
Կառավարությունն արտոնություն չտրամադրեց Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերությանը
Կառավարությունն այսօրվա նիստին մերժեց նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսանքար» ընկերությանը արտոնություն տրամադրելու հայտը:
Ընկերությունը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն էր դիմել՝ խնդրելով իրենց կողմից Հայաստան ներմուծվող սարքավորումներն ազատել մաքսատուրքից:
Սակայն նախարարությունը կառավարությանը հայտնեց, որ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները (լեդ լուսարձակներ, պրոժեկտորներ, լույսի հեռակառավարման վահանակ, ճոպաններ մետաղական լեդ լուսարձակների համար և այլն) նախատեսված են օգտագործել ժամանցի վայրի և ռեստորանային համալիրի համար, որի պարագայում կառավարությունն արտոնություն չի տրամադրում:
«Հարսանքար» ընկերությունը գրանցված է Սևանի Ցամաքաբերդ թաղամասում, այն հասցեում որտեղ գործում է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրը: Հետաքրքիր է, որ «Զինծառայողների ապահովման հիմնադրամ»-ի պաշտոնական կայքի տվյալներով՝ ընկերությունը հյուրանոցային համալիրի համար հիմնադրամին վճարում է հարկ առավելագույնը 18 աշխատակցի համար:
Մեկնաբանել