HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Թվապատում-2018»-ի թիրախն է «հասարակությունը և մեդիան»

Մեդիա և կրթություն, մեդիագրագիտություն, հանրային մեդիայի դերը և կարևորությունը, ապատեղեկատվության բացահայտում, Թավշյա հեղափոխության լուսաբանում. սրանք «Թվապատում-2018» մեդիա կոնֆերանսի հիմնական թեմաներն են:

Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC – Innovative Solutions and Technologies Center) մեկնարկել է թվով հինգերորդ «Թվապատում» մեդիա կոնֆերանսը, որը կազմակերպել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը:

«Թվապատում-2018» կոնֆերանսը հարթակ է լրագրողների, ուսանողների ու ակտիվիստների, ուսուցիչների ու դասախոսների, մեդիասպառողների համար՝ խոսելու ժամանակակից մեդիայի նոր հնարավորությունների ու մարտահրավերների, ինչպես նաև թվային իրողությունում լսարանի հետ հաղորդակցության մասին։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ «Թվապատում» շարքի ընդհանուր գաղափարը թվային միջավայրում լրագրողական պատմություններն են.

«Ամեն անգամ մենք փորձում ենք թեմատիկ թիրախ ընտրել մեր կոնֆերանսների համար: Կես տարի առաջ մենք ընտրել էինք «հասարակությունը և մեդիան» թիրախը՝ մտածելով, որ մենք ավելի շատ մեդիագրագիտության և կրթության մասին կխոսենք, բայց ապրիլ-մայիսի բոլոր իրադարձություները հանգեցրին նրան, որ մենք ընդլայնեցինք այդ թեման, և այս տարի ընդհանուր առմամբ խոսելու ենք մեդիայի և հասարակության մասին, ավելի ճիշտ՝ մարդկանց մասին»,- ասաց Նունե Սարգսյանը:

Որպես կոնֆերանսի խորհրդանիշ կազմակերպիչները ընտրել են հավատալ-չհավատալ, ստուգել-չստուգել, տարածել-չտարածել հարցերին պատասխանող երիցուկը: Միջոցառման մասին գրառումները սոցցանցերում տարածելու և փնտրելու համար կիրառվում է #Tvapatum18 հեշթեգը:

«Թվապատում-2018»-ին բանախոսներ կլինեն ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Հայաստանից:

Օտարերկրացի բանախոսների թվում են՝

Բիլ Շրիբման - WGBH TV-ի (PBS ցանցի հեռարձակող) գլխավոր պրոդյուսեր, ԱՄՆ,
Ռայհան Դեմիտրիե - BBC-ի հարավկովկասյան տարածաշրջանի թղթակից, Վրաստան,
Միխաիլ Կոզիրև - Дождь-ի պրոդյուսեր, հաղորդավար, Ռուսաստան,
Սթան վան Էնգելեն – VPRO-ի (Հոլանդիայի հանրային հեռարձակող) գլխավոր խմբագիր, Նիդերլանդներ,
Նորա Լիվե – Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թվային հաղորդակցման մասնագետ, Շվեյցարիա
Բարբարա Մաքքոմեք – Ազատության ֆորում ինստիտուտի կրթական ծրագրերի փոխնախագահ, ԱՄՆ
Ջիմ Ֆրայ – Polygraph.info-ի գլխավոր խմբագիր, ԱՄՆ
Նաթա Ձվելիշվիլի – Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի գործադիր տնօրեն, Վրաստան:

«Թվապատում-2018» մեդիա կոնֆերանսը տևելու է երկու օր՝ հունիսի 15-ին և 16-ին՝ ժամը 10:00-17:00:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter