HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Թուրքերը հային հողի համար էին սպանում

«Ես Սասունցի աղջիկ եմ»,- հպարտությամբ ասում է Սարդարապատի Արաքս գյուղում ապրող Նուրի տատը: «Ինչո՞վ են սասունցիք առանձնանում, որ էդպես հպարտությամբ ես ասում»,-հարցնում ենք մենք: «Սասունցիք ռիսկով են ու սիրուն»,-պատասխանում է նա: Նուրի տատը մեկն է ցեղասպանությունը վերապրածներից: Նա չգիտի իր իրական տարիքը, բայց ասում է, որ կոտորածը տեսել է: «Իր ծննդյան իսկական թիվը չի իմանում, ոչ էլ իր երեխաներինը: Իմ ծննդյան օրվա մասին ասում է' դու որ ծնվեցիր, էդ օրը ուժեղ քամի էր: Նրա անձնագրում գրված է 1919 թվական, բայց ինքը մեծ է, հորս ասելով, որը 1900 թվականին է ծնվել, մայրս 1912-ին կամ 1913-ին է ծնվել»,-ասում է որդին' Խաչիկը:

«Ասկյար զինվորները եկան աղբյուրից ջուր խմելու, հիշում եմ' նրանք նստել էին աղբյուրի մոտ, հանել էին իրենց գլխարկները, թաշկինակները դրել էին գլխներին, գլխարկները' վրան: æուրը խմեցին ու գնացին մեր գյուղը վառեցին: Կանանց ու երեխաներին մի տուն մտցրին, արանքները ղամիշներ կապեցին ու վառեցին, իսկ տղամարդկանց տարան անհայտ ուղղությամբ' աշխատացնելու»: 1915-ի իրադարձությունների մասին Նուրի տատը հիշում է ընդամենը այսքանը: Չորս ամիս առաջ տարած կաթվածի հետեւանքով կցկտուր է խոսում: «Ինչու՞ էին թուրքերը հայերին սպանում»,-հարցնում ենք: «Հողի համար»,-պատասխանում է Նուրի տատը: Նրա փոխարեն իրադարձությունների ընթացքը փորձում են վերականգնել զավակները:

«Հայրս' Ազիզը, միշտ մեզ պատմում էր կոտորածից,-ասում է Խաչիկը,- պատմում էր, թե ինչպես են թուրքերն այրել հայերին իր ծննդավայր Շլմո գյուղում' ամբարներից հանել են ցորենն ու գարին, տվել իրենց ձիերին, իսկ հայերին լցրել են ամբարներն ու այրել: Նա ասում էր' այնպիսի ծուխ էր բարձրացել, որ անգամ շներն էին փախչում»:

15-ամյա Ազիզ Խուդոյանը (Ավետիսյան) կոտորածից փրկվել է քրդական անվան եւ քուրդ հարեւանների շնորհիվ: «Հայրս պատմում էր, որ մինչեւ 12-13 տարեկանը աղջկա շորերով է ման եկել, որ չիմանան տղա է: Թուրքերի սրից իրենց երեխաներին փրկելու համար հայ ծնողները երեխաներին ծառայության էին տալիս քրդերին: Տղաները քրդերի տներում աշխատում էին կամ իբրեւ ծառայողներ, կամ նախրապաններ, գառնարածներ: Հայրս 1915 թվականի կոտորածից փրկվել է, որովհետեւ քրդերի մոտ է եղել: Նա ասում էր, որ քրդերի մեջ կային նաեւ լավ, խղճով մարդիկ, որոնք ափսոսում էին հայ երեխաներին»,-հոր պատմածները վերհիշում է Խաչիկը:

Ազիզի երեք քույրերից մեկը' Մանուշակը, 1915-ի ջարդերի ժամանակ անհայտ կորել է: «Հայրս մինչեւ կյանքի վերջը փնտրեց նրան Թուրքիայում ապրող իր ընկերոջ միջոցով, բայց չգտավ: Մյուս քրոջը, որը 3 տարեկան էր, գյուղ ներխուժած թուրքերը ձիու ոտքերի տակ են գցել եւ սպանել: Ինքը թաքնված տեսել է դա: Երրորդ հորաքույրս, որ հարեւան գյուղում է ապրել, փրկվել է եւ մինչեւ մահը' 1964 թվականը, ապրեց Թուրքիայում»,-պատմում է Նուրիի դուստրը' Մանուշակը:

12 տարեկանում Սասունի գավառի Շլմո գյուղում Նուրին ամուսնացել է Ազիզի հետ: «Շուտ են ամուսնացրել, որպեսզի քուրդերը չփախցնեն բռնի կարգով ամուսնացնեն»,-ասում է աղջիկը: Ոչ եկեղեցի են գնացել, ոչ էլ հարսանեկան զգեստներ հագել: «Գյուղում տերտեր չէր մնացել, բոլորը փախել էին,-ասում է Նուրի տատը,-Դպրոց էլ չկար, որ հայերեն սովորեինք, մենք քրդերեն Ղուրան էինք կարդում, վախենում էինք հայերեն խոսել»: «Հայերեն աղոթք գիտե՞ս»,-հարցնում ենք մենք: «Հա, «Հայր մերը», ծնողներս են սովորեցրել»,-ասում է նա:

Ցեղասպանությունից հետո Խուդոյան ընտանիքը շարունակել է ապրել Շլմոյում: «Հայրս արհեստավոր է եղել' ղլեչի, այսինքն' ամանեղեն սպիտակեցնող: Գյուղից գյուղ շրջել է, քրդերի, թուրքերի ամաններն է սպիտակեցրել, դրա համար էլ իրեն ձեռք չեն տվել»,- ասում է Խաչիկը:

1941-ին Ազիզ Խուդոյանին ծառայության են տարել թուրքական բանակ: «Ամուսնուս երեք տարի չէին թողնում բանակից գա: Տեղն էլ չգիտեինք»,-ասում է Նուրի տատը: «Մայրս ու հորաքույրս գնացել են բողոքել, արխիվներից պարզել են, թե որտեղ է ծառայում հայրս: Մի քանի օրով ուղարկել են տուն, 4-5 օր մնացել է եւ որոշել են փախչել Սիրիա: Եղբայրս է եղել 3 տարեկան, հայրս ու մայրս: Գիշերով լամպը վառ են թողել, իբր թե տանն են, վերցրել են իրենց շորերը ու էշով գնացել: Երկու խուրջին են վերցրել, մեկի մեջ եղբորս են նստացրել, մյուսի մեջ' հաց ու ջուր, ու փախել: Սահմանը անցկացրել են քարավաններն առաջնորդող մարդիկ, որոնք այդ ժամանակ փողով հայերին տեղափոխում էին տարբեր երկրներ»,-շարունակում է աղջիկը:

Սիրիայում Խուդոյանները մնացել են մինչեւ 1947 թվականը: «Սիրիայում մեզ ապագա չէր սպասվում, եւ 1947-ին հայրենադարձեցինք Հայաստան: Սկզբում եկանք Կարմիրի շրջան, Արծվաշեն գյուղ: Սով էր, հայրենադարձության հարցերը կարգավորող կազմկոմիտեն մեզ տեղափոխեց Վեդի, որտեղ ադրբեջանցիները շատ էին: 51-52 թվականներին կառավարության որոշումով ադրբեջանցիներին ամբողջությամբ տեղահան արեցին, նրանք գնացին Ադրբեջան, ու էդ տները տվեցին հայերին: Գաղթական հայեր շատ կային' լիբանանահայեր, հունահայեր, կանադահայեր:1953-ին դարձյալ սովի պատճառով տեղափոխվեցինք Սարդարապատ: Մեզ ասացին, որ սա բանվորական գյուղ է եւ հաց են տալիս»,- պատմում է Խաչիկը:

«Սարդարապատում էլի գաղթական ընտանիքներ կային: Հայրս հաճախ էր հավաքում նրանց, նստում էին օդայում եւ սկսում հիշել իրենց գլխով անցածը, մենք էլ լսում էինք»,- հիշում է Խաչիկը:

Հրաժեշտից առաջ Նուրի տատիկին հարցնում ենք. «Հիմա որ հայ-թուրքական սահմանը բացեն, կգնա՞ս հայրենի գյուղդ տեսնես, կարոտդ առնես, բարեկամներիդ գտնես»: «Չէ, գնամ ի՞նչ անեմ»,-պատասխանում է նա:

«Հայրս ասում էր' միայն էն ժամանակ կգնամ Թուրքիա, երբ մի հատ տանկ տան, Խաչիկին նստացնեմ տանկիս վրա, մտնեմ գյուղե-գյուղ ու կրակահերթ բացեմ»- ասում է դուստրը:

Լուս' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter