HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեղափոխության դիալեկտիկան

Հեղափոխությու՞ն, իշխանափոխությու՞ն, դավադրությու՞ն:

Սրանցից ո՞ր մեկն է տեղի ունեցել Հայաստանում: Որքան էլ չարաշահված լինեն այս եզրույթները, ու որքան էլ անորոշ են դրանց սահմանները, բուն հարցադրումն էական է, սակայն այս պահին վերջնական պատասխան չունի և չի կարող ունենալ: Պատասխանը կունենանք գործընթացի վերջնարդյունքում:

Վերնախավերը, իշխանափոխությունը, դավադրությունը....

Իշխանափոխությունն ավարտուն և վերնախավային գործընթաց է. դա հանուն իշխանության պայքար է վերնախավային խմբերի միջև: Այն սկսվում է իշխանությունից հին իշխող վերնախավի հեռացմամբ, և ավարտվում է՝ հանուն այդ հեռացման միավորված այլ վերնախավային խմբերի միջև իշխանության և ազդեցության նոր վերաբաժանմամբ, դիրքերի ճշտմամբ: Գործընթացի տևականությունը կախված է նրանից, թե հանուն իշխող վերնախավի հեռացման միավորված խմբերը որքա՞ն ժամանակում ի զորու կլինեն ճշտելու իրենց նոր դիրքերն ու միմյանց միջև փոխհարաբերությունը:

Այս գործընթացում ժողովրդական զանգվածները, որոնց անունից, իհարկե, խոսում են բոլորը և հանուն որոնց, համաձայն այդ խոսքի, իրացվում է իշխանափոխությունը, փաստացի խաղում են «մասովկայի», «ստատիստի» դեր: Վերնախավային նոր կայունացումից հետո, զանգվածներն ու իշխանությունը նորից օտարվում են միմյանցից: Հնարավոր են օտարացման տարբեր ձևաչափեր և տարբեր ելքեր, որոնք այս դեպքում մեր դիտարկումից դուրս են:

Հեղափոխությունն այլ՝ իշխանափոխությունից տարբեր և ավելի բարդ կառուցվածք ունեցող գործընթաց է: Նշենք տարբերակիչ որակներից միայն մի քանիսը: Հեղափոխությունն ավարտուն գործընթաց չէ, այլ ձգտում է լինել շարունակական, խորացող, ծավալվող քաղաքականություն: Նրա մասին ավելի սազական է ասել ոչ թե տեղի ունեցավ կամ տեղի է ունեցել, այլ տեղի´ է ունենում:

Օրինակ, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2018 թ.-ի ապրիլին ու մայիսին որպես արդեն տեղի ունեցած երևույթ՝ իշխանափոխություն էր, որն իրացվեց ընդդիմադիր, բայց նաև իշխանության մեջ եղած մի քանի խմբերի բացահայտ և քողարկված գործակցությամբ: Ինչպես ցանկացած իշխանափոխություն, այն պարունակում էր և դավադրության տարրեր, քանի որ իշխանափոխությունները, որպես կանոն, հնարավոր չեն լինում՝ առանց իշխանության ներսից բաց կամ քողարկված աջակցության, առանց իշխանական միասնության թուլացման, առանց ներքին սաբոտաժի: Հաճախ դեր են խաղում նաև արտաքին գործոնները։ Բայց, թե որքանով դրանք մեր դեպքում էլ դեր խաղացին, կկարողանանք դատել ավելի ուշ:

Ժողովուրդ եւ անհատ կապն ընդդեմ վերնախավերի

Այլ բան է, որ վերնախավային այս կոմբինացիան, հնարավոր չէր լինի առանց հրապարակային պայքարի՝ զանգվածային աջակցության: Զանգվածների մասնակցությունն արդեն բուն հեղափոխական, ոչ թե սոսկ իշխանափոխական տարր է, որը, սակայն կարող է ստանալ կամ չստանալ շարունակություն և ծավալում: Ուշագրավ է, որ զանգվածային ընկալման մեջ գործընթացը նույնացավ Նիկոլի անձի հետ, և հրապարակը, կարծես, չնկատեց գործընթացի մյուս մասնակիցներին: Զանգվածներ-անհատ-լիդեր կապը գործընթացի բուն հեղափոխական, ոչ թե սոսկ վերնախավային-դավադրական բնույթի կարևոր հենքերից է: Այս կապի ամրությունից է շատ առումներով կախված գործընթացի ծավալման ուղղությունը. որպես հեղափոխությու՞ն, թե՞ որպես միայն իշխանափոխություն:

Հեղափոխության մարմնավորում-անհատականությունը գործընթացի երկու հակադիր բևեռների՝ վերնախավերի և զանգվածների միջակայքում եղած միջին դիրք ունի: Նա կարող է «խաղալ» պայմանական «աջ»՝ դեպի վերնախավերը, որի դեպքում ուժեղանում է իշխանափոխական-դավադրական միտումը, կամ պայմանական «ձախ»՝ դեպի ժողովուրդը, որի դեպքում ուժեղանում է հեղափոխական միտումը:

«Ձախ» «խաղն» առաջացնում է վերնախավերի բնական դիմադրություն, ընդ որում՝ վերնախավային հակադիր խմբերը կարող են միավորվել ընդդիմացող միասնական ճակատում, իսկ «աջ» «խաղի» խորացումը հանգեցնում է արդեն նշված ժողովրդական օտարմանը:

«Ձախ» «խաղի» դեպքում առաջնորդը ժողովրդի գործակցությամբ հաղթահարում է վերնախավերի դիմադրությունը և իրացնում բուն հեղափոխական օրակարգը՝ խորքային վերանորոգում, արդարության հաստատում, երկրի ինքնիշխանության աստիճանի խորացում, «թռիչքաձև զարգացում», մոբիլիզացիոն քաղաքականություն: Այս քաղաքականությունը տեղավորվում է «թագավորն ու ժողովուրդը՝ ընդդեմ իշխանների» հնուց հայտնի սցենարի մեջ: Իսկ վերնախավային լեզվով նման քաղաքականությունը կոչվում է «պոպուլիզմ», թարգմանաբար՝ ժողովրդականություն: «Պոպուլիզմի» սխեման հենց ուժեղ առաջնորդ – զանգվածներ կապն է, որը կասկածի և վտանգի տակ է դնում վերնախավերի գերիշխանությունը և ժողովրդի անունից խոսելու՝ սեփական օրակարգերը որպես հանրային կարծիք ներկայացնելու և առաջ քաշելու կարողությունը: Հենց այս պատճառով էլ հանրային կարծիքը վերահսկող վերնախավերը նման իրավիճակներում մեջտեղ են գցում «պոպուլիզմ» եզրը, որն այլ բան չէ, քան իրական ժողովրդավարության փոխասացություն: Այս ժողովրդականությունը տարբերվում է վերնախավերի մենաշնորհած «ժողովրդավարություն» եզրի նեղ, ֆորմալիստական մեկնաբանությունից, որտեղ վերնախավերը «ներկայացնում են» ժողովրդին և իշխում ժողովրդի անունից:

Ուշագրավ է, որ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում չի զլանում անընդհատ շեշտել, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի, ոչ թե ինչ-որ կազմակերպության, անգամ՝ սեփական կուսակցության ուժով, և որ պատրաստվում է իրացնել ժողովրդի պահանջներն ու օրակարգը: Սրանք մի կողմից՝ իրավիճակը հեղափոխականացնող, մյուս կողմից՝ վերնախավերի լուռ դիմադրությունն առաջացնող շեշտադրումներ են: Եթե հեղափոխական միտումը շարունակվի ուժեղանալ, ուժեղանալու է նաև վերնախավային այլևայլ խմբերի դիմադրությունը: Ընդ որում՝ շեշտենք, որ հեղափոխության առավել արդյունավետ և գործունյա ընդդիմությունը որպես կանոն ձևավորվում է ոչ թե «ռեակցիոն»՝ «հին ռեժիմի» ուժերից, այլ հենց հեղափոխական թիմերի ներսից:

Հեղափոխական պատմական փորձը՝ Ֆրանսիայից մինչեւ Իրան

Հեղափոխական բուն տարերքը հասկանալու կարճագույն և առավել արդյունավետ ճանապարհը պատմական հեղափոխությունների փորձի կենդանի վերլուծությունն է: Ոչ թե զուտ տեսական դատողություններն ու գաղափարախոսական ձևակերպումները, այլ հենց պատմական փորձը կարող է և պետք է լինի ցանկացած քաղաքական գիտելիքի միակ իրական հիմքը: Կարևոր է ոչ այնքան այն, թե մարդիկ ի´նչ են ասում իրենց և իրենց գործողությունների ու նպատակների մասին, որքան այն, թե իրականում ի´նչ արդյունքի են հանգեցնում մարդկանց գործողությունները: Հենց արդյունքներում է դրսևորվում պատմական բանականությունը, որը վեր է անհատների և խմբերի կամքից ու գիտակցությունից:

Աշխարհում վերջին 2-ից ավելի դարերի պատմությունը մեծ և փոքր, հաջողված և ձախողված հեղափոխությունների պատմություն է: Մենք շարունակում ենք ապրել հեղափոխությունների դարաշրջանում, և այդ առումով փորձը, որից կարող ենք սովորել, անսպառ է: Ցավոք, սակայն, այդ փորձը հայերենով որևէ՝ նույնիսկ նվազագույն կերպով իմաստավորված և մեր հանրային գիտակցության մեջ մտած չէ՝ չհաշված մի քանի թևավոր և դրանով իսկ անհրաժեշտաբար տափակ ու անբովանդակ խոսքերի, ինչպես՝ «հեղափոխություններն անում են ռոմանտիկները, իսկ վայելում են տականքները» և այլ նմանատիպ ասացվածքներ: Բնականաբար պատմական լայն վերլուծության փորձ մենք նույնպես ի զորու չենք ցույց տալ: Դրա համար պետք է սահմանափակվենք բառացիորեն մեկ-երկու նշմամբ. ոչ թե վերլուծական, այլ ընդամենն ուղենշային բնույթի:

Արդի բոլոր հեղափոխությունների նախատիպ Ֆրանսիական հեղափոխությունը սկսում է միջին դասի ապստամբությամբ, արագ անցնում է մի քանի բուռն փուլերով և որպես համեմատաբար կայուն վերջնարդյունք՝ ունենում է Նապոլեոնյան Ֆրանսիան: Այն, որ Նապոլեոնի պարտությամբ Ֆրանսիայում հաղթում է ռեակցիան, և վերականգնվում է Բուրբոնների միապետությունը, պետք է դասել պատմական պատահականությունների շարքին: Ռեակցիայի հաղթանակը հնարավոր եղավ միայն արտաքին աջակցությամբ, իսկ Նապոլեոնի հանճարն ի զորու չեղավ դիմադրել Անգլիայի ծովային հզորությանը, որին գործիք ծառայեց ռուսական մայրցամաքային անծայրածիր կայսրությունը. իրավիճակ, որը երկու անգամ պետք է կրկնվեր նաև 20-րդ դարում, երբ Եվրոպայի միավորման փորձերը կանխվելու էին անգլիական հզորությամբ և նրան վճռական պահերին օգնության հասնող ռուսական «ազգ-քանակով»:

Թյուր պատկերացում կա, թե Ֆրանսիական հեղափոխության արդյունքը «ֆրանսիական դեմոկրատիան է»: «Դեմոկրատիան» Ֆրանսիայում հաստատվել է հեղափոխությունից մոտ 100 տարի անց, բոլորովին այլ գործընթացի՝ Ֆրանս-պրուսական պատերազմում ֆրանսիացիների (Նապոլեոն Գ կայսեր) պարտության արդյունքում: Իսկ Ֆրանսիական հեղափոխության կայուն արդյունքը Նապոլեոնի կայսրությունն էր և դրա պայքարը Եվրոպայի միավորման համար՝ ֆրանսիական առաջնորդությամբ: Այդ պայքարն այլ բան չէր, քան Բուրբոնների միապետական Ֆրանսիայի քաղաքականության շարունակությունը: Հեղափոխությամբ բացահայտված ուժերն այնպիսի թափ և ուժ կարողացան հաղորդել այդ պայքարին, որի մասին «ազգային-պահպանողական» Բուրբոնները երազել իսկ չէին կարող: Բավական է հիշատակել միայն ժողովրդական բանակի սկզբունքը՝ ի հակադրություն միապետության շրջանի «պրոֆեսիոնալ բանակի», և նոր ռազմական այլ հնարավորություններ, որոնց հենքով միայն Նապոլեոնն ի զորու եղավ բացահայտել իր ռազմական հանճարը: Այսինքն՝ հեղափոխության արդյունքն ի վերջո այլ բան չէր, քան Ֆրանսիայի ավանդական պետական քաղաքականության տասնապատիկ հզորացումը:

Նապոլեոնի պարտությամբ ավարտվում է Ֆրանսիական հեղափոխությունը, և սկսվում են փուլեր, որոնք հեղափոխության հետ միայն անուղղակիորեն են կապված: Եթե հաղթեր Նապոլեոնը, Ֆրանսիական հեղափոխության արդյունքը կլիներ Եվրոպայի միավորումը՝ Ֆրանսիայի դարավոր քաղաքականության բացարձակ հաղթանակը:

Նապոլեոնի պարտությունից հետո Եվրոպայում լիբերալ գաղափարների տարածումը կապված է անգլիական գերիշխանության հետ: Ֆրանսիական հեղափոխության գաղափարը ժողովրդականությունն էր: Մինչդեռ անգլիականը, ի հակադրություն հեղափոխական Ֆրանսիայի և նրա դեմ պայքարում, պահպանողական լիբերալիզմն էր, որը դարձավ 19-րդ դարի Եվրոպայի գերիշխող գաղափարը:

Մյուս նախատիպային՝ 1917-ի (փետրվար-հոկտեմբեր) Ռուսական հեղափոխության վերջնարդյունքը Ստալինի իշխանության օրոք ձևավորված Սովետական կայսրությունն էր՝ Ռուսական կայսրության պատմականորեն առավել ազդեցիկ մարմնավորումը (անկախ դրա հանդեպ մեր վերաբերմունքից՝ ռուսական ազդեցությունն արտաքին աշխարհում առավելագույնի էր հասել Սովետական Միության օրոք): Դժվար չէ զուգահեռներ անցկացնել բոնապարտիզմի հետ: Ռուսական հեղափոխության կերտողներից, իսկ հետագայում «ժողովրդի թիվ մեկ թշնամի» Տրոցկին ստալինյան ռեժիմն այդպես էլ բնորոշում էր՝ «բոնապարտիզմ»: Այլ բան է, որ ինքը՝ Տրոցկին այդ բոնապարտիզմի կերտման ակունքներում էր: Օրինակ, նա բոլշևիկներից առաջինն էր, որ սկսեց նախկին ցարական սպաներին ակտիվորեն ներգրավել նոր Կարմիր Բանակի մեջ, և, որքան էլ զարմանալի է, նա առաջինն էր, ով սկսեց օգտագործել ռուսական հայրենասիրական կարգախոսները՝ հօգուտ սովետական իշխանության:

