HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Արմեն Հայաստանցին է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրությունպետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում արձակագիր Արմեն Հայաստանցին (Արմեն Օհանյանն) է։

Արմեն Հայաստանցին՝ ինքն իր մասին (երրորդ տարածությունում)

Ինքը քո ընկերն է։ Ինքն էն մեկն է, որ առաջին օրը մանկապարտեզում հայտնված վախվորածին (որ կարող էիր լինել դու՝ պուճուրիկ Անուշը) առաջինն է մոտենում, ասում՝ արի խաղանք, գուցե խորքում էն պարզ պատճառով, որ ժամանակին իրեն մոտեցող չի եղել, երբ ինքը ճնշված ու նույնչափ վախեցած էր։

Մեկը, որ ուզում է ընկերանալ բոլորի հետ, փաստ է, ու գրականությունն էլ ընկերանալու փորձ է․․․ Գիրքը հենց նվերն է, որ մեկին տալով, ընկերության հնարավորություն ես ստեղծում․ բոլորի հետ ֆիզիկապես ընկերանալ իհարկե չի ստացվի։

Կարծում է, որ արվեստը նվեր է, ընկերանալու անզուսպ ցանկություն, որ մարդուն մենակ չթողնես՝ նույնիսկ եթե նվեր տվողն ինքը շատ մենակ է։

                                                                      

Քո ու Հայաստանի հարաբերությունները «Հայաստանցի» կեղծանվանն էլ, եթե կարող ես, անդրադարձիր այս կոնտեքստում։

Հիմա հարաբերությունը փոխվում է․ նախկինում շատ հստակ էր՝ անփոխադարձ սիրո պես մի բան էր։ «Հայաստանցի» կեղծանունը հայրենասիրական կամ ազգայնական մղումներով չէր, ուղղակի Արմեն Օհանյան անունով հայտնի պարուհի կար, եւ բացի դա, դրսում մարդիկ անընդհատ դժվարանում էին մտաբերել ազգանունս, ես էլ բացատրում էի՝ «Armen from Armenia», «Armen of Armenia»․․․ Էդպես սկսվեց Արմեն Հայաստանցու պատմությունը։ Կեղծանվամբ գրելը «Մայրենիք» եռագրության հետ է կապված, որն արդեն ազգային ինքնության հետ առնչվելու փորձ էր․ հավատացած եմ, որ չկա ունիվերսալ պատկերացում, թե ինչ է հայը։

Ինձ համար կարեւոր էր հասկանալ՝ ինչ «պտուղ» է հայը, ինչու մեր գրականությունը չի կարողանում ազգայինի ծիրից դուրս գալ, ինչու չի լինում գրել մի վեպ, որտեղ կենտրոնական հերոսը չինացի է, դեպքերն էլ տեղի են ունենում Չինաստանում, եւ սա եւս հայ ընթերցողի համար կարեւոր գործ կդառնա։

Ուրեմն ազգայինի մեջ բանտարկված ենք։ Հայերեն ես չէ՞ գրում, ուրեմն արդեն հայ գրականություն է ստեղծվում, ինչու պիտի անպայման հարցը դիտարկվի ազգայինի կոնտեքստում։ Թեմատիկ նման ճնշում միշտ է եղել․․․ Թե ինչու ու որտեղից է գալիս էդ ճնշումը, ինձ միշտ է հետաքրքրել։

Ունիվերսալ հայ չկա․ եթե ասում ենք, որ լեզվական իրողությունով ենք սահմանում հային, այսինքն՝ ով խոսում է, գրում, կարդում հայերեն, ուրեմն հայ է, հասկանում ենք, որ նման պնդում չենք կարող անել, որովհետեւ Քիմ Քարդաշյանն էլ է կարծում՝ ինքը հայ է, բայց իր ինքնությունը կապված է մեկ այլ իրողության հետ։

Ուրեմն հայը ճնշված փոքրամասնություն է․ հայ լինել նշանակում է լինել փոքրամասնություն (թեկուզ զուտ վիճակագրորեն)։ Տարբեր հաշվարկներով 8-12 մլն․ հայ կա չէ՞ աշխարհում, որից 2,5-3 միլիոնն է էստեղ, մնացածը՝ դրսում։ Ստացվեց, որ դրսում բացարձակ մեծամասնությունն է, որն իր հերթին տարբեր երկրներում ապրում է որպես էթնիկ, կրոնական փոքրամասնություն․․․ Չստացվե՞ց, որ հայ լինել եւ էստեղ, եւ էնտեղ, նշանակում է լինել փոքրամասնություն։ Դրսի հայերը իրենց երկրներում են փոքրամասնություն, էստեղի հայերն էլ՝ դրսինների համեմատ են փոքրամասնություն։

Ժամանակին ասում էիր՝ Թումանյանի հեքիաթները վերապրելու կարիք կա։ Հիմա մենք ո՞ր հեքիաթն ենք «վերապրում»։

Այս իրավիճակի համար Թումանյանը չունի հեքիաթ, որտեղ կենտրոնական հերոսը Նիկոլի պես մեկը լինի, որովհետեւ Նիկոլը ոչ Կիկոսն է, ոչ Ձախորդ Փանոսը։ Ինձ թվում է ՝ լրիվ նոր պերսոնաժ է, ում միֆականացումն արդեն սկսվել է։

Միֆականացու՞մ, թե՞ պաշտամունք։

Միֆականացում․․․ Ինքն էս հեղափոխության երգիչն էր․ ինձ համար շատ նշանակալից էր, որ քայլ անելով, Ֆորեսթ Գամփի պես եկավ, հասավ Երեւան, ու էդ ճանապարհին իր հետ շունն էր՝ Քայլոն, որ հետո մեքենայի տակ ընկավ, հետո հարթակում հայտնվեց։ Լրիվ հեքիաթի պես է․․․ Էդ շունը հիմա երեւի ավելի շատ համաժողովրդական սեր է վայելում, քան Արցախի հերոսամարտի բարձրաստիճան «հերոսները»։

2008 եւ 2018 թվականներ։

2008թ․-ին ասում էինք՝ «վերաիմաստավորելով անցյալը՝ դեպի ապագա»․ սա բոլորիս կարգախոսն էր, նաեւ Նիկոլինը։ Չհաջողվեց մի բան, որը տասը տարի հետո իրականություն դարձավ, որովհետեւ հիմա բոլորս ենք վերանայում մեր անցած ուղին․ հիմա ոչ միայն երրորդ հանրապետության պատմության վերանայման պրոցեսն է, այլ գլոբալ՝ հարյուրամյակի պատմության։

Հպատակից քաղաքացու անցումն էր կարեւոր։ Հասկանու՞մ ես՝ ինձ պետք չի ամեն տեսակ երկիր, ես չեմ ուզում ապրել թագավորության մեջ, որը կլինի շատ հարուստ ու բարեհաջող, բայց որտեղ դինաստիաներ կլինեն։ Այդ մոդելն արդեն կառուցվում էր․ դեմորկրատիայի իմիտացիան էր, ներսում՝ ֆեոդալական կարգեր (ինչպես որ Ադրբեջանում է հիմա)։

Սամվել Սաղաթելյանն իր «Նախագահական լյուքսում» ինստալացիայի հետ կապված ասում էր, որ այդ հերարխիայի վերջն արդեն եկել է։ Ասում էր, որ այլեւս հնարավոր չէ կլանի պահպանումը։ Տե՛ս, երբ Նիկոլ Փաշինյանը նախագահականից սկսեց «live»-եր անել, սկսեցի մտածել այդ «լյուքս տարածքների» մասին։ Ըստ քեզ դրանով այդ լյուքսը արժեզրկվու՞մ է, ազատագրվու՞մ, թե՞ մի այլ բան է տեղի ունենում։

Հանրայնացվում է  իմ կարծիքով։ Ես «լյուքսին» սկզբունքորեն դեմ չեմ․VIP-ին եմ դեմ։ Հիմա սպիտակ տունը «լյու՞քս» է, թե՞ չէ, երեւի լյուքս է, բայց VIP չի, որովհետեւ օրինակ աշակերտների մի խումբ կարող է մտնել Սպիտակ տուն ու շրջել էնտեղ։

Տեղի ունեցածը «հեղափոխությու՞ն» ես անվանում։

Հա, իհարկե։ Եթե անողն ասում է հեղափոխություն, ես ո՞վ եմ, որ չասեմ։ Մարդիկ էլ էդպես ընկալեցին,  ծանրակշիռ բառեր հնչեցին՝ «թավշյա», «հանդուրժողականության», «սիրո» հեղափոխություն։ Սրանք ուղղակի կրակոցներ չէին օդում․ բառեր էին, որոնք հենցէնպես չէին ասվի։ Սերժի հրաժարականի օրը հիշու՞մ ես՝ անծանոթները ոնց էին գրկում իրար, արտասվում։

Մենք ընդհանրապես անհարդուրժող ազգ ենք․ ուղղակի էդ պահին տեղի ունեցածը ցույց տվեց անհնարինի հնարավորությունը․ մի պահ էր, որ մենք հավերժացրեցինք, հասկացանք, որ հնարավոր է․․․ Հետո ամեն մեկը գնաց իր տուն՝ իր պատկերացումներով, իր կարծրատիպերով, իր գիտակցությամբ։

Էնպես չի, որ հեղափոխության օրերին «կապույտ մազերով» աղջիկն ու «քյառթու» տղան, որ իրար սիրում էին, համերաշխ էին, հաջորդ օրերին կոնֆլիկտ չեն ունենալու։ Այդ պահին համերաշխություն ու սեր եղավ, որը մեզ հիշեցրեց հնարավորի մասին․․․ Հիմա մենք արդեն նորից հետ ենք գնալու հին կետին, բայց մի ոլորան բարձրացած, հետո անընդհատ հետ ենք նայելու նոր  կորուսյալ դրախտին։

Դա դառնալու է մեր համար իդեալ։ Կարեւորն էն է, որ գիտենք՝ ուր ենք գնում, նախկինում լրիվ հակառակ ուղղությամբ էին շարժվում՝ թշնամանքի խորացման, VIP-ի ու հպատակի, կարմիր գծեր քաշելու ուղղությամբ։

2008թ․-ի մարտիմեկյան դեպքերից հետո դու հրաժարվեցիր կրթությունդ շարունակել Պետական կառավարման ակադեմիայում։ Այս կենսագրական նշումն ինձ երկու իմաստով է հետաքրքրումինչու՞ էիր Պետական կառավարման ակադեմիան ընտրել կրթությունը շարունակելու համար եւ ինչու՞ այդ դեպքերից հետո հրաժարվեցիր։

Մարտի մեկը հենց գողացված գարունն էր, ու շատ երազանքների, պլանների ու ցանկությունների տապալումը։ Երբ «Այլընտրանք» շարժումն սկսվեց, շրջանառվում էր «1+1+1․․․» կարգախոսը, որ ամեն ինչ կախված է մեկ մարդուց եւ էդ մեկը դու էիր։

Մարտի մեկը հաստատեց, որ էդ «մեկերը» ոչ մի բան են եւ ուղղակի գրատախտակի վրայից կարելի է ջնջել ու առաջ անցնել․․․ Մեզ ջնջեցին այդ ժամանակ, եւ հօդս ցնդեցին մեր ցանկություններն ու նպատակները։

