որում, եթե ընտրական օրենքն էլ փոխվի այնպես, որ ընտրություններն անցկացվեն բացառապես համամասնական սկզբունքով, ապա կունենանք Երևանում կենտրոնացած կուսակցական գրասենյակների և նրանց կողմից կազմվող ցուցակների դիկտատուրայի երկիր: Մեծամեծները միմյանց միջև կբաժանեն իշխանությունը, և կհայտարարվի հեղափոխության հաղթանակը: Ամբողջ խնդիրը կլինի միայն այդ տարբեր խմբերի միջև երևացող և չերևացող պայքարը՝ հանուն իշխանության և ազդեցության չափաբաժնի:

Այս խմբերի մեջ կան այնպիսիք, որ նոր են իշխանություն տեսել, և այնպիսիք, որ վաղուց ունեն իրենց փայը, բայց առիթից օգտվելով՝ պետք է փորձեն մեծացնել դա: Կան այնպիսիք, որ, մեծ հաշվով, չունեն որևէ գաղափարական, ծրագրային օրակարգ և զուտ իշխանության համար են պայքարում: Կան և այնպիսիք, որոնք ունեն ագրեսիվ իդեոլոգիական օրակարգեր, որը փորձելու են պարտադրել հասարակությանը որպես հեղափոխական՝ առանց հաշվի առնելու հասարակական այլ՝ չկազմակերպված հատվածների կարծիքը:

Արդարություն, զարգացում, բարեկեցություն

Հեղափոխության մյուս կողմը ժողովրդական զանգվածներն են: Վերնախավային խմբերը բնականաբար ձգտում են հնարավորինս շուտ մոռանալու այն, որ հեղափոխություն չէր լինի, եթե լայն զանգվածները չմիանային ու չաջակցեին սկզբնապես փոքր խմբերով սկսված շարժմանը: Ժողովրդական զանգվածներն ունեն իրենց օրակարգը, որը տարբեր է և՛ զուտ հանուն իշխանության պայքարող, և՛ ագրեսիվ իդեոլոգիկ խմբերի օրակարգից: Սակայն, ի տարբերություն վերնախավային խմբերի՝ զանգվածները կազմակերպված չեն, հետևաբար պակաս հնարավորություն ունեն առաջ տանելու իրենց օրակարգը:

Ժողովրդական օրակարգն է Հայաստանի զարգացումը, արդարությունը և բարեկեցությունը: Տարիների ընթացքում մարդիկ դժգոհ են եղել նախ և առաջ զարգացման հեռանկարի և արդարության բացակայությունից: Ժողովրդական հեղափոխության օրակարգը ոչ թե նոր ստատուս-քվոն է, այլ զարգացումը, վերելքը, թռիչքը, ընդ որում՝ ազգային գիտակցության հիմքով: Այդ օրակարգի սրտի հետ է խոսում Փաշինյանը, երբ օգտագործում է «թռիչքաձև զարգացում», «մեր երակներոով հոսում է Մեսրոպ Մաշտոցի, Արտաշես արքայի, Վարդան Մամիկոնյանի արյունը» և այլ ձևակերպումներ: Եվ հենց ա՛յս ձևակերպումներն են վերնախավային խմբերը մեկնաբանում իբրև պոպուլիստական, այսինքն՝ ժողովրդական (populus - ժողովուրդ), նաև՝ անիրատեսական, ազգայնական և այլն: Շատերը, ատամները կրճտացնելով, լռում են՝ վախենալով «կպչել» վարչապետին, բայց հոգու խորքում հույս ունեն մի օր «պոպուլիզմի» «դեմն առնել», և այդ շատերը ոչ թե այսպես կոչված հակահեղափոխական, այլ հեղափոխությանը «պաշտոնապես» աջակցող կամ անմիջապես մասնակցող ճամբարից են:

«О мерах по ликвидации троцкистских и иных двурушников»

Ուշագրավ է, որ ժողովուրդը հեղափոխությունը նույնացնում է անձի՝ Նիկոլի հետ: Սա նույնպես հեգնանքի և քողարկված չարակամության առիթ է վերնախավային խմբերի համար, որոնց կարծիքով Փաշինյանն առանց իրենց աջակցության չէր դառնա ազգի հերոս, ժողովուրդն էլ չէր տեսնի հեղափոխություն, և որոնց համար հեգնելի ու անընդունելի է «զանգվածների» կողմից Նիկոլի նկատմամբ վստահություն արտահայտելու «ցածր» մշակութային ոճը: Խորքում սա, իհարկե, ոչ թե ճաշակի, այլ իշխանության խնդիր է. վերնախավերն իշխում են այդ թվում պարտադրված ոճային պատկերացումների միջոցով, և վերնախավերի իշխանությանը նետվող թիվ մեկ մարտահրավերը հենց ժողովուրդ-«թագավոր» կապն է: Այդ պատճառով էլ ահազանգում են «անձի պաշտամունքի» վտանգի մասին:

Եթե անգամ այստեղ կա ճշմարտության հատիկ, ապա չմոռանանք նաև, որ մյուս կողմից էլ վերնախավային այդ խմբերը դուրս չէին գա լուսանցքից, եթե չլիներ Փաշինյանի և ժողովրդական զանգվածների միավորումը:

Հեղափոխության խնդիրը, ուստի, այդ միավորմանն ավելի գիտակցված և կազմակերպված ձև տալն է:

 Ժողովրդական ալիքով իշխանության եկած բոլոր առաջնորդներն էլ ունեն նույն խնդիրը. մի կողմից՝ ժողովուրդն ինքն իրենով կազմակերպված ուժ չէ, և վստահելով առաջնորդին՝ նրանից է ակնկալում գործողություններ, մյուս կողմից՝ ժողովրդական ալիքի առաջնորդը հաճախ չի ունենում ամուր կազմակերպված հենարան, և ստիպված է լինում գործել կազմակերպված վերնախավային խմբերի հետ փոխզիջումների դաշտում: Կարծես՝ հենց այսպիսի իրավիճակ է ուրվագծվում այսօր Հայաստանում:

Die totale Mobilmachung

Իրապես հեղափոխական՝ զարգացման քաղաքականություն առաջ տանելու անհրաժեշտ նախապայմանը, քաղաքական կամքի կենտրոնացումն է: Մի կողմից՝ դա թույլ կտա վարել իրապես ստեղծագործական՝ երկիր կառուցելու քաղաքականություն, մյուս կողմից՝ ամուր բռունցք կստեղծի վերնախավերի կողմից իշխանության հնարավոր ուզուրպացիայի դեմ:

Սա նշանակում է, որ ժողովրդական հեղափոխությունը պետք է ձևավորի ուժեղ քաղաքական հենարան, որը պետք է լինի ոչ թե հերթական կուսակցություններից մեկը, այլ ժողովրդի հեղափոխական ինքնակազմակերպման կառույց:

Վարչապետի կուսակցությունը, հասկանալի պատճառներով, այդ հենարանի հիմքը դառնալու թիվ մեկ հավակնորդն է, բայց կան կարևոր նրբություններ: Նախ՝ արժե հիշել, որ Փաշինյանը իշխանության է եկել ոչ թե որպես ՔՊ առաջնորդ, առավել ևս՝ ոչ որպես «Ելք» խմբակցության ներկայացուցիչ, այլ որպես համաժողովրդական ալիքի առաջնորդ: ՔՊ-ի կուսակցական նախահեղափոխական ծրագիրը, ուրեմն, չի կարող ինքնաբերաբար դառնալ հեղափոխական քաղաքականության օրակարգ, քանի որ հեղափոխությունը ոչ թե կուսակցական, այլ համազգային համախմբման արդյունք էր: Հետևաբար դրա օրակարգը պետք է լինի լայն ժողովրդական և ազգային, ոչ թե նեղ կուսակցական: Թող ներեն ինձ «Ելք» դաշինքի անդամ մյուս կուսակցությունները, որոնց հարգում եմ, բայց «Ելք»-ի պլատֆորմն առավել ևս չի կարող վերածվել նման օրակարգի: Բացի այն, որ այդ դաշինքից միայն ՔՊ-ն է, որ անմիջականորեն մասնակցեց հեղափոխությանը, «Ելք»-ի գաղափարախոսությունը հանրության միայն մի մասի մտածողությունն ու շահերն է ներկայացնում և չի կարող համարվել համաժողովրդական:

Ուստի ամենայն հավանականությամբ հիմք կարող է դառնալ ՔՊ-ն, բայց` լուրջ գաղափարական և կազմակերպչական նորոգման պայմանով: Նորացված կառույցը պետք է ինստիտուտի վերածի հեղափոխության ժողովրդական տարերքը, կազմակերպչական ձև տա «ժողովրդական զանգվածներ – ժողովրդական առաջնորդ» կապին:

Դա նշանակում է էլիտար փոքրամասնությունների ագրեսիվ իդեոլոգիկ տարրերի բացառում. հայ ժողովուրդը դուրս էր եկել Հրապարակ՝ հանուն Արդարության, Առաջընթացի և Հայրենիքի: Հետևաբար այս երեքն էլ պետք է գրված լինեն Դրոշին։

Գաղափարական հենք կարող են դառնալ Փաշինյանի հնչեցրած գաղափարական ինքնագնահատականը՝ հայամետությունը, և Սարդարապատի ելույթի կարգախոսները, որոնք են՝ հայ ժողովրդի հենվելը սեփական ուժերի վրա և ժառանգական կապը Հայոց պատմության հետ: Հեղափոխություն, որը գիտակցում է իր կապը Հայոց պատմության հետ և իրեն մասն է համարում հանուն հայ ժողովրդի ինքնիշխանության՝ դարերով չընդհատվող պայքարի, այլ ոչ թե Հայաստանին վերաբերվում է որպես ևս մեկ տարածքի՝ վերացական, անարյուն և դասագրքային անույժ ճշմարտություններ հաստատելու համար:

Այս հենքով կարող է կայանալ ուժերի լայն և նոր համախմբում:

 «Նոր հայը: Վաղվան առաջնորդը»

Քաղաքական կամքը կենտրոնացնող նորացված կառույցը կարող է դառնալ այն գործիքը, որի միջոցով ժողովուրդը կստանա իրական իշխանություն, քանի որ հնարավոր չէ իշխանություն ունենալ առանց կազմակերպման: Ժողովրդական պայքարի առաջնորդումը կստանա ամուր և հուսալի գործիք, որով կկարողանա դիմակայել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ջախջախել վերնախավային խմբերի ձգտումներն ու ուզուրպացիայի փորձերը և ամրապնդել իր գերիշխանությունը: Նույն այս գործիքը հնարավորություն կտա` վստահորեն և արագ իրացնելու հեղափոխական քաղաքականությունը՝ թիվ մեկ նպատակ ունենալով երկրի զարգացումը: Հեղափոխական քաղաքականությունը կստեղծի նաև այնպիսի միջավայր, որում կձևավորվեն այլ քաղաքական միավորներ՝ նույն հայաստանակենտրոն հիմքով, և ապագայում հենց դրանց մրցակցությամբ էլ կձևավորվեն հայաստանակենտրոն քաղաքական դաշտն ու ընտրությունը: Մինչ այդ՝ ընտրությունը փաստացի կեղծ է լինելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter