HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Ստեփանյան

Կոնդը հին Երեւանի վերջին թաղամասն է

ՀՀ Կառավարության 2002թ.-ի օգոստոսի 1-ի N 1151-Ն «Երեւանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» որոշումից հետո Կենտրոնի շատ թաղամասերի բնակիչներ սկսեցին անհանգստանալ: Այդ որոշմամբ հաստատվեցին «...պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օտարման գոտիները' 345.000 քմ ընդհանուր մակերեսով»: Հիշյալ որոշմամբ իրացվող գոտիներ էին ճանաչվել Երեւանի Մաշտոցի պողոտայի, Ամիրյան եւ Սարյան փողոցների միջեւ ընկած 71.700 քառ. մետր տարածքը, 33-րդ թաղամասը, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից մասը, Կոնդը եւ Երեւանի գինու գործարանի հարակից տարածքը:

Այստեղ ապրողներից ոչ մեկին պետությունը բնակարան չառաջարկեց նորակառույց Հյուսիսային պողոտայում կառուցվող էլիտար շենքերում:

Հյուսիսային պողոտայի «զոհերի» նախկին ցասումնալից բողոքը վերածվել է մարմրող կրակի, որը ժամանակ առ ժամանակ առկայծում է: Բնակիչները պարբերաբար քաղաքապետարանի, կառավարության առջեւ բողոքի ցույց են կազմակերպում: Դժգոհելով փոխհատուցված գումարների չափից՝ նրանք պահանջում են հավելավճար, ինչպես նաեւ' ստացված փոխհատուցումից պետբյուջե գանձված 10 տոկոսների վերադարձը, որը կազմում է 1,7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Թե ինչ լուծումներ կտրվեն բարձրացված հարցերին, եւ կամ' առհասարակ քննության կառնվի՞ խնդիրը, դժվար է պատասխանել:

Հյուսիսային պողոտայի այս ծանր նախադեպը դեռեւս 2004թ. աշնանը տներից հանել եւ քաղաքապետարան էր բերել տասնյակ կոնդեցիների: Կոնդի բնակիչների մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչների քաղաքապետը ուշադիր լսել եւ ապա խոստացել է. «Մինչեւ վերջին կոնդեցու հարցը չուսումնասիրվի, չքննարկվի, թաղամասի իրացման աշխատանքները չեն սկսվի»:
Կոնդը' պատմամշակութային հուշարձան

Տասնիներորդ դարի վաթսունականներին Երեւան այցելած հյուրերից մեկը այսպես է նկարագրել քաղաքը. «Տիպիկ ասիական փոքրիկ քաղաք' նեղ, ծուռումուռ փողոցներով, կավից ու մանր քարերից կառուցված պարսպապատ տնակներով»:

Այդ ժամանակների Երեւանն ունեցել է 7 թաղ՝ Հին թաղ կամ Շհար (քաղաքի կենտրոն), Շեն թաղ, Ձորագյուղ, Կոնդ կամ Թափաբաշ, որի մասն էին կազմում Ծիրանի թաղը եւ Նոր թաղը, եւ որտեղ ապրում էին Ատրպատականից գաղթած հայերը: Երեւանի հին թաղերի փողոցներն ունեցել են 3-4 ոտնաչափ լայնություն, երկու կողմերում' ոռոգման առուներ:

Հին քաղաքի միջավայրն այսօր պահպանվել է միայն Կոնդում:

Թաղամասի իրացումը, ոմանց կարծիքով, ենթադրում է կենտրոնի այդ հատվածի ճարտարապետական նոր հանդերձանք՝ թերեւս պատմական միջավայրի ոչնչացման գնով: Սոցիալական առումով այն արդեն վերածվում է գրեթե անլուծելի խնդրի: Կոնդեցիներից շատերն անձամբ մինչեւ հոգու խորքը «կշտացել» են իրենց խարխուլ տներից: Նրանց երազանքն է, թեկուզ քաղաքի ծայրամասում, բնակարանամուտ նշել: Այդ մասին նրանց տարիներ շարունակ խոստումներ են տրվել:

Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Տիրայրը, որը ծագումով կոնդեցի է, մի քանի ուշագրավ փաստեր ներկայացրեց: 1710 թվականին կառուցված Կոնդի ս. Հովհաննես եկեղեցին մինչ օրս սպասարկում է 18-րդ դարում արդեն հայտնի թաղամասի հավատացյալներին: Տարիների ընթացքում նոր ընտանիքներ են ստեղծվել, եւ թաղամասի բնակչությունն աճել է: Կոնդի բարձունքում երբեմն տունը տան վրա են կառուցել' առանց կոմունալ հարմարությունների: Քահանան էլ է ապրում առանց կենցաղային նորմալ պայմանների: Նա ասում է, որ իրենք հոգնել են քարուքանդ տներում ապրելուց: Տեր Տիրայրը կողմ է, որ տարածքն իրացվի, սակայն պայմանով, որպեսզի տեղում եվրոպական մոդեռն ոճով կառույցներ չխոյանան: «Խորհրդային կարգերի ժամանակ էլ,-վերհիշում է քահանան,-պաշտոնյաները խուսափում էին Կոնդ մտնել, որովհետեւ հենց մտնում էին, ժողովուրդը վրա էր տալիս. «Ինչու՞ մենք պետք է այսպես ապրենք, իսկ դուք' շքեղ բնակարաններում»:

Այնուամենայնիվ, ընդունելով, որ փորձում են լուծել խնդիրը, 1984-85թթ.-ին հայտարարվում է Կոնդի վերակառուցման ճարտարապետական նախագծերի մրցույթ: ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, զրուցելով մրցույթին մասնակցող ճարտարապետներից մեկի հետ, հարցնում է. «Դուք եղե՞լ եք Փարիզում, տեսե՞լ եք Մոնմարտրը: Ես ուզում եմ, որ Կոնդը դառնա Երեւանի Մոնմարտրը»: Այդ ճարտարապետը մրցույթում հաղթող ճանաչված Արշավիր Աղեկյանն է եղել, ում հետ մեզ հաջողվեց հանդիպել եւ հարցուփորձ անել ճարտարապետական նախագծի մասին:

«Նախագիծը ոչ թե կապիտալ շինարարություն էր, այլ թաղամասի վերակառուցում' հնի եւ նորի համադրությամբ քաղաքաշինական միջավայրի ձեւավորում: Պետք է կառուցվեին բնակելի թաղամասեր, առեւտրի եւ սպասարկման օբյեկտներ, մի խոսքով' արեւելյան գեղեցիկ թաղամաս»,- պատմում է ճարտարապետը: Ըստ Աղեկյանի նախագծի' պետք է լինեին քարից պատրաստված գեղեցիկ աստիճաններ, որոնց յուրաքանչյուր հարթակի վրա պետք է կառուցվեր քարե առանձնատուն: Ներքեւից նայողին պետք է թվար, որ կրկին տունը տան վրա է կառուցվել, սակայն դա միայն առաջին տպավորությունն էր լինելու, ինչը կրկին փաստում է, որ այդ ծրագիրը պահպանելու էր Կոնդի պատմական կոլորիտը: Պրն Աղեկյանը դառնությամբ խոստովանեց, որ իր գործընկերների «ջանքերով» անխնա ոչնչացվել են քաղաքի պատմական միջավայրը ձեւավորող հուշարձան-շենքերը: Կոնդը, ըստ ճարտարապետի, չունի պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձաններ, շենքեր, սակայն անաղարտությամբ միակ թաղամասն է, որը պահպանել է պատմական կոլորիտը, ուստի վերակառուցումն էլ այդ սկզբունքով պետք է կատարվի: Իսկ եթե կառուցապատումն այնպես իրականացվի, ինչպես եղավ Հյուսիսային պողոտայի պարագայում, հին Երեւանից այլեւս ոչինչ չի մնա, եւ Կենտրոնում վեր կխոյանա խիտ կառուցապատված, հերթական «ննջարանային» թաղամասը:
Թաղամասի իրացումը դեռեւս չի սկսվել, սակայն խնդիրներն արդեն ծագել են

Կառուցապատման ծրագրի մանրամասներին տեղյակ են միայն «վերեւներում»: Կոնդեցիները վստահություն չունեն կառավարության նկատմամբ: Նրանք վախենում են, որ կրկնվելու է Հյուսիսային պողոտայի նախադեպը. խորհրդանշական գումարների դիմաց կօտարվեն տարածքները, եւ իրենք կհայտնվեն խաղից դուրս վիճակում՝ օտարները կգան տնօրինելու իրենց պապական հողերը: Բնակիչների անհանգստությունը հիմքեր ունի. դեռեւս խորհրդային ժամանակներից պետությունը փորձել է բարելավել նրանց բնակարանային պայմանները. մոտավորապես 500 ընտանիք բազմաբնակարան շենքերում նոր բնակարաններ է ստացել: Սակայն տեղափոխված բնակչի տարածքն անմիջապես զբաղեցրել է բարեկամը կամ հարեւանը: Կոնդեցիների մի մասը, որոնց ապուպապերն ապրել են այդ թաղամասում, չունեն անշարժ գույքի սեփականության վկայականներ. ասել է թե՝ սեփականատերեր չեն, իսկ մի մասն էլ, որը համեմատաբար վերջերս է բնակություն հաստատել Կոնդում, տիրապետելով գործարքների արվեստին՝ ձեռք է բերել վկայական, ուստի տարածքն իրացնելիս կփոխհատուցվի այլ, ավելի շահավետ սկզբունքով:

Ութսունամյա Վանիկ քեռու տունն արդեն մեկ անգամ իրացվել է, երբ Դվին հյուրանոցն են սկսել կառուցել: Սակայն բնիկ կոնդեցին չի ստացել համարժեք փոխհատուցում, տեղափոխվել է եկեղեցու մոտ գտնվող նոր հողատարածք ու կառուցել է նոր տուն: Հիմա էլ այս տունը պիտի քանդեն: Քեռի Վանիկը վճռական է տրամադրված՝ կացնահարելու է առաջին տուն մտնողին:

Ռուսթավելի 32 նրբանցքի տներից մեկում տասնհինգ տարի առաջ հարս եկած կնոջը մինչեւ օրս չեն գրանցում: Նույն նրբանցքում զինվորական ծառայությունից վերադարձած երիտասարդին չեն հաշվառում բնակտարածքում, որտեղից մեկնել է:

Կոնդեցիները պատմում են, որ նախկինում Սպանդարյան շրջգործկոմը իրենց հետ պայմանագրեր է կնքել, ըստ որոնց եթե սեփականատերը համաձայն չէր սպասել իրացվող տարածքից բնակարան ստանալու համար, ապա նրան այլ թաղամասերում էին բնակարան հատկացնում: Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ոչ առեւտրային կազմակերպության թիվ 1 իրացման բաժնի պետ Վանիկ Միրիբյանը հայտնեց, որ այդ պայմանագրերը կորցրել են իրենց ուժը, քանի որ Կենտրոն թաղապետարանը Սպանդարյան շրջգործկոմի իրավահաջորդը չէ: Պրն Միրիբյանը չբացառեց սակայն, որ հնարավոր է այդ փաստաթղթերում եղած որոշ կետերի հետ իշխանությունները հաշվի նստեն: Նա ասաց նաեւ, որ թաղամասի բնակիչներին, ովքեր ազատել են տարածքները, արդեն տրվել են փոխհատուցումներ կառավարության 25.10.2000թ. թիվ 683 որոշման համաձայն: Հիշյալ որոշմամբ Երեւանում 1988-91թթ.-ին «Պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու կապակցությամբ» բնակտարածքից զրկված 171 ընտանիքի բնակարանների շուկայական միջինացված արժեքով 2003-2004 թվականների ընթացքում տրվել է դրամական փոխհատուցում' 2 միլիոն վաթսուն հազար ԱՄՆ դոլարի չափով:

Քաղաքապետարանում գործող «Իրացման խորհուրդը» պարզել է, որ Կադաստրի վարչություն դիմած քաղաքացիների հարյուր տարվա սեփականությունը պետական գրանցում չի ստացել. սեփականատերերից հավաքվել են տների հատակագծերը, մեկին թույլատրվել է տարածքն իրացնելով առանձնատուն կառուցել, իսկ մյուսներին արգելվել է:

Այս խնդիրները առ այսօր պարզված չեն, փոխարենը կա կառավարության նոր՝ թիվ 57 որոշումը, որով ավելի է կոշտացվել իրացման կարգը. «Եթե անշարժ գույքի եւ հողամասի սեփականատերը, ինքնակամ կառույցներում հաշվառված (գրանցված) անձինք եւ նրանց անչափահաս երեխաներն օտարման առաջարկությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում չեն ազատում իրացման ենթակա տարածքը, ապա սույն կարգի 8-րդ կետով սահմանված խրախուսումը չի իրականացվում»: Իսկ խրախուսական գումարներն ամենեւին էլ խորհրդանշական չեն. 8-րդ կետի «բ» ենթակետի համաձայն' «Եթե անշարժ գույքի եւ հողամասի շուկայական արժեքը կազմել է 3501 -5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ապա խրախուսման գումարը կազմում է շուկայական արժեքի 100 տոկոսը»:

Իրացվող տարածքների բնակչության հիմնախնդիրները լուծելու փոխարեն կառավարությունն առայժմ տրամագծորեն հակառակ քայլեր է անում սեփական ժողովրդին ահ ու սարսափի մեջ պահելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter