HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինքնության խաչը

Լուսինե Բալյան

- Ես սեւ մրջյունն եմ, դու կարմիր: Հիմա սեւերը պիտի ջարդեն կարմիրներին:
- Ես էլ եմ ուզում սեւ մրջյուն լինել:
- Չես կարող, որովհետեւ հայ ես:

Կադրիյե Բագըրջըօղլուն 7-8 տարեկան էր, երբ բակում խաղալիս թուրք ընկերուհուց իմացավ, որ ինքը հայ է: Այդ օրվանից նա ապրում է վախով, կրկնակի ինքնության տառապանքով: Թեեւ իմացել էր՝ հայ է, բայց չգիտեր՝ ինչ է հայությունը, եւ ինչու պետք է այն թաքցնել: Կադրիյեն հիշում է, որ պատանի հասակում այնպես էր ուզում թրքանալ՝ թուրքից առավել, որ որեւէ մեկը չկասկածի, թե ինքը թուրք չէ: Այսօր մեզ համար գուցե անհասկանալի, տարօրինակ են հնչում այս բառերը, բայց սա Թուրքիայում (Պատմական Հայաստան) խոնարհված, գլխիկոր ապրող հայ մարդու գոյատեւման նախապայմանն է: Այն մարդու, ում շրջապատողները հավատացրել էին, որ հայ լինելն ամոթ է:

Կադրիյեն պատմում է. «Միայն հայրս էր մեզ թեւ տալիս' ասելով, որ հայը աշխատասեր, պատվով ապրող ժողովուրդ է եղել, երբեք ոչ մեկի վատություն չի արել: Դուք խոնարհվելու պատճառ չունեք: Թեեւ չեք կարող բարձրաձայն ասել այս ամենը, բայց իմացեք եւ մի ընկճվեք: Սակայն թուքերի ու քրդերի մեջ ապրելու պարագայում, երբ ամենուրեք հակահայկական մթնոլորտ էր, իհարկե հորս ասածները քիչ էին»:

Կադրիեյի ծնողները հրաշքով փրկվել էին ֆիզիկական բնաջնջումից:

Քուրդ աղայի տղան հավանել էր նրա հորաքրոջը' Սիրանույշին, եւ ցանկություն հայտնել ամուսնանալ նրա հետ: Բայց Կադրիյեի պապը' Պարսամ աղան, մերժել էր քուրդ տղայի առաջարկությունը: 1915 թվականի ջարդերի ժամանակ, երբ հայերին տանում են Դեր Զոր, Սիրանույշին է մոտենում այդ քուրդ տղան եւ առաջարկում փրկել իրեն, եթե համաձայնի ամուսնանալ իր հետ: Հայուհին մերժում է, բայց մի փոքր մտածելուց հետո առաջակում է իր հետ փրկել նաեւ մնացածներին: Նա ասում է, որ այդ դեպքում կհամաձայնի ամուսնանալ: Քուրդ տղան Սիրանույշի հետ փրկում է նաեւ իր տոհմից տասը հոգու: Այսպիսով, արդեն անվանափոխ եւ դավանափոխ Բագըրջըօղլուների ընտանիքը հաստատվում է Ադիյաման գավառում:

Կադրիյեի ամուսինը՝ Հաջի Մեհմեդ Դեմիրջիկիլը եւս Թուքիայում ապրող դավանափոխ հայերից է:

«Արեւմտյան Հայաստանում բոլոր դավանափոխ հայերը գիտեն իրար: Որքան արհեսատվոր կա, չգրված օրենքով, բոլորը դավանափոխ հայեր են: Արհեստավորների շփումներն օգնում են մտերմանալ եւ հաճախ այնպես է լինում, որ նրանք իրենց զավակներին միմյանց հետ են ամուսնացնում: Լինում են նաեւ ծայրահեղ դեպքեր, երբ մեր գեղեցիկ աղջիկներին թուրքերը կամ քրդերն են փորձում տիրանալ: Հայերն ամեն կերպ ընդդիմանում են եւ բախումներ են լինում»,-ասում է Հաջի Մեհմեդ Դեմիրջիկիլը: Նրա հայրը 1915 թվականին Մուշում որբ մնացած հայ երեխաներից էր, ում Տիգրանակերտում որդեգրում է մի քուրդ ընտանիք: Տղան մեծանում է որպես մահմեդական: Այդ ընտանիքը, որտեղ նա մեծացել է Ղուրանի ուսուցման կենտրոն է եղել: Հաջի Մեհմեդ Դեմիրջիկիլը պատմում էր, որ հայրն այնքան վախի մեջ էր մեծացել, որ բացի վախից այլ բան չգիտեր:

Դավանափոխ հայ ամուսիների այս պատմությունը գրի ենք առել 2004 թվականի աշնանը, երբ առաջին անգամ նրանք Հայաստանում էին: 1975 թվականից ընտանիքն ապրում է Գերմանիայում: Այստեղ նրանք առաջին անգամ կարողացել են խոսել իրենց ինքնության մասին եւ ուշագրավն այն է, որ այդ հնարավորությունը նրանց ընձեռել են Գերմանիայում ապրող թուրք լրագրողներն ու գրողները, ովքեր իմացել էին, որ նրանք դավանափոխ հայեր են:

Կյանքի կեսից ավելին այս մարդիկ ապրել են թրքացած ՝ հեռու հայկականն ու հայությունը հիշեցնող ամեն ինչից: Հիմա նոր փուլ է սկսվել, նրանք հայ ինքնությունը փնտրում են իրենց զավակների մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter