
Դուք հաստատ տեսնելու եք
Լուսինե Բալյան
Մայրը ողբում էր մանկան լույս աշխարհ գալը: Բոլորն ասում էին, որ թողնի նրան ու փախչի, որպեսզի գոնե ինքը փրկվի: Ամենուր խառնաշփոթ էր, իրարանցում, արյուն, փոշի: Մայրը տանջվում էր. ոչ կարող էր թողել նորածնին, ոչ գետն անցնել նրա հետ: Մայրը հեծեծում էր, որ զավակն աշխարհն այսպիսին է տեսնում:
Այս պատկերները հիշելով՝ բազմաբերդցի Ազատ Թորոսյանը մինչեւ հիմա էլ ցավից կծկվում է։ Նա իր փրկությունը հրաշք է համարում. Մայրը, հույսը Աստծո վրա դնելով, երեխային կապում է մեջքին ու անցնում գետը եւ զարմանալիորեն ողջ մնում։
Ազատ պապը պատմում է, որ Սասունից տեղահանվածները մոլորվել էին, չգիտեին՝ ուր գնալ, որտեղ է փրկության ճանապարհը: Թափառելով Արեւմտյան Հայաստանի տարածքով՝ գաղթականները հասնում են æուլֆա, որտեղ նրանց գտնում են Անդրանիկի զինվորները: Հազիվ փրկված գաղթականներին հասցնում են Գորիս:
«Այդ օրերին անօգնական գաղթականները փրկության երկու անուն ունեին՝ վերեւն Աստված, ներքեւ՝ Օզանյան Անդրանիկ». ասում է Ազատ Թորոսյանը։
1920-ական թվականներից սասունցիները ապաստանում են Արագածի փեշերին: Ազատ Պապը ասում է, թե իր ծնողները մինչեւ կյանքի վերջը հավատացած էին, որ ժամանակավոր են այստեղ ու պիտի վերդառնան ծննդավայր:
«Ծնողքս չտեսան, ես էլ դժվար տեսնեմ, բայց դուք հաստատ տեսնելու եք էն օրը, որ Սասունը նորից մերն է լինելու: Ամեն օր նայում եմ Մասիսին ու երգում. հողը մերը չէ, բայց երկինքը հո մերն է: Այնտեղ այլեւս սասունցու ոտքը յարխուշտա պարելիս գետին չի զարկվում, բայց աղոթք դարձած երգը հասնում է հայրենիքիս», - արցունքները հազիվ զսպելով՝ ասում է Ազատ պապը:
Եւ ով մեկ անգամ լսել է սասունցու երգը կամ տեսել նրա պարը, չի կարող չհավատալ Ազատ Թորոսյանի պատմածին:
Մեկնաբանել