Ես ինքնանպատակ չէի սովորում Կառավարման ակադեմիայում․ մտածում էի՝ մտնելու եմ քաղաքական գործընթացների մեջ եւ փոփոխություններ անեմ։ Երբ տեղի ունեցավ Մարտի մեկը, հասկացա, որ միակ տարբերակը մնում է փողոցը․ փողոցից՝ բանտ, բատից՝ փողոց ու Բաղրամյան 26։

Այսինքն բոլոր դռները մեր առաջ փակ էին, եւ, եթե մենք նույնիսկ մուտք ունենայինք, ապա համակարգի մաս էինք դառնալու։ Եվ միֆ էր էն, որ կարելի է մտնել ու ներսից մի բան անել։ Նման մտքերը եւս հօդս ցնդեցին։

Գրել սկսել ես բավականին ուշ, եթե չեմ սխալվում՝ երեսուն տարեկանից։ Այդ ընթացքը նույնպես համընկնում է 2008թ․-ից հետոյին։ Գրելն ու այդ վաակումը, դռների փակվելը, «ջնջելու» փորձերը ինչ-որ ձեւով կապվա՞ծ են։

Ես հասկացա, որ արվեստը միակն է (եւ գուցե նաեւ IT-ն, որովհետեւ իրենք «փայ» չունեին, խելքներն էդքան չէր կտրում), որտեղ անհնարինի հնարավորությունը պիտի փնտրվեր, եւ դա դիմադրության քաղաքական արվեստն էր։

Հասկացա, որ գրականության մեջ էլ էս իմաստով շատ բան կա անելու, եւ, քանի որ այլ բաներով չէի կարող զբաղվել, սկսեցի գրել։ Այսինքն մոտիվացիան եղել է ոգեւորությունն ու խիզախումը, որը հանկարծ պիտի չմարեր մարտի մեկի դեպքերից հետո։

Ըստ էության մեզ լուսանցք էին գցում, բայց հրաշալի մի լուսանցք, որովհետեւ էդ լուսանցքում ձեւավորվեց էն ամենն, ինչն այսօր տապալել է համակարգը։ Հենց էնպես չեմ ասում անհնարինի հնարավորության մասին․ բոլորն էին կարծում, որ «ձեւ չկա», «խաղ չկա»։ Պարզվեց, որ կա։

Տե՛ս՝ ամբողջ հեղափոխության ընթացքն արվեստային էր, քաղաքական տեքստ գրեթե չկար։ Պրոցեսները ստեղծագործ էին․ նույնիսկ հարթակը վերածվեց բեմի, իսկ նախկինում հարթակը մի տարածք էր, որտեղից քաղաքական հստակ տեքստ ու կոչ էր հնչում միայն։

Ասում են՝ Նիկոլը պոպուլիստ է, չէ՛ ժողովրդական է․ խոսք է հնչեցնում, որ մարդկանց սրտից է գալիս։ Հարցը մարդկանց հաճոյանալը չէր, պոպուլիզմը չէր, այստեղ հոգատարության, սրտացավության, սոլիդարության պահ կար, ապրումակցում կար։ Հարցից շեղվեցի․․․

Ավելի վաղ էլի ասել ես, թե չկան ազատաԳՐՈՂներ, գրականությունն էլ ունի ազատաԳՐական  պայքարի կարիք։

Հարցն էսպես էր՝ գրականությունը կամ ստեղծածար գիրը ինչքանով է փոխում մեր իրականությունը։ Փոխու՞մ է առհասարակ, թե՞ իրականությունն է ազդում իր վրա, ճնշում գործադրում, որ ինքը որպես ճիչ, աղերս, երբեմն էլ որպես ինքնախաբեություն, դուրս պիտի գար։ Հարցն էն էր, թե երեկվա Հայաստանին ֆունկցիոնալ առումով պետք էր մի գրականություն, որն իրականություն պիտի փոխեր։

Պե՞տք էր։

Ինձ թվում է՝ պետք էր։ Գրվեցին շատ տեքստեր։ Հենց նույն «Հայկական ժամանակ» թերթը եթե դիտարկենք, կտեսնենք, որ սահմաններ էին հանվում․ հրապարակախոսական տեքստերը հաճախ դառնում էին գեղարվեստական գլուխգործոցներ։

Մարինեն (Մարինե Պետրոսյանը) էր անընդհատ հանում պոեզիայի ու հրապարակախոսության միջեւ ընկած սահմանները․ այնքան, մինչեւ հասավ մի կետի, որ սահմանը լրիվ ջնջվեց, ու եղան բանաստեղծություններ, որոնք կարելի է ասել մաքուր քաղաքական պոեզիա են ներկայացնում։ Հետո «երկրի հակառակ կողմից» եկավ Նիկոլը՝ նույն բանն անելով, ամենաքաղաքական տեքստը դարձնելով իր գրած «Մեկ քայլը» բանաստեղծությունը։

Մեր համաժողովրդական շարժումները բառեր չեն ունեցել (խոսքը կարգախոսի մասին չէ). օրինակ 1988-ի շարժումը շեփոր է ունեցել, որը հավաքում էր մարդկանց, բաց էնտեղ բառեր չկային։ Իսկ Նիկոլի տեքստը դարձավ հիմն, Նիկոլը հասկացավ, որ պետք է պոետիկ տեքստ, ինչպես ժամանակին արել է Տերյանը․․․ Տերյանի «հոգեւոր Հայաստանը» առանձնապես չի տարբերվում «Դուխով Հայաստանի» կոնցեպտից։

Գրականության խնդրականացման նյութը հիմա ո՞րն է։ Շատ բաներ կտրուկ փոխվել են։

Բացվել է մեծ, նոր դաշտ։ Էնպես չի, որ փոփոխվող իրականությունը հալած յուղի պես պիտի ընդունել ու ոչ մի դիմադրություն ցույց չտալ։ Ընդհանրապես սկզբունքն էդ է չէ՞, որ պետությունը փորձում է սահմանափակել ազատությունը՝ թեկուզ որպես լեգիտիմ բռնություն կիրառողի դիրքերից։

Բռնությունը չի կարող վերացվել ընդհանրապես։ Արվեստի մարդիկ շարունակում են մնալ մերկ, անզեն, անպաշտպան, իսկ զինված մարդը միշտ կա՝ թեկուզ մենք նրան ասել ենք՝ վերցրու էս զենքը եւ մեզ կարգի հրավիրի․․․Էդ զինված մարդուն չի կարելի թողնել առանց դիմադրության, որովհետեւ մի գեղեցիկ օր հնարավոր է՝ կրակի մեզ վրա։

Իրադարձությունները չափից շատ արագ են զարգանում, ինֆորմացիոն հոսքերն անկառավարելի են։ Դու ինչպե՞ս ես առանձնացնում քեզ անհրաժեշտ ինֆորմացիան։

Ֆիլտրում եմ։ Ես շատ լավ հասկանում եմ էն մարդկանց, ովքեր ինֆորմացիայի տեղատարափից անհարմար վիճակի մեջ են հայտնվում ու փակվում են, որ իրենց ներսի ձայնը լսեն, բայց ինձ համար ոգեւորության աբյուրը ոչ թե ներաշխարհս է, այլ դիմացինի լռեցված ձայնը, որովհետեւ ուզում եմ էդ ձայնի բարձրաձայնողը լինեմ։

Դրանից է, որ «ինֆորմացիոն աղմուկի» մեջ երբեմն ականջներս փակում եմ ու ավելի շատ նայում եմ, ոչ թե լսում, որպեսզի փնտրեմ ու գտնեմ այդ «լռեցված» ձայնը, որ պատկեր է։

Մյուս կողմից ինֆորմացիոն աղմուկն էլ եմ սիրում․ չեմ ասի, որ հրաշալի «սիմֆոնիա» է, բայց դա էլ կարող ես ընկալել որպես ոգեւորության առիթ։ Ո՞նց չսիրես էդքան մերժող ու միաժամանակ սիրելի կարգախոսները։ Մի տեսակ աղմուկ է, որի մեջ քո լռությունն այլեւս անհարմարությունից չի։

Հայաստանից գնալու մասին միտք եղե՞լ է։

Ընդմի՞շտ։

Մեկնելուայդպես ասեմ։

Ինձ թվում է՝ Հայաստանից պարբերաբար դուրս գալն անհրաժեշտ պայման է չլճանալու համար, որովհետեւ երբեմն կորցնում ենք մեզ դրսից նայելու հնարավորությունը՝ թեկուզ զուտ տարածական իմաստով։

Արդեն ասացի, որ մեր գրականությունը կառչած է հողից, հայրենիքից, մշակույթից ու լեզվից, գրողի համար շատ կարեւոր է ժամանակ առ ժամանակ հեռու գնալը։ Ժողովրդական խոսքով ասած՝ արվեստագետն «աշխարհ տեսած» մարդ պիտի լինի։

Ես չեմ հավատում ռոբինզոնադային․ բացառիկ դեպքեր կարող են լինել, որ մարդ ծնվի մի գյուղում, մի մետր էլ ոտքը դուրս չդնի ու ստեղծի իր յուրահատուկ աշխարհը․․․Բայց նույնիսկ Հրանտ Մաթեւոսյանը, որ «մենք ենք մեր սարերի» մեջ էր ամբողջ կյանքում, ասում էր, որ մեծ սովետական պետության մեջ է հնարավոր եղել բացվել,  ունենալ էդպիսի գրական տարածություն։

Մշակութային երկխոսություն տեղի ունենու՞մ է։

Մոնոլոգը միշտ վերածվում է աղոթքի։ Մենք ունենք լավ «աղոթքներ»․ կարելի է բավարարվել նրանով, ինչ ունենք։ Չեմ ասում, որ ամեն գեղարվեստական գիրք պիտի սուրբ գրքերին հակադրվի ու դրանց հաղթի, որովհետեւ դժվար թե ես գրեմ մի վեպ, որն ավելի շատ կընթերցվի քան Աստվածաշունչը, բայց պիտի դու էլ ստեղծես էն այլընտրանքային գիրքը, որի վրա գոնե դու ինքդ երդվելիս չես ամաչի։

Չեմ ուզում մեր հարաբերությունները լինեն միայն ուղղահայաց, որովհետեւ երբ շատ ես մնում նույն տեղում, սկսում ես երկնքի հետ խոսել․ ասկետիզմն ինձ հոգեհարազատ չի։

Կարծում եմ՝ հարաբերությունները հորիզոնական պիտի լինեն, եւ մենք հորիզոն պիտի բացենք լեռնային ժողովրդի համար․․․ Դրա համար պիտի գնանք, ճամփորդենք ու բերենք էդ հորիզոնի հնարավորությունը մեր դաշտ, մեր ընթերցողներին։ Հակառակ դեպքում արվեստային խոսակցությունը դառնում է ակումբային․․․

«Կիկոսի վերադարձն» արժեւորու՞մ ես դեռ, թե՞ խնդիրը փոխվեց։

Էդ իմաստով խնդիրը չի փոխվել, որովհետեւ մենք խոշոր հաշվով նույնն ենք մնացել․ իշխանությունն է փոխվել, ոչ թե մենք՝ որպես հասարակություն եւ մշակույթ։ Ունեինք իշխանություն, որը ճնշում էր, հիմա իշխանություն, որը «դուխ» է տալիս։

Ասել, որ Հայաստանում տեղի ունեցավ «մշակութային հեղափոխություն», գոնե ես չեմ համարձակվի, որովհետեւ գիտեմ, որ իմ հարեւան Վաղոյի աշխարհայացքը չի փոխվել, փոխվել է իր վստահությունն իշխանության նկատմամբ․․․ Ընդամենը։

Խնդիր չի՞կարող առաջանալ «Վաղոյի» ու «դուխ» տվող իշխանության միջեւ։

Ես գիտեմ, որ ես էլ եմ արել էդ հեղափոխությունը, բայց Վաղոն կասկածում է իր վրա, ինքը մտածում է, որ հեղափոխությունը միայն Նիկոլն արեց։ Նիկոլը «զորավարն» էր, ինքն էլ «շարքային զինվոր», որը միացել էր․ էպիսի մի բան․․․

Չի առաջանա խնդիր, երբ վերականգնվի իր ձայնի իրավունքը, երբ ընտրության արդյունքում տեսնի, որ իր ձայնը տեղ է հասել։

Հիմա այսինքն պայքարի վեկտորն ուղղվում է քաղաքացիական հասարակության զարգացման ու քաղաքացիական գիտակցության ձեւավորման կողմը։

Հա, հիմա լրիվ ուրիշ դաշտ ենք տեղափոխվում, ու էս առումով քաղաքացիական հասարակությունը շատ անելիքներ ունի, էլ ավելի մեծ անելիքներ ունի արվեստային՝ մասնավորապես գրական համայնքը։

Օրակարգը փոխել է․ նույնիսկ նրանք, ովքեր արվեստը դիտում էին որպես անձնական հոգեւոր փրկության ուղի, ովքեր որպես ստեղծարար էակներ անում էին մի բան ինքնապահպանման համար, հիմա պիտի գիտակցեն, որ ուղերձը փոխվել է․ այլեւս չեն կարող ինքնապահպանման համատեքստում մնալ։

«Նոր Հայաստանում», երբ «փակ» դռներ կարծես թե չկան, դու ավելի շատ հասարակական գործունեությու՞ն կծավալես։

Հետաքրքիր բան տեղի ունեցավ․ մի քանի տարի աշխատում էինք, որ «ՊԷՆ» կենտրոնը վերականգնենք Հայաստանում, էնպես ստացվեց, որ անցած տարվա վերջում վերջապես հաջողացրինք, ու շաբաթն ուրբաթից շուտ եկավ․․․ Տեղի ունեցավ հեղափոխություն, եւ օրակարգը փոխվեց։ Երկրում իրավիճակ փոխվեց։ Հրատապ հարցերի մի մասն արդեն դուրս եկավ օրակարգից, այլ հարցեր բացվեցին։

Էսօր գոնե ես հանգիստ խղճով ֆիքսում եմ, որ խոսքի ազատությանը լուրջ վտանգ չի սպառնում, բայց դրա փոխարեն կան շատ ու շատ այլ հարցեր, որոնցով կզբաղվի «ՊԷՆ»-ը։

Ստացվում է, որ հանրային գործունությամբ էլի ակտիվ եմ զբաղվում, բայց իհարկե շարունակելու եմ նաեւ գրական գործունեությունս։ Մինչ էս պահն էլ հաջողվել է համատեղել, կարողացել եմ մի քանի ուղղությամբ աշխատել։

Մինչ հեղափոխությունն էլ ամեն սրտացավ մարդ ուզում էր մի բան անպայման փոխել, զարգացնել, իր վրա հազար ֆունկցիա էր վերցնում։ Հիմա էլ կա էդ խնդիրը, որովհետեւ եթե չասեմ կադրային սով, գոնե թե մարդկանց թիվը քիչ է։ Եթե ստացվի մեծ հայրենադարձությունը, հանգիստ կլինենք, եւ լրջորեն կզբաղվենք ամենասիրած գործով, մնացած գործերը կմնան հոբբիի մակարդակում։

․․․ Ի վերջո սերնդափոխություն կլինի․ ես արդեն քառասունի մատույցներում եմ, եւ 10-15 տարի հետո մեր սերունդն այլեւս ակտիվ չի լինի․․․ Հետո պիտի մենք հետ քաշվենք, նորերին տեղ տանք, որ չընկնենք Սերժի օրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter