HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմից՝ ծերանոց

Անահիտ Վարդանյան

«Սովորական օր էր: Մենք նորից աշխատում էինք, օգնություն էինք ցույց տալիս հիվանդներին, երբ հանկարծ մեզ ասացին, որ պատերազմը վերջացել է գերմանացիները հանձնվել էին»:

78-ամյա Սեդա Օվչեյանը այսօր էլ նույն ուրախությամբ է արտաբերում այդ բառերը, որն ազդարարում էր հաղթանակը՝ ազատ ու խաղաղ կյանքի սկիզբը: Իր եղբոր եւ ծնողների հետ ապրում էր Բաքվում: 17 տարեկան էր, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Հիշում է, որ հնարավոր էր խուսափել ռազմադաշտ մեկնելուց: Անհրաժեշտ էր միայն փոքր ուշադրություն ցուցաբերել զինկոմիսարին, ինչպես արեցին շատերը:

«Մենք լավ էինք ապրում, սակայն մայրս մի քիչ ժլատ էր: Ես որոշել էի մեր գորգը տանել զինկոմիսարին, որ ինձ ռազմադաշտ չտանեին: Դե, գիտեք, այդ հանգամանքը միշտ կար: Մի քիչ մաղարիչ, կամ ծանոթ եւ կարող էիր չգնալ ռազմի դաշտ»:

Հայրենական մեծ պատերազմի վետերանն իր պատանեկություն անց է կացրել ռազմաճակատի թեժ կետերում: Իր հասակակիցների հետ, մարտի դաշտից մի քանի կիլոմետր հեռու տեղադրված վրաններում, առաջին բուժօգնություն էր ցույց տալիս զինվորներին:

«Մենք գնում էինք երեք, չորս կիլոմետր հեռու՝ ընդառաջ դեպի կռվողներին, եւ ռազմի դաշտց բերում էինք վիրավորներին: Բուժական տարբեր օգնություններ էինք ցուցաբերում,այլեւս անկարեւոր էր դարձել մեր ստանձնած պարտավորությունները: Կարեւորը վիրավորին օգնություն ցույց տայինք: Մեր կողմից ցուցաբերած առաջին օգնությունից հետո նրանց տանում էին հոսպիտալներ: Իհարկե, եթե այդ պահին չէին ռմբակոծում»:

Սեդա Օվչեյանը պատերազմը հիշում է վատ երազի պես։ Հիմա զարմանում է, որ համարձակ էր, չէր վախենում: Ընկերների մահը սառնասիրտ էր դարձրել նրան:

«Պատերազմը նաեւ դպրոց էր ինձ համար: Ես գնացի այնտեղ անփորձ պատանի, իսկ վերադարձա ինքնուրույն դարձած: Ամենուր կրակում էին, ռումբեր էին պայթում, երկինքը լուսավորվում էր հրթիռներից: Չգիտեմ ինչու, դրանք ինձ չէին վախեցնում: Երեւի շատ երիտասարդ էի: Սարսափելի էր, կողքիդ անընդհատ մարդիկ էին մահանում: Առավոտյան տեսնում էիր մեկին, իսկ երեկոյան նա բացակա էր»:

Պատերազմից հետո ողջ մնացածները թանկ ու հարազատ էին տիկին Սեդայի համար։ Նամակագրությունը ըկներների հետ շփվելու միակ միջոցն էր:

«Մարտական շատ ընկերներ ունեի: Թվում էր առանց միմյանց այլեւս անկարող ենք լինելու ապրել, բայց կյանքը ինչպես մեզ մտերմացրել էր, այնպես էլ բաժանեց»:

Պատերազմից հետո Սեդա Օվչեյանն իր բժշկական գործունեությունը շարունակում է Բաքվի հիվանդանոցում: Ուզում էր ինստիտուտում սովորել, բայց քանի որ կրթությունն 9-ամյա էր, կարողացավ միայն բժշկական ուսումնարան ընդունվել: Պետությունն էլ, որպես պարգեւատրում նրան մեքենա, հեռախոս, ռազմական գործողությունների համար շքանշան տվեց:

«Հիմա, որ հետ եմ նայում ի՞նչ արժեք ունեն դրանք որ: Պատերազմն արդեն իր սեւ գործն արել էր: Ինքներդ եք հասկանում, ո՞վ կամուսնանար ինձ հետ: Պատերազմում եղած աղջիկներին այլ կերպ էին նայում: Չամուսնացա, զավակ չունեցա: Չարաբաստիկ պատերազմ...»:

Հաղթանակի 60-ամյակը հայրենական մեծ պատերազմի վետերանն այսօր նշում է ծերանոցում: Արդեն 8 տարի նա ապրում է 4-րդ գյուղի տուն-ինտերնատում: Մինչ այստեղ հասնելը Սեդա Օվչեյանը երկար ճանապարհ է անցել: Դրանք լի են եղել կորուստներով՝ ղարաբաղյան պատերազմը, եղբոր ու մոր մահը, բռնի տեղահանությունը Բաքվից... Երբ հասավ Երեւան հեռավոր ազգականներից մեկն ապաստան տվեց, բայց երկար չէր կարող հարմարվել, իսկ առանձին ապրելու հնարավորություն չուներ։ Ճանապարհը դեպի ծերանոց էր տանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter