HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտունու գյուղերը դատարկվում են

Կարինե Իոնեսյան
Կարինե Հունանյան

Հովհաննիսյանների ընտանիքը մեկ շաբաթ առաջ հեռացավ Մարտունու տարածաշրջանի Վաղաշեն գյուղից: Նրանք մեկն են այն շատ-շատերից, ովքեր, չկարողանալով ապրել հայրենի գյուղում, լքում են հայրենիքը: Ընտանիքի հայրը' Լեւոն Հովհաննիսյանը, 7 տարի շարունակ արտագնա աշխատանքի էր մեկնում Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամաս. «8-9 ամիս դրսում եմ լինում, գալիս եմ ձմռանը: Գարնան սկզբին գնում էինք ու աշխատում մինչեւ ուշ աշուն: Կրասնոդարում շատ հայեր կան, մեր գյուղից էլ շատերը կան: Էնտեղ ես ինձ լավ եմ զգում, մի հարազատ միջավայր է ստեղծվել, փոքրիկ հայրենիք, միայն ընտանիքիս կարոտն է տանջում: Չեմ կարող այլեւս ընտանիքիցս հեռու ապրել, իսկ էնտեղի գործս թողնել էլ չեմ կարող: Գյուղում մենք ուղղակի օրերը քարշ ենք տալիս, իսկ Կրասնոդարում նորմալ կապրենք»,-ասաց Լեւոնը:

Լեւոնի 3 երեխաները դեռ փոքր են (միայն ավագ որդին է դպրոց գնում), եւ նա մտադիր է երեխաներին ռուսական դպրոց տանել. «Միայն այն բանի համար, որ երեխաներս հայկական կրթություն ստանան, չեմ կարող այստեղ մնալ»,-ավելացրեց Լեւոնը:

Ավագ որդին' Գոռը, ուրախ էր, որ գնում են, քանի որ ուզում է օդաչու դառնալ, իսկ այստեղ դա նրան չի հաջողվի:

Հինգամյա Նարեկն էլ ուրախացած ասաց. «Պապաս ասել էր, որ ինձ Երեւան կտանի' կառուսել նստելու, չէր տանում: էնտեղ լիքը կառուսել կնստեմ»:

Լեւոնի կինը եւս երկար էր սպասել այս պահին: Նրա խոսքերով' թեեւ դժվար կլինի ապրել հարազատ հող ու ջրից հեռու, բայց ընտանիքը միասին կլինի, ու ավելի լավ կապրեն:
Սիրուն տատը' Լեւոնի մայրը, արցունքն աչքերին էր ճանապարհում որդու ընտանիքին. «Մյուս որդիս' Արմենս, հինգ տարի առաջ է գնացել է, հիմա էլ Լեւոնս է գնում: Գյուղում մենակ եմ մնալու: Ո՞նց եմ ապրելու առանց թոռներիս, չգիտեմ, վայ թե չդիմանամ»:

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանը ընտանիք-ընտանիք մարդաթափ է լինում: 2005-ի մարտ ամսվա ընթացքում մեկնել է 9 ընտանիք:

1992թ.-ից սկսած' Հայաստանում աճել են բնակչության միգրացիոն տեղաշարժերը: Մեկնողների 85%-ը տեղափոխվում է ԱՊՀ երկրներ, ընդ որում' յուրաքանչյուր 3 ուղեւորից 1-ը բարձրագույն կրթություն ունի: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով' միայն 90-ական թվականների ընթացքում 800 հազ. մարդ է հեռացել երկրից:

Երեւանի տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի դոցենտ Կարեն Հակոբյանի խոսքերով' պաշտոնական տվյալները ճշգրտորեն չեն արտացոլում իրական պատկերը. «Շատերը գնում են օտար երկիր' այդպես էլ մնալով մեր երկրի քաղաքացի: Ոմանք հետո ձեռք են բերում նաեւ տվյալ երկրի քաղաքացիություն, իսկ մյուսներն այդպես էլ շարունակում են ապրել դրսում' ունենալով ՀՀ-ի քաղաքացիություն: Այնպես որ, մենք չենք կարող ստույգ իմանալ, թե քանի մարդ է հեռացել երկրից»:

Նրա խոսքերով' այժմ սեզոնային աշխատանքի նպատակով մեկ տարուց ավելի դրսում գտնվողներն այլեւս չեն համարվում այստեղի մշտական բնակիչ եւ ոչ էլ ժամանակավոր բացակայող: Սրանք եւս միգրանտներ են, որոնց քանակի մասին եւս տվյալներ չկան:

Վիճակագրության Գեղարքունիքի մարզային վարչության տվյալներով' մեկնողների մեծ մասը 10-ից 45 տարեկան է: Սա է պատճառը, որ եթե 70-80-ական թթ. դեռահասների տեսակարար կշիռը 40% էր, ներկայումս այն չի գերազանցում 28%-ը: Բացի այդ, 60 տարեկանից բարձր բնակչության տեսակարար կշիռը 8%-ից դարձել է 14%: Կանանց թիվը վերջին հինգ տարիների ընթացքում տղամարդկանց համեմատ 1.5 անգամ ավելի է: Սա բացատրվում է նրանով, որ արտագնա աշխատանքի գնացածների ընտանիքներն էլ են մեկնում:

Եթե 90-ական թթ. մեկնում էր հիմնականում քաղաքային բնակչությունը, ապա մոտակա 15 տարիներին, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ժողովրդագետ Խոջաբեկյանի կանխատեսմամբ, միջպետական միգրացիան կակտիվանա գյուղական բնակչության շրջանում. «Մեզ մոտ ֆերմերային տնտեսություններ ստեղծելու տենդենց է նկատվում: Շատ գյուղացիների այդ դեպքում միայն փոքրիկ հողակտորներ կմնան, ինչով, բնականաբար, ապրել չեն կարողանա»:

Ըստ Վիճակագրության Գեղարքունիքի մարզային վարչության տվյալների' 2004թ. տարածաշրջանից հեռացել է 353, վերադարձել' 128 մարդ, իսկ այս տարվա առաջին եռամսյակում հեռացել է 114, վերադարձել' 42 մարդ:

«Վերջին տարիների վիճակագրական տվյալները հուսադրող չեն. Մարտունու տարածաշրջանում արտագաղթն ակնհայտ է: Մարդիկ հեռանում են ցանկացած հնարավորության դեպքում: Վերջին հինգ տարիներին տարածաշրջանի բնակչության թվի փոփոխությունը հետեւյալն է' եթե 2000թ.-ին այն կազմում էր 94.500 մարդ, ապա այսօր' 91.043,-ասաց Վիճակագրության Գեղարքունիքի մարզային վարչության գլխավոր մասնագետ Արայիկ Եղիազարյանը:

Անհանգստացնող է այն հանգամանքը, որ Հայաստանի դեպքում առկա է միգրացիայի միայն մի կողմը' արտագաղթը, իսկ ներգաղթ չկա:

Պետական միգրացիայից բացի կա նաեւ տեղական միգրացիա: Արմեն Մովսիսյանի ընտանիքը 2001թ.-ից Երեւանում է: Մարտունիում Արմենը Գեղարքունիքի մարզի հարկային տեսչության փոխտնօրենն էր, այժմ Զեյթուն համայնքի հարկային տեսուչն է:

«Այժմ ավելի քիչ եմ վաստակում, քան առաջ, բայց համոզված եմ, որ երեխաներիս համար ապագայում ավելի մեծ հնարավորություններ են այստեղ ապահովված,-ասում է Արմենը,-երեխաներիս համար եմ այստեղ եկել»:

Փաստորեն գյուղական բնակավայրերում ապրում են նրանք, ովքեր ցանկանում են մեկնել, բայց հնարավորություն չունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter