HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

100-ամյա Մարիամ տատը չի հավատում արդարությանը

Անահիտ Վարդանյան

- Մի առավոտ թուրք զինվորները մեզ շրջապատեցին, նավթ լցրեցին եւ կենդանի այրեցին: Ուզում էինք փախչել, բայց ո՞ւր: Փախչողին կրակում էին,- հիշում է ցեղասպանությունը վերապրած Մարիամ տատը:

Յոթնամյա աղջկա համար անհասկանալի էր' ինչու են իրենց սպանում: Թեեւ այս հարցը շարունակում է տանջել նաեւ այսօր, երբ տարիքն առել է: Մարիամ տատի հիշողություններից չեն ջնջվել ջարդերն ու բռնությունները, ինչի հետեւանքով կորցրել է իր ընտանիքի անդամներին: Նրանց խնայելու համար թուրք հրամանատարներից մեկն առաջարկում է Մարիամի քրոջը' Սոսեին, կնության տալ իր տղային: Սակայն Գրիգորը մերժում է. «Ես իմ հայությունը չեմ փոխի, ես իմ աղջկան թուրքի չեմ տա». ասում է հայրը: Առաջարկը մերժելու պատճառով թուրք հրամանատարը սպանում է Մարիամի հորը: Հրաշքով փրկված փոքր եղբոր ու մոր հետ Մարիամը բռնում է գաղթի ճանապարհը եւ լքում հարազատ երկիրը' Սասունը:

- Դաժան գիշերներ ենք անցկացրել, անտառներով ենք փախել, ձորերում ենք քնել: Ինչ արեցին: Մուխ ու ծուխը սեւացրել էր երկինքը: Ցերեկը ասես գիշեր լիներ: Հիշում եմ կոտորելուց հետո սկսեցին թալանել: Դիակները շուռ էին տալիս, որ վզներից ու ականջներից ոսկին հանեն,-պատմում է Մարիամ տատը:

Նա դեռ հիշում է այն արյունոտ ճանապարհը, որ նրանց բերեց Մասիսից այս կողմ: Ամենուրեք հանդիպում էին թուրքական զորքեր, ովքեր չէին խնայում ոչ մեկին: Սակայն Անդրանիկի ջոկատի պաշտպանության ներքո գաղթականներին հաջողվում է անցնել Մասիսն ու կագ առնել Ղարաքիլիսայում, ներկայիս Վանաձորում: Այստեղ գաղթականներին օգնում են ամերիկյան միսիոներներն, ովքեր հատուկ գնացքով որբերին տանում են հեռավոր երկիր, ուր եւ ավարտվում են նրանց չարչարանքները: Մարիամը նրանց հետ չի գնում։ Գաղթականի կյանքը շարունակվում է: Գորիսից, Սպիտակից, Արուճից հետո նա հորեղբոր ընտանքի հետ 1920-ական թվականներին հաստատվում է Թալինի շրջանի Բազմաբերդ գյուղում: 1926-ին այս գյուղում էլ ամուսնանում է եւ աշխատանքի անցնում կոլտնտեսությունում: Անհրաժեշտ էր տուն կառուցել ու մեծացնել երեխաներին: Գիշեր ու զօր աշխատելով Մարիամը կարողանում է հաղթահարել բոլոր դժվարությունները:

Այսօր Մարիամ Ավոյանն արդեն 100 տարեկան է: Նա ունի վեց երեխա, 23 թոռ եւ 56 ծոռ: Ազատվելով թուրքերից եւ ապրելով հայերի կողքին Մարիամ տատն իրեն մխիթարված չի զգում:

- Երբ քանդվեցին մեր եկեղեցիները, ավարտվեց մեր պատարագը, երբ մեր կնունքը վերջացավ թուրքերը մեզ կոտորեցին: 30 տարի հաղորդություն չեմ ստացել: Ես ի՞նչ հայ եմ, որ թուրքին տեսնեմ կասեմ թուրք եմ,- ասում է Մարիամ տատը: Նավաղուց անօգուտ է համարում ցեղասպանության մասին խոսելը, քանի որ չի հավատում արդարության հաստատմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter