HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Կենտրոնական բանկը պարտվել է գործարար համբավի պաշտպանության պահանջով դատական գործում

Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ, մայիսի 5-ին հաստատեց, որ պետական մարմինները չեն կարող գործարար համբավ ունենալ, հետեւաբար` դրա պաշտպանությանը հետամուտ լինել:  

2017թ. հունվարի 1-ին Կենտրոնական բանկը գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ քաղաքացի Սամվել Սահակյանի առ այն, որ նա 2016 թվականի դեկտեմբերի 21-ից սկսած մի շարք լրատվության և սոցիալական ցանցերի միջոցով տարածված հայտարարություններով (գրառումներով, պնդումներով) «ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի գործարար համբավն արատավորող, իրականությանը չհամապատասխանող, բացահայտ սուտ տեղեկություններ, տվյալներ»:

Բանկի թվարկած լրատվամիջոցների շարքում էր նաեւ «Հետքը», որը դեռեւս 2016-ին պատմել էր Սահակյան-ԿԲ վեճի մասին:

Մասնավորապես, ԿԲ-ն զրպարտչական բնույթի հայտարարություններ էր համարել հոդվածում տեղ գտած հետեւյալ արտահայտությունները, որոնց հեղինակը քաղաքացին էր.

«Հավանաբար, ուզում են ինձ ահաբեկել` իբրև թե ես վատ բան եմ արել թուղթ տանելով ԿԲ, և ԿԲ-ն շահագրգիռ է դրանում ու դրա համար էլ տրամադրել է իրեն: Կամ մյուս տարբերակը` ԿԲ-ն որպեսզի թուղթ մուտքագրողին իդենտիֆիկացնի, լուսանկարներն ուղարկել է իրեն, նա էլ, չհասկանալով, որ դրանով մատնում է իր տանիքին` ԿԲ-ին».
«...ԿԲ-ն հնարավորություն է տալիս ինչ-որ անհատների, որպեսզի նրանք իր նկատմամբ ռեկետ անեն».
«Ես երկու կողմերին` իմ գնահատականով` համահանցակից, հայտնել եմ, որ ԶԼՄ-ներով տարածելու եմ այս եղելությունը, դրանից հետո դիմել եմ իրավապահներին»:

Թեեւ ԿԲ փաստաբանները Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով սահմանված պահանջները խախտելու փաստերի վերաբերյալ հիմնավորումներ են ներկայացրել դատարան, իսկ պատասխանող Սամվել Սահակյանի փաստաբաններն առարկել են` նշելով, որ դրանք գնահատողական դատողություններ են, եւ այդտեղ առկա է հանրային գերակա շահ, դատարանն այդ հանգամանքները չի քննել եւ հայցը մերժել է:

Դատարանը համարել է, որ Կենտրոնական բանկը չի կարող համարվել «անձ» Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի իմաստով, ուստիև` լինել խախտված քաղաքացիական նշված իրավունքն ունեցող անձ: «Հետևաբար, նման պայմաններում դատարանը գտնում է, որ հայցն այդ հիմքով ենթակա է մերժման»,- նշված է դատավոր Գ. Թորոսյանի որոշման մեջ:

Հայցվոր Կենտրոնական բանկից հօգուտ պատասխանող Սամվել Սահակյանի դատարանը բռնագանձել է 100,000 դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Նշենք, որ նմանատիպ հայցապահանջով դեռեւս 2008-ին ընդդեմ «Հետքի» դատարան էր դիմել Իջեւանի քաղաքապետարանը` պահանջելով հերքել քաղաքապետարանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող տեղեկությունը եւ հատուցել վնասը: Եվ ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերադաս դատարանները հաստատել էին, որ պետական մարմինը գործարար համբավ չի կարող ունենալ, հետեւաբար պատշաճ հայցվոր չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter