HY RU EN

Տրդատ Մուշեղյան

Էրդողանն ու իր կուսակցությունը հաղթեցին նախագահական և խորհրդարանական ընտրություններում

Թուրքիայում հունիսի 24-ին կայացած նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթանակ են տարել երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա գլխավորած «Ժողովրդական» դաշինքը, որի մեջ մտնում էին «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները: Էրդողանն արդեն իսկ  շնորհավորանքներ է ստանում տարբեր երկրների ղեկավարներից, իսկ նրա աջակիցները Ստամբուլի փողոցներում նշում են հաղթանակը:

Թուրքիայի նախագահի պաշտոնի համար սպասված մրցակցությունն այդես էլ չեղավ: Փորձագետների կանխատեսումներով և տարբեր սոցհարցումների արդյունքներով՝ նախատեսվում էր, որ մեծ մրցակցություն կլինի Էրդողանի և Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեի միջև: Սակայն քվեաթերթիկների 97%-ի հաշվարկով Էրդողանը ստացել է ձայների 52.61%-ը, իսկ Ինջեն 30.76%-ը: Սա նշանակում է, որ եթե վերջնահաշվարկից հետո համամասնությունը չփոխվի, ապա ընտրությունների երկրորդ փուլ չի լինի և Էրդողանը ևս 5 տարի կշարունակի մնալ Թուրքիայի առաջնորդի կարգավիճակում:

Նախագահի պաշտոնի համար պայքարող մյուս թեկնածուներից քրդամետ Սելահաթին Դեմիրթաշը (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) ստացել է ձայների 8.13%-ը, իսկ միակ կին թեկնածու, «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հավաքել է 7.41%: 

Մյուս թեկնածուներ Թեմել Քարամոլաօղլուն («Երջանկություն» կուսակցություն) և Դողու Փերինչեքն («Հայրենիք» կուսակցություն) ստացել են 1%-ից պակաս ձայներ: 

2017 թվականի ապրիլին Էրդողանի նախաձեռնած սահմանադրական հանրաքվեից հետո, որն ավարտվեց վերջնիս համար ցանկալի արդյունքով, ուժեղացվեց նախագահի ինստիտուտը: Փոփոխված սահմանադրության համաձայն՝ նախագահն իր ձեռքում է կենտրոնացնում ողջ պետական ապարատը: Մասնավորապես նախագահն է նշանակում բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նախարարներին, բարձրագույն դատական խորհրդի անդամներին և դատախազներին, ինչպես նաև կարող է հրամաններ արձակել, որոնք օրենքի ուժ կստանան:

Բացի այդ, նախագահը իրավունք կունենա երկրում արտակարգ դրություն հայտարարելու: Նոր սահմանադրությամբ՝ Թուրքիայի նախագահը հաշվետու չի լինի երկրի խորհրդարանին, իսկ վարչապետի պաշտոնը կվերանա:

Խորհրդարանական ընտրություններում քվեաթերթիկների 97%-ի հաշվարկով հաղթանակ է տարել «Ժողովրդական» դաշինքը, որի մեջ մտնում էին Էրդողանի «Արդարություն և զարգացում»-ն (42.44%) ու Դևլեթ Բահչելիի գլխավորած «Ազգայնական շարժում» կուսակցությունը (11.19%): Այս դաշինքը ստացել է ձայների 53.62%-ը: Ժողովրդահանրապետական (22.74%), «Լավ» (10.08%) և «Երջանկություն» (1.36%) կուսակցությունների «Ազգային» դաշինքը ստացել է ձայների 34.19%-ը: Նախընտրական շեմը հաղթահարել է նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը՝ ստանալով ձայների 11.36%-ը:

Հարկ է նշել, որ Թուրքիայի` 600 պատգամավորական տեղ ունեցող խորհրդարանում կլինի նաև երկու հայ պատգամավոր: Գարո Փայլանը՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից, ընտրվել է Դիարբեքիրում, իսկ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ներկայացնող Մարգար Եսայանը՝ Ստամբուլում:

Քաղաքացիների մասնակցությունն ընտրություններին ռեկորդային է եղել՝ կազմելով մոտ 90%: Այս փաստը Էրդողանը «թուրքական ժողովրդավարության» օրինակ է անվանել: 

ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն ընտրատեղամասերում լուրջ խախտումներ չի արձանագրել, սակայն ընդդիմադիր կուսակցություններն օրվա ընթացքում ընտրախախտումների մասին ահազանգել են Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողով: Մասնավորապես ընդդիմադիրները ահազանգել էին, որ Շանլիուրֆա նահանգի Սուրուչ շրջանում լցոնումներ են տեղի ունենում:

Հավելենք, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում պետք է տեղի ունենային 2019 թվականի նոյեմբերին, սակայն ըստ Էրդողանի՝ իշխանություններն անընդհատ բախվում են հին համակարգի խնդիրներին, ինչը խոչընդոտում էր երկրի տնտեսական զարգացմանը: Այդ պատճառաբանությամբ էլ նշանակվեցին արտահերթ ընտրություններ:

Լուսանկարը՝ Recep Tayyip Erdoğan / Twitter