HY RU EN

Գրիշա Բալասանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը 4 ամիս ծնողներից նվեր է ստացել

Էդուարդ Աղաջանյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել այս տարվա մայիսի 10-ին: Մինչ այդ, նա աշխատել է HSBC բանկի Ռիսկերի կառավարման բաժնում` որպես ժամկետանց պարտավորությունների հավաքագրման բաժնի գործակալ: 2014-2017թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ:

Է. Աղաջանյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիր:

Ըստ այդ հայտարարագրի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, որպես եկամուտ, ստացել է 1 մլն 504 հազար դրամ, որից 800 հազար դրամը եղել է նվիրատվություն, իսկ մնացածը՝ աշխատավարձ և այլ եկամուտ:

Աղաջանյանն իր հաշվին ունեցել է ընդամենը 1 մլն դրամ և 1115 եվրո: Նա 137 եվրո էլ հանձնել է որպես փոխառություն:

Հայտարարագրի համաձայն՝ Էդուարդ Աղաջանյանը տուն չունի: Որպես անշարժ գույք` հայտարարագրել է մեկ միավոր հողամաս: Իսկ որպես շարժական գույք՝ նշել է երկու ավտոմեքենա՝ «NISSAN X-TRAIL 2.5 I» և «MAZDA DEMIO 1.3»

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ունի նաև բաժնեմաս՝ 5000 դրամ արժեքով:

Էդուարդ Աղաջանյանը «Հետք»-ին պարզաբանեց, որ իր բաժնեմասը «Էքսիփէդ» ՍՊԸ-ում է, որը հանձնել է հավատարմագրային կառավարման: Ըստ Աղաջանյանի՝ ՍՊԸ-ն ստեղծման օրվանից գործունեություն չի ծավալել:

Ինչ վերաբերում է 800 000 դրամ նվիրատվությանը, այն ստացել է ծնողներից՝ 4 ամսվա ընթացքում՝ ամսական 200 000 դրամի չափով: