HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկվեցին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ և Լևոն Սարգսյանները

ԳԱԼԱ խմբակցությունն անցած շաբաթ ավագանու իրավական հարցերի հանձնաժողով էր ներկայացրել Գյումրու պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացած նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, վերջինիս եղբորը՝ Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանին եւ ԱԱԾ նախկին ղեկավար Գորիկ Հակոբյանին այդ կոչումից զրկելու նախագիծ: Դրական եզրակացություն ստանալով՝ նախագիծն ընդգրկվել էր այսօր կայացած ավագանու նիստի օրակարգում:

Նախքան նիստը սկսելը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ առաջարկված թեկնածուներից ինքը դեմ է միայն Գորիկ Հակոբյանին կոչումից զրկելու առաջարկին՝ համարելով, որ մահացած մարդու հետ նման կերպ վարվելը տգեղ է: Դրան ի պատասխան, ԳԱԼԱ խմբակցության անդամ Լեւոն Բարսեղյանը հավաստիացրեց, որ եթե հնարավոր է անձին հետմահու կոչում շնորհել, նույն հաջողությամբ էլ կարելի է հետմահու զրկել կոչումից:

Ռոբերտ Քոչարյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհվել է 2002թ-ին՝ «Լինսի» հիմնադրամով իրականացրած բնակարանաշինության համար: Գորիկ Հակոբյանին եւ Սերժ Սարգսյանին կոչումներ շնորհվել են 2006թ-ին: Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարն էր, իսկ Գորիկ Հակոբյանի միակ առավելությունը կոչումը շնորհելու պահին՝ ծագումով գյումրեցի լինելն էր: Նշված երեք անձինք Գյումրու պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացել են նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ղեկավարման տարիներին: Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացնելու առաջարկը ավագանու քննարկմանը ներկայացրել է ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանը 2016թ-ի օգոստոսին՝ ՏԻՄ ընտրություններից առաջ: Ավագանու 22 անդամներից այն ժամանակ կողմ էր քվերակել 21-ը, դեմ՝ միայն Լեւոն Բարսեղյանը:

Ըստ ԳԱԼԱ խմբակցության անդամների`  նշված անձինք իրենց գործունեությամբ որեւէ էական ծառայություն չեն մատուցել Գյումրուն եւ նրանց պատվավոր քաղաքացու կոչում տալն ընդամենը քաղաքական որոշումներ են: Կոչումներ պետք է շնորհել այն անձանց, որոնք իրենց գործունեությամբ նպաստել են քաղաքի բարգավաճմանը:

Ավագանու նիստին ներկա անդամները կողմ քվեարկեցին միայն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու օգտին: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը վաղօրոք էր հայտարարել, որ չի մասնակցելու քվեարկությանը, իսկ «Բալասանյան» դաշինքի ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը մինչեւ քննարկումը շեշտեց, որ դաշինքը չունի միանձնյա որոշում, եւ բոլորը ազատ են քվեարկելու ինչպես իրենց խիղճը կթելադրի: Ինչ վերաբերում է Գորիկ Հակոբյանին կոչումից զրկելու առաջարկին, ապա 7 կողմ, 8 դեմ, 6 ձեռնպահ ձայնով նախագիծը չընդունվեց: Ի դեպ, այս նախագծի քննարկմանը մասնակցեց նաեւ քաղաքապետը՝ դեմ քվեարկելով: Լեւոն Բարսեղյանը խոստացավ հաջորդ ավագանու նիստին կրկին օրակարգ մտցնել այս հարցը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն առաջարկեց հստակեցնել պատվավոր քաղաքացու կոչում տալու հետ կապված չափորոշիչները, որպեսզի հետագայում այլեւս չլինեն նման նախադեպեր: Ընդհանուր բնորոշումը, որ պատվավոր քաղաքացու կոչման կարող են արժանանալ այն քաղաքացիները, որոնք իրենց անբասիր, երկարամյա աշխատանքով, մեծ վաստակով նպաստել են համայնքի զարգացմանը, հնարավորություն է ընձեռում ցանկացածի թեկնածությունն առաջադրելու:

Գյումրու պատվավոր քաղաքացու կոչմանը նախկինում արժանացել էր 61 հոգի: Ավագանու այսօրվա որոշմամբ ցուցակը պակասեց երեքով:

Մեկնաբանություններ (1)

elya
Դրանք Հայաստանում տեղ չունեն,հայաստանի քաղաքացի կոչվելու իրավունք չունեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter