HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտի 8: Բանավեճի թեման. «Եվրոպական ինտեգրման խոչընդոտները»

Ռասիմ Մուսաբեկով. Եվրաինտեգրման խոչընդոտները 

Եվրոպական կառույցների մեջ Հարավային Կովկասի ինտեգրման ճանապարհին առկա խոչընդոտները պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբի` ներքին, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական: Ներքին խոչընդոտները պարզ են. քաղաքական, սոցիալ-տնտեսական հետամնացությունը, պետական իշխանության եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների թուլությունը, կոռուպցիայի բարձր մակարդակը, զինված ուժերի անհամապատասխանությունը ժամանակակից ստանդարտներին եւ այլն:

Սրանք միասին բացասական բեռ են կազմում, որով հազիվ թե կարելի է մտնել զարգացած արեւմտյան եւ եվրոպական տնտեսական տարածք, ինտեգրվել ռազմաքաղաքական համագործակցության եւ անվտանգության համակարգին: Ինչ վերաբերում է եվրաինտեգրումը արգելակող տարածաշրջանային պատճառներին, ապա առաջին տեղում կդնեի գոյություն ունեցող հակամարտությունները եւ դրանց ապասառեցման վտանգը, անցումը «տաք» փուլին: ԵՄ-ը եւ ՆԱՏՕ-ն հոգսերի եւ խնդիրների պակաս չունեն (միայն կիպրոսյան կամ իռլանդական խնդիրները բավական են, դրան գումարած` Ջիբրալթարի կարգավիճակի մասին վեճերը եւ այլն): Ուստի, Բրյուսելը չի շտապում իր վրա վերցնել հարավկովկասյան հակամարտությունների լուծման բեռը: Երկրորդ խմբի խոչընդոտները հակամարտությունների հետեւանքով տարածաշրջանային համագործակցության խզումն է, Հարավային Կովկասի պետությունների աշխարհաքաղաքական կողմնորոշումների բազմազանությունը: Եւ, վերջապես, այնպիսի ազդեցիկ տերություններ, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Իրանը, անշուշտ, բացահայտ եւ անբացահայտ ձեւերով անում են ամեն բան, որպեսզի, եթե լիովին չշրջափակեն, ապա առավելագույնս խոչընդոտեն Հարավային Կովկասի երկրների ինտեգրումը եվրոպական կառույցներին:

Ռուսաստանը ոչ մի կերպ չի ցանկանում հաշտվել իր երկդարյա բացառիկ տիրապետության գոտու կորստյան հետ, իսկ Իրանը զգուշանում է իր սահմաններին արեւմտյան ազդեցության մոտենալու, ինչին թշնամանքով է վերաբերվում, փաստից (խոսքը հատկապես վերաբերում է ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառույցներին): Միասնաբար, նշված գործոնները ստեղծում են մեր երկրների եվրոպական ինտեգրման հեռանկարների անուրախ պատկերը: Այդուհանդերձ, դրանք չպետք է համարվեն անհաղթահարելի: Այդ ամենը կամքի, ճիշտ ռազմավարության եւ ժամանակի գործոնի նուրբ ըմբռնման հարց է, ինչի մասին երեկ խոսում էր Ալեքսանդր Իսկանդարյանը: 

Արչիլ Գեգեշիձե. Մուսաբեկովին եւ Ռուսեցկուն

Եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցներին ինստիտուցիոնալ ինտեգրումը չպետք է լինի վերջնական նպատակ կամ ինքնանպատակ: Նպատակը պետք է լինի արդիականացման եւ ժողովրդավարական քաղաքական համակարգի կառուցման երկարաժամկետ եւ անդառնալի գործընթացի ապահովումը: Հարց է առաջանում. այդ նպատակներին հասնելու համար որքանո՞վ է անհրաժեշտ եվրոպական կառույցներին ինտեգրումը: ՆԱՏՕ-ին ինտեգրումը Վրաստանին կենսականորեն անհրաժեշտ է: Ինչ վերաբերում է ԵՄ-ին ինտեգրմանը, ապա նույնիսկ միայն մերձեցման գործընթացը (անկախ դրա երկարատեւ ընթացքից) ռացիոնալ քաղաքականության պայմաններում կարող է նշանակալի առաջընթաց ապահովել վերոհիշյալ նպատակին հասնելու գործում: 

Ալեքսանդր Իսկանդարյան

Համաձայն եմ Ռասիմ Մուսաբեկովի հետ. կան այդպիսի խոչընդոտներ, եւ դրանց քանակը մեծ է: Բայց հո°ւյս կա: Մեծ Բրիտանիան ունի հակամարտություն, Կիպրոսը չի վերահսկում չճանաչված պետության տարածքը, Սլովակիան ոչ մի կերպ չի համապատասխանում տնտեսական մակարդակով, Բուլղարիան ունի մեզանից էլ շատ կոռուպցիա, իսկ Ռումինիայում… ավելի լավ է չխոսեմ այս երկրի մասին: Սեռական փոքրամասնություններին Պորտուգալիայում վերաբերվում են ոչ այնպես, ինչպես Ամստերդամում, իսկ ժպիտի պայծառությամբ եւ ջրի որակով կոռլեոնցիները տարբերվում են ստոկհոլմցիներից: Եւ ոչինչ` բոլորն էլ ԵՄ-ի մեջ են կամ կմտնեն 2007թ.-ին: Մեզ էլ կընդունեն, եթե պետք լինի: Ահա հարցը` պե՞տք է: Մենք մի բան արժե՞նք աշխարհագրական, հաղորդակցական կամ այլ իմաստով: Սա նրանց` ընդունողներին վերաբերող հարց է: Իսկ ինչ վերաբերում է մեզ` ցանկացողներիս, ապա ինչի՞ մասին է խոսքը. ԵՄ-ը կամ ՆԱՏՕ-ն մեզ համար` ոնց որ Ձմեռ պապը: Նա կգա եւ իր պարկից դուրս կհանի այն, ինչ մենք չունենք` ժողովրդավարություն, անվտանգություն, բարգավաճում, ազատություն: Մենք սովորել ենք այդպես, որպեսզի մեր փոխարեն ուրիշները որոշեն, ոչ թե մենք£ Չափից ավելի երկար ժամանակ ենք գտնվել կայսրություններում: Կարծում եմ` պետք է գործի լծվել եւ լուծել խնդիրները: Ինքներս: Այնժամ գուցե եւ ԵՄ էլ ընդունեն: 

Երբեմն սարսափելի ամաչում եմ, եթե անկեղծ լինեմ: Երբ մերոնք (կարեւոր չէ` հայերը, վրացիները, թե ադրբեջանցիները) ինչ-որ մի տեղ Բրյուսելում ուժերը լարած` բյուրոկրատական մեքենայի մի ինչ-որ պտուտակի բացատրում են, թե Կովկասը խիստ կարեւոր է Եվրոպայի համար եւ Եվրոպային է պատկանում անտիկ ժամանակներից, իսկ նա չգիտի էլ, թե գլոբուսի վրա դա որտեղ է գտնվում: Այստեղից էլ` հարցի պատասխանը. ինտեգրում հանուն անվտանգությա՞ն, թե՞ հակառակը: Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Ավելի ճիշտ, թե՛ մեկը, թե՛ մյուսը, որպեսզի մնանք «երեխա»: Սա շատ վտանգավոր միտում է: Պետք է հասունանալ եւ ձեռք բերել արտաքին քաղաքականություն: Իսկական: Չէ՞ որ «Ռուսաստանը չար վհուկ է» եւ «Ռուսաստանը հարազատ մայր է» մոտեցումները նույն բանի` ինֆանտիլիզմի արտահայտությունն են: Ռուսաստանը հարեւան է, ինչպես եւ Եվրոպան: Իր շահերով, թերություներով, փոփոխականներով: Ո՛չ հայր է, ո՛չ մայր, հարեւան է: Մեծ, հզոր հարեւան: Իսկ ԵՄ-ն էլ միայն «արժեքների հանրություն» չէ, այլ հզոր բյուրոկրատական մեքենա: Եւ այնտեղ մտնում են ոչ թե ժողովրդավարության, այլ մի բան պոկելու նպատակով: 

Ալեքսանդր Ռուսեցկի. Կովկասի սահմանները 

Կարծում եմ` հետաքրքիր է հետեւյալ հարցը. «Որտե՞ղ են Կովկասի սահմանները»: Ոմանք կարծում են, թե դրանք ավելի դեպի հյուսիս են, իսկ մյուսները` թե ավելի հարավ են: Իսկ ոմանց կարծիքով` դրանց մեջ մտնում է Հնդկաստանի եւ Սկյութիայի միջեւ ընկած տարածքը: Մենք չպիտի հրաժարվենք տարածաշրջանային քաղաքականությունից. այն իր մեջ շատ դրական բաներ ունի: Միեւնույն ժամանակ, տարածաշրջանային քաղաքականություն ունենալու համար հարկ է սահմանել տարածաշրջանի սահմանները: Դրանից հետո կարելի է խոսել եւ տարածաշրջանային անվտանգության մասին: Երկրորդ խնդիրն այն է, որ մենք առայժմ չենք կարող լրջորեն խոսել Կովկասում տարածաշրջանային քաղաքականության ձեւավորման մասին, քանի որ չունենք մեր երկրների ներսում ազգային անվտանգության պատշաճ եւ միասնական ընկալում: Նույնիսկ էթնիկապես միատարր Հայաստանում տարբեր կարծիքներ կան: Բազմաէթնիկական հասարակություններում ազգային անվտանգությունը պետք է հանդես գա որպես «էթնիկական անվտանգությունների» համադրություն: Նման բան չկա ո՛չ Վրաստանում, ո՛չ Ադրբեջանում: «Էթնիկական անվտանգությունների» համադրությունը պետք է հանգեցվի «քաղաքացիական անվտանգության» (քաղաքացիական, այլ ոչ թե էթնիկական ժողովրդավարության պայմաններում): Իսկ վերջինս պետք է կազմի ազգային անվտանգության ձեւավորման հիմքը: Այսօր տիրապետում է անվտանգության էթնիկական ըմբռնումը, եւ դա տրամաբանական է, քանի որ տիրապետում է շրջակա միջավայրի էթնոկենտրոն ընկալումն ու ըմբռնումը: Ընդ որում, այսպիսի վիճակը ակտիվորեն օժանդակվում է դրսից, քանի որ դա իրադրությունը վերահսկելու ամենաէժան եղանակն է: 

Ստեփան Գրիգորյան. Ավյազ Ռուստամովին 

Մեզ մոտ` Հայաստանում, բազմաթիվ քաղաքական գործիչներ, քաղաքագետներ եւ հասարակական գործիչներ կան, որոնք բավական կասկածանքով են վերաբերվում Արեւմուտքին (առաջին հերթին` ԱՄՆ-ին)` համարելով, որ մեր տարածաշրջանում Արեւմուտքը առաջնորդվում է միայն նավթային շահերով: Եթե դա այդպես լիներ, ապա Ադրբեջանի դերը տարածաշրջանում կլիներ շատ ավելի մեծ, քան այն, ինչ մենք այսօր տեսնում ենք:

Ուրախալի է, որ վրացական քաղաքական վերնախավում համաձայնություն կա աշխարհում Վրաստանի տեղի եւ նրա անվտանգության համակարգի վերաբերյալ£ Համենայնդեպս, քաղաքական կուսակցությունների ղեկավարների հարցումից երեւում է, որ վրաց քաղաքական գործիչները Վրաստանի տեղը տեսնում են ժողովուրդների եվրոպական ընտանիքում, իսկ անվտանգությունը կապում են ՆԱՏՕ-ի հետ£ Հայաստանի դեպքը շատ ավելի բարդ է: Տարբեր քաղաքական ուժեր տարբեր պատկերացումներ ունեն աշխարհում Հայաստանի տեղի մասին£ Պատճառները տարբեր են` սկսած ծանր պատմական անցյալից, բարդ ներքաղաքական իրադրությունից եւ վերջացրած Հայաստանի դիրքորոշման վրա «արտաքին գործոնների» ազդեցությամբ` ի դեմս աշխարհի տարբեր երկրների հայկական սփյուռքների: Ուստի, ես կփորձեմ ներկայացնել «հայկական նախագծի» իմ պատկերացումը: 

Առաջինը հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության հուսալի երաշխիքներ ստեղծելու խնդիրն է; Դրա համար անհրաժեշտ է ոչ թե մեկուսացում, այլ, ընդհակառակը, համագործակցություն տարածաշրջանի բոլոր երկրների եւ, առաջին հերթին, Թուրքիայի հետ; Եւ այս առումով ՆԱՏՕ-ն անվերապահ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն որպես աշխարհի ամենահզոր կազմակերպությունը պաշտպանության եւ անվտանգության ասպարեզում, այլեւ որպես մի կազմակերպություն, որի անդամն է Թուրքիան: ՆԱՏՕ-ն կարող է դառնալ այն «կամրջակը», որը կապահովի Թուրքիայի հետ Հայաստանի համագործակցությունը ռազմական ոլորտում: Հենց այնտեղ, որտեղ թշնամու կերպարի ստերեոտիպերը առանձնապես կենսունակ են: ԱՊՀ-ի անվտանգության համակարգը (այսպես կոչված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը) չի կարող գործել տարածաշրջանում իր անարդյունավետության պատճառով, ինչպես նաեւ այն պատճառով, որ տարածաշրջանի երկրներից միայն Հայաստանն է այդ կազմակերպության անդամ: Բացի այդ, եթե մենք ցանկանում ենք Հարավային Կովկասը տեսնել որպես մեկ ամբողջություն, համագործակցության եւ բարիդրացիության տարածաշրջան, ապա մեր երկրները, ի վերջո, պետք է մտնեն մեկ (միասնական) անվտանգության համակարգի մեջ: Եւ այդ համակարգը կարող է լինել հենց ՆԱՏՕ-ն: Մենք շատ հաճախ լսում ենք, թե դա շատ հեռավոր ապագա է, բայց վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ աշխարհում իրադարձությունները շատ արագ են զարգանում, եւ առաջիկա մի քանի տարում շատ բան կարող է որակապես փոխվել: Օրինակները բազմաթիվ են. նույնիսկ վառ երեւակայություն ունեցող մարդիկ չէին կարող 1989-90թթ.-ին պատկերացնել, որ բալթյան երկրները ոչ միայն անկախություն կստանան, այլեւ արդեն 2004-ին կդառնան ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամ: Ընդամենը երկու տարի առաջ թվում էր, թե ԱՊՀ-ի երկրների համար ապահովված է Ռուսաստանի «ռազմավարական արբանյակների» տեղը, բայց արդեն այսօր նրանցից առնվազն երեքն անվերադարձ «հեռանում են» դեպի Արեւմուտք: 

Երկրորդը Հայաստանում օրինական իշխանությունների ընտրությունը եւ վերընտրությունը ապահովող ժողովրդավարության զարգացումն է: Մեր հասարակության համար դա լուրջ փորձություն է: Ընտրական գործընթացների զարգացման վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ մենք այստեղ անընդհատ «սայթաքում ենք»:

Դա մեզ վրա շատ թանկ է նստում, քանի որ, ցածր լեգիտիմության պատճառով, իշխանությունները չեն կարող լուրջ բարեփոխումներ իրականացնել Հայաստանում եւ հստակ որոշումներ կայացնել արտաքին քաղաքականության մեջ: Այստեղից էլ ծնվում են ոչինչ չփոխելու գաղափարները, իսկ արտաքին քաղաքականության մեջ` բոլորին սիրաշահելու ձգտումը: Այստեղից ծնվում է հակամարտությունների` մինչեւ ավելի լավ ժամանակներ «սառեցնելու» գաղափարը, քանի որ թույլ իշխանությունն անկարող է դիմել զիջումների (բոլոր զիջումներն էլ հասարակության մեջ ժողովրդականություն չեն վայելում) եւ մեծապես կախված է թե՞ «ներսից», թե՞ «դրսից» եկող ճնշումներից…

Երրորդը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անվտանգության երաշխիքների ստեղծումն է£ Այստեղ շատ կարեւոր է պատրաստ լինել դիմելու փոխզիջումների: Պետք է առաջնորդվել «տարածքներ անվտանգության դիմաց՚, այլ ոչ թե ՙտարածքներ Ղարաբաղի անկախության դիմաց» սկզբունքով, քանի որ վերջինը միայն հանգեցնում է հակամարտության եւ փոխադարձ անվստահության ուժեղացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter