HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կուզե՞ք երգեմ»

Լուսինե Բալյան

«Ես հո մուրացկան չեմ, որ ինձ վատ վերաբերվեն: Ոչ ոք ինձ թեք չի նայում, անգամ չեմ ուզում մտածել, որ մեկը կարող է սխալ ընկալել իմ աշխատանքը: Ձեզ մի օրինակ բերեմ. նույն պայմաններում երկու բույս են աճում, նրանց տրված է հավասար ջերմություն, լույս, խոնավություն եւ այլն: Միայն մի տարբերությամբ, որ մեկը երաժշտության ներքո է աճում: Փորձը ցույց է տվել, որ այդ բույսն աճել է անհամեմատ ավելի արագ, ավելի փարթամ: Կենդանական աշխարհն էլ է սիրում երաժշտություն: Բոլորն են ձգվում դեպի երաժշտությունը. դրա մեջ Աստվածային բան կա: Դե պատկերացրեք, մեկը ով չի սիրում երաժշտություն, ինչքան անասնական պիտի լինի»:

Հիսունհինգամյա Քաջիկ Հայրապետյանը մեր քաղաքի շրջիկ երաժիշտներից է: Դժվար է նրան չտարբերել մյուսներից. Քաջիկ Հայրապետյանը ունի իր խիստ սկզբունքային երգացանկը՝ միայն հայկական ժողովրդական եւ աշուղական երգեր է կատարում:

«Իմ նպատակը փող աշխատելը չէ: Ես ուզում եմ հայկական երգը ճշգրիտ հնչողությամբ հնչեցնել: Իմ սիրտը ճաքում է, որ մեր երիտասարդները էսքան գիր ու գրականությունից հեռու են: Իմ վրա վատ է անդրադառնում, որ մեր երիտասարդները մեր ազգայինը թողած պարսկական, արաբական, թուրքական երաժշտություն են լսում: Իսկ օտարները մեր Սայաթ - Նովան լսելիս խենթանում են: Գրպանում փող չեն թողում, տալիս են ինձ, ասում են՝ էլի երգի, էլի երգի: Երեկ 14-15 տարեկան մի երիտասարդ եկավ: Շերամ էի երգում, մի քիչ այն կողմ կանգնեց ու ժամից ավելի լսում էր: Հետո մոտեցավ, հարցրեց. «Սա նոր ստեղծագործություն է»: Ես էլ կատակով ասեցի' ամենանոր երգերից է: Բայց տեսնելով նրա անկեղծ հետաքրքրությունը' ասեցի' բալիկ ջան, սա Շերամ է»:

Քաջիկ Հայրապետյանը Կապանից է, Երեւանում մենակ է ապրում: Մտածում է ընտանիքը քաղաք բերելու մասին:

«13 տարեկան տղաս մահացավ: Շատ տաղանդավոր երեխա էր: Նրանից հետո ինձ համար աշխարհը հավասար դարձավ, ամեն ինչ կորցրեց իր իմաստը: Երեխայիս չհասցրեցի իր նպատակին: Ուզում եմ գոնե ինքս ինչ-որ բան արած լինեմ, հայկական երգը տարածեմ, որ հայ երիտասարդի ականջին խորթ չդառնա ազգային երաժշտությունը: Համերգների կարող է չգնալ նա, բայց փողոցում ակամայից է ունկնդիր կդառնա»:

Իր կատարած աշխատանքը մեծ կարորություն ունի Քաջիկ Հայրապետյանի համար: Թեեւ իր գործի տերն ու տնօրենը ինքն է, բայց ունի սահմանած հստակ ժամեր, որից դուրս չի աշխատում:

«Վաղ առավոտյան չես երգի' եւ ձայնի համար է վնաս, եւ անցորդներին հաճելի չէ: Ամենահարմար ժամը կեսօրին՝ 2-5-ն է: Փողոցը ինձ համար առիթ է նաեւ շփվելու մարդկանց հետ: Աստեղից ամեն ինչ է երեւում: Տարբեր տրամադրության ու բնավորության մարդկանց եմ հանդիպում, բայց հիմնականում մեր քաղաքի մարդիկ շատ բարի են: Բոլորը գնահատում են իմ արվեստը, շատ հադիսատեսներ ունեմ: Գուցե ոմանք մտածեն, որ հեշտ գործ է, բայց իմ կարծիքով շատ պատասխանատու է: Ես աշխատում եմ եւ աշխատանքս նպատակ ունի, իսկ ոմանք որոշակի գումարով գնահատում են իմ կատարած գործը»:

Մենք առաջինը չէինք, որ Քաջիկ Հայրապետյանին երաժշտական կրթություն ունենալու մասին հարցրեցինք: Նա նվագում է մի քանի գործիք, կարողանում է անգամ գործիքավորել ստեղծագործություններ: Բայց ոչ երաժշտական կրթություն ունի, ոչ էլ նոտա գիտի:

«Դպրոցական էի, հայրս քրոջս համար ակորդեոն առավ: Հենց գործիքը մտավ տուն, ես կարծես շեղվեցի: Ամեն անգամ բոլորից թաքուն բացում էի, նայում, ուսումնասիրում: Մայրս մի անգամ տեսավ եւ ասեց, որ դա իմը չէ, դա Լարիսայինն է: Բայց իմ մտքից դուրս չէր գալիս գործիքը, ամեն ինչ աչքիցս թռչում էր: Ինձ ասում էին, որ ես չեմ կարող նվագել, որովհետեւ չեմ սովորել, կփչացնեմ: Թաքուն-թաքուն վերցնելով՝ մի օր էլ մերոնք տեսան, որ լավ նվագում եմ: Բայց իմ դժբախտությունը հենց այստեղ էր, որ ես թաքուն էի սովորել ու թաքուն էի պահում: Իմ երաժշտական կրթություն ստանալու ցանկությունը, երաժիշտ դառնալու երազանքս թաքուն մնաց բոլորի համար: Կրթություն չունենալու պատճառով երաժշտության ասպարեզում գործ չեմ կարող անել»:

Ինչպես յուրաքանչյուր արվեստագետ Քաջիկ Հայրապետյանը եւս իր արվեստը ցուցադրելու նախընտրած վայրերն ունի: Ըստ նրա տեղի ընտրությունը կապված է նաեւ մասնագիտական որոշ խնդիրների հետ:
«Սիրում եմ վերնիսաժում երգել: Սփյուռքահայերն ու օտարերկրացիները հետաքրքրությամբ են լսում, բայց հիմա էլ չեն թողնում այնտեղ երգել: Եթե պետք է խնայել ձայնս, երգում եմ մետրոյի անցումներում, ռեզոնանս կա այստեղ. ցածր երգելու դեպքում էլ անգամ լսվում է»:

Մեր զրույցի ընթացքում շրջիկ երաժիշտը մի քանի անգամ նշեց, որ աշուղական երգի անսամբլ ունի Երեւանում, որ ինքն է ստեղծել այն, որ համերգների են պատրաստվում: Երբ փորձեցինք մի փոքր ավելին իմանալ անսամբլի մասին, հասկացանք, որ դա Քաջիկ Հայրապետյանի ուղեղային մորմոքն է, իրականությունից անդին՝ անէական կյանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter