
Վերջին հիշողները
Ստելլա Մարտիրոսյան
Երբ Անահիտ Հարությունյանն արտաբերում է «Էրգրի» անունը նրա կաթվածահար մայրը՝ Խանում Հակոբյանը, միանգամից աշխուժանում է: Արդեն 13 տարի նա ակամա դարձել է մայրիկի լեզուն ու ականջը, հիշողությունների տարեգիրը: Այսօր Թալինի շրջանի Բազմաբերդ գյուղում միայն երկու մարդ է պատմում Սասունի Արծվիկ գյուղի մասին: Խանում տատն ամենամեծն է, սակայն նա չի կարողանում խոսել:Նրա փոխարեն այսօր խոսում են բարեկամները:
Մարիամ տատը նրա հորեղբոր աղջիկն է, «Էրգրում» նրանք մեկ ջուր, մեկ հաց, մեկ տուն են ունեցել։ Նա շատ պարզ է հիշում, թե ինչպես թուրքերը եկան ու դավադրաբար սպանեցին Խանումի հորը ՝ Մկրտիչին։ Տան շեմին Չելե Յանո անունով թուրքը 7 անգամ թիկունքին կրակելով սպանեց նրան: Իսկ հետո գաղթի դժվար ճանապարհն էր: Անահիտ Հարությունյանը մոր խոսքերը մանկուց է հիշում:
- Մեր մեծերը դժվարություններ շատ են տեսել,- ասում է Անահիտը,-գաղթի ճանապարհին թուրքերը հղի կանանց էրեխեն կհանին-կգցին ճանապարհին, մորթեն-թողնեն: Նրանց ընտանիքի հինգ անդամներն էլ կենդանի են մնացել, եկել-հասել են Հայաստան: Այստեղ Թալինում Մարիամն ու Խանումը նորից հարեւաններ են դարձել:
Բազմաբերդը սասունցիների գյուղ է: Թեեւ միայն Մարիամն ու Խանումն են «էրգրի» ծնունդ, բայց նրանց բոլոր երեխաները, թոռներն ու ծոռներն իրենց սասուցի են համարում: Խանում տատի թոռը՝ 50 -ամյա Նորիկն օրինակ ամեն տարի ապրիլի 24-ին իր պարտքն է համարում համագյուղացիների հետ բարձրանալ մոտակա բարձր սարերից մեկն ու գիշերը խարույկ վառել, որ բոլորն իմանան. «Մենք հիշում ենք մեր նախնիներին»:
Իսկ ծոռն՝ 9-ամյա Աստղիկ Պետրոսյանը դեռ խարույկ չի վառել ու Երեւանի Ծիծեռնակաբերդի համալիրում էլ չի եղել, սակայն հաստատ գիտի, որ հայերի կոտորածը երբեք չի մոռացվի։
-Սա թասիբի հարց է,- ասում է Նորիկը,- հայերի ցեղասպանությունը պիտի ճանաչեն։ Պատիվը մնում է պատիվ, սակայն այսօր ցավալին այն է, որ Խանում տատի հուշերը հաստատող ոչ մի փաստաթուղթ չկա: Միակ վկան Մարիամն է: Անցնում են տարիներ, հուշերը խամրում են եւ մնում են դրանց կցկտուր պատառիկներն ու ամեն ինչ ասող մի բառ՝ «եղեռն»:
Մեկնաբանել