Հիշենք նաև Չինական հեղափոխությունը: Նույն արդյունքը տեսնում ենք այստեղ. դարերի անկումից հետո վերականգնված մեծապետական Չինաստան:

Յուրահատուկ և մեզանում, ցավոք, շատ վատ իմացված օրինակ է նաև Իրանի իսլամական հեղափոխությունը: Չնայած խոսքը մեր հարևան երկրի մասին է, բայց մեզանում ցայսօր գերակայում են դրա մասին ամենապարզունակ պատկերացումները: Մինչդեռ դա առաջին հայացքից անհամատեղելի՝ պահպանողական և առաջադիմական համարվող կարգախոսների, գաղափարների ու տեխնոլոգիաների ամենաուշագրավ սինթեզի արդյունք էր պատմության մեջ: Սա էլ, տապալելով Իրանական բազմադարյա միապետությունը, մի կողմից՝ հանրապետական՝ գրեթե յակոբինյան, և մյուս կողմից՝ պահպանողական կարգախոսներով որպես վերջնարդյունք ունեցավ Իրանական ինքնիշխանության, նաև մեծապետության այնպիսի աստիճան, որի մասին երազել իսկ չէր կարող շահական Իրանը:

Իհարկե, սրանք մի քանի օրինակ են ընդամենը` այն էլ մի երկու խոսքով բացված: Անշուշտ, կան բազմաթիվ այլ օրինակներ, որոնց մի մասն էլ գուցե բացահայտի մեր բերածին հակադիր միտումներ: Բայց մենք ընտրել ենք այնպիսի օրինակներ, որոնցում բուն հեղափոխական տարրն առավել շեշտված է, որոնք վայելել են առավել զանգվածային աջակցություն և այդ զանգվածային աջակցությունն ու ներգրավվածությունը տևել է համեմատաբար ավելի երկար՝ ոչ թե ամիսներ, այլ առնվազն տարիներ, որտեղ այդ աջակցությունը նաև ստացել է կազմակերպված ձևեր։ Եվ վերջապես սրանք, թերևս, աշխարհի պատմության առավել հայտնի և ազդեցիկ հեղափոխություններն են։ Հնարավոր չէ անտեսել սրանց փորձը:

Ճակատագիր եւ տարերք

Ամենաընդհանուր գծերով ի՞նչ է մեզ ասում այս փորձը: Բերված բոլոր օրինակներում «մեծ» կոչված հեղափոխությունների ծավալման ուրվագիծն էականորեն նույնն է:

Այդ ծավալումը.

ա) դիալեկտիկ է՝ հակասական ինքն իր մեջ,

բ) դինամիկ է՝ արագ զարգացող,

գ) ճակատագրական է. գործող անձանց, այդ թվում՝ առաջնագծում եղածների գիտակցված նպատակները և պատկերացումները, թե ինչ են իրենք անում և ինչի են ձգտում, առավել հաճախ չեն համընկնում արդյունքի հետ, որը գոյանում է ավելի առարկայական՝ մարդու գիտակցության և կամքից վեր օրինաչափություններով,

դ) տարերային է՝ ինքնակազմակերպվող և գաղափարախոսությունների, այդ թվում՝ հեղափոխությունն իրացնող ուժերի գաղափարախոսությունների կողմից չկանխատեսվող ու չնկարագրվող:

Ընդհանրացված սցենարը հետևյալն է: «Հին ռեժիմը» (եթե օգտվենք Ֆրանսիական հեղափոխության բառապաշարից), որը, որպես կանոն, բնորոշվում է փչացածությամբ և ներքին բազում հակասություններով, վայելում է ցածր ժողովրդականություն՝ հաճախ հենց պարզապես իր հին լինելու պատճառով: Այն ընկնում է կազմակերպված վերնախավային ընդդիմադիր խմբերի միավորմամբ, որոնք, որպես կանոն, նաև ունենում են բաց կամ քողարկված գործակիցներ ռեժիմի ներսում, հաճախ էլ նաև ուղղակի կամ անուղղակի աջակիցներ կամ շահառուներ արտաքին աշխարհում (Ֆրանսիական և Ռուսական Փետրվարյան հեղափոխությունների դեպքում՝ օրինակ, անգլիացիները, Ռուսական Հոկտեմբերյան հեղափոխության դեպքում՝ գերմանացիները, Չինականի դեպքում՝ ռուսները և այլն):

Ռեժիմի դեմ պայքարում վերնախավերը ոտքի են հանում նաև ժողովրդական լայն զանգվածների, որոնք իրենցով, որպես կանոն, անկազմակերպ են և կազմակերպվելու ռեսուրս չունեն: Բայց վերնախավերի և զանգվածների շահերի համընկնումն իրավիճակային է: Վերնախավերն ու զանգվածներն ի սկզբանե ունեն տարբեր օրակարգեր՝ անկախ նրանից՝ հանրությունը դա գիտակցու՞մ է, թե՞ ոչ: Հենց միայն այն, որ բոլոր հեղափոխությունների ընթացքում՝ հեղափոխության խորացմանը զուգընթաց, վերնախավային խմբերը, հատկապես «հեղափոխական մտավորականությունը» հերթով օտարանում են հեղափոխությունից, վկայում է, որ այստեղ գործում է օրինաչափություն:

Եթե ժողովրդական, արթնացած տարերքը գտնում է առաջնորդ և ինքնակազմակերպման ձև, սկսվում է բուն հեղափոխությունը, որն արդեն ուղղված է լինում ոչ միայն հին ռեժիմի, այլև ընդհանրապես վերնախավային մենաշնորհների դեմ: Տեղի է ունենում ոչ թե մակերեսային իշխանափոխություն՝ մի վերնախավային խմբից իշխանության անցում մյուսին, այլ հանրության կատարյալ վերակազմակերպում, վերանորոգում՝ երկար տարիներ կամ նույնիսկ դարեր սահմանափակված ուժերի և տարերքների ազատմամբ: Որքան ավելի ուժեղ է այս միտումը, այնքան ավելի է ուժեղանում վերնախավային, նախևառաջ իշխանափոխությանը մասնակցած խմբերի դիմադրությունը: Վերջիններիս բնական ձգտումն է իշխանափոխությունից հետո կայունացնել իրավիճակը, չխորացնել գործընթացը և մտցնել այն լեգալ, այսինքն՝ էությամբ պահպանողական սահմանների և սահմանափակումների մեջ: Բայց ժողովրդական տարերքի բնական ձգտումը հակառակ է սրան, այն է՝ խորացնել և ծավալել հեղափոխությունը: Շահերի այս բախումը, վերնախավային դիմադրությունը բնականից հանգեցնում է իշխանության կենտրոնացման և «ազատությունների»՝ այսինքն վերնախավային արտոնությունների սահմանափակման: Հեղափոխությունն էությամբ կռիվ է, և դրանում հաճախ գործում են կռվի օրենքները:

Revolutio՝ վերադարձ

Քանի որ ժողովրդական տարերքը նաև բնականից ազգային է և խորթ է մտավորականության ու վերնախավային խմբերի աշխարհաքաղաքացիական, «համամարդկային» գաղափարաբանությանը, ապա հեղափոխության ծավալմամբ՝ այն ստանում է ավելի ու ավելի ազգային գունավորում և գիտակցում իրեն հենց որպես ազգային: Ի վերջո նախկին «գաղափարական» հեղափոխականները սկսում են բողոքել, որ տեղի է ունենում վերադարձ նախկինին, և որ հեղափոխության անվան տակ հաղթում է «ռեակցիան»: «Ռեակցիոներներից» շատերը նույնպես նույն զգացողությունն են ունենում: Վերադարձ, իրոք, տեղի է ունենում, սակայն միանգամայն այլ իմաստով և խորքով, քան կարծում են այդ երկու ճամբարները:

Հեղափոխությունը, իրոք, ինչ-որ իմաստով վերադարձ է: Ի վերջո լատիներեն «revoltio»-ն բառացի նշանակում է հենց վերադարձ, շրջադարձ: Տարօրինակ է, որ հենց այս բառն է ժամանակին ընտրվել հանրային արմատական փոփոխությունները բնութագրելու համար: Բայց տարօրինակության զգացողությունը կանցնի, եթե վերհիշենք, որ ընդամենը մի քանի նուրբ իմաստային կապերով վերադարձը կապվում է հեղափոխման հետ: Այսպես, վերադարձի իմաստից հեռու չեն՝ շրջադարձը, վերանորոգումը, նորոգումը…: (Շրջադարձը, ըստ էության, «revolutio» բառի հայերեն բառացի համարժեքն է՝ միաժամանակ նշանակելով և՛ վերադարձ, և՛ փոփոխություն։ Եվ եթե հեղափոխություն` բավականին անշունչ ու գրքային բառի փոխարեն ժամանակին օգտվեինք հենց շրջադարձ բառից, ապա մեզ ավելի հասկանալի կլինեին «revolutio»-ի «տարօրինակությունները»):

Ի՞նչ է նորոգումը: Պարզ է, որ նորոգել հնարավոր է միայն այն, ինչը կա և ժամանակին եղել է նոր, բայց մաշվել է: Հետևաբար նորոգումը հենց վերադարձն է, քանի որ նորից վերականգնում է այն, ինչ եղել է ի սկզբանե, հետ է դառնում սկզբնակետին՝ կատարում է շրջադարձ՝ «revolutio»:

Եվ այս՝ առաջին հայացքից զուտ լեզվաբանական իրողությունը համընկնում է հեղափոխական պատմական փորձի առավել կարևոր տվյալի հետ. բոլոր մեծ հեղափոխություններն իրապես ավարտվում են վերադարձով, և նույնիսկ մեղադրվում են վերադարձի մեջ: Բայց դա սովորական վերադարձ չէ, իհարկե: Նապոլեոնի կայսրությունը, այո, ինչ-որ առումով վերադարձ էր Բուրբոնների մեծապետական Ֆրանսիային, բայց՝ Բուրբոններից ավելի ուժեղ, ավելի ազդեցիկ: Սովետական Ռուսաստանը, այո, ինչ-որ փուլից վերադարձ էր ցարական կայսրությանը, բայց՝ ավելի ուժեղ, ավելի ազդեցիկ: Նույնը՝ Չինաստանը, Իրանը…

Ստացվում է, որ հեղափոխական տարերքն իր ծավալման մեջ իրոք այլ բան չէ, քան վերադարձ: Բայց վերադարձ ոչ թե անմիջական անցյալին, այլ սկզբնական՝ իրական կամ ենթադրյալ նորոգ վիճակին: Սա, անշուշտ, տարակարծություն է (պարադոքս), որովհետև վերադարձ եզրի մեջ համընկնում են հակադրությունները՝ հեղափոխականն ու պահպանողականը (ակունքը և սկիզբը էությամբ պահպանողական են), բայց ռեակցիայից՝ անմիջական անցյալին վերադարձից տարբերվող «պահպանողականը»: Եվ այս տարակարծության առջև է, որ պարտվում են միմյանց թշնամի երկու ճամբարները. մի կողմից՝ հեղափոխության սկզբնական փուլերի առաջամարտիկ «առաջադեմ» մտավորականությունն ու դրանից ձևավորվող քաղաքական ու հանրային վերնախավերը, մյուս կողմից՝ հակահեղափոխական ռեակցիան: Վերջինիս պարտությունը, իհարկե, պակաս դաժան է և ի տարբերություն առաջինի՝ որոշ չափով պայմանական:

Կհաղթի արդյոք հեղափոխությունը նաև Հայաստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։