
Դժգոհ բուժանձնակազմը, անբարեխիղճ տնօրենն ու նրա զոհերը
Արմավիրի բժշկական կենտրոնի անձնակազմը 2011թ. հոկտեմբերից լիարժեք աշխատավարձ չի ստացել: Բուժաշխատողների ասելով` «աշխատավարձն ամեն ամիս տվել են` գլխից 10 տոկոսը պահած»: Տարեվերջի ժողովի ժամանակ էլ նախագահողն աշխատողներին «խորհուրդ» է տրել այդ մասին պատերի տակ չբամբասել: Իսկ նրանք, ովքեր կհանդգնեն լուրը լրագրողների ականջը գցել` կբացահայտվեն ու կհեռացվեն աշխատանքից:
Տեղեկությունը տրամադրած բուժաշխատողները, որ իրենց համարում են ֆինանսապես ու բարոյապես տուժածներ, չցանկացան ներկայանալ: «Եթե իմանայիք, որ անաշխատանք եք մնալու, կհամաձայնեի՞ք անվանապես ներկայանալ»,-ասաց աշխատանքային 35 տարվա փորձ ունեցող բժշկուհիներից մեկը:
Զրուցակիցներիս փոխանցմամբ` աշխատավարձի հանիրավի պահումները իրենց համար նոր չեն: Շուրջ մեկ տարի է` ժամանակ առ ժամանակ առնչվում են իրենց ձևակերպմամբ` բուժկենտրոնի ղեկավարության ռեկետին, «բայց, որ մի քանի ամիս անընդմեջ պահեին, ինչպես հոկտեմբեր-դեկտեմբերն էր, չէր եղել»:
Թե ուր են գնում պետբյուջերց փոխանցված, բայց հասցեատերերին մասամբ հասած գումարները, մեր զրուցակիցները միայն ենթադրում են: Համաձայն նրանց ենթադրությունների` Արմավիրի բժշկական կենտրոնը նախորդ տարիներից կուտակած 81 մլն դրամի պարտք ունի, որը մարելու համար էլ ընտրել են աշխատավարձերից պարբերաբար պահումներ անելու տարբերակը:
81 մլն դրամի պարտքը, ըստ մեր զրուցակիցների, կուտակվել է բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Նշան Գևորգյանի ղեկավարման տարիներին:
Վերջինս, թեև արդեն ազատված է տնօրենի պաշտոնից, բայց բժշկի իր պարտականությունները շարունակում է կատարել:
Հատկանշական է, որ Արմավիրի հիվանդանոցում տեղի ունեցած երկու մանկահասակ երեխաների մահը ևս Նշան Գևորգյանի պաշտոնավարման տարիներին է եղել: Առաջին դեպքն արձանագրվեց 2010-ին, երկրորդը` 2011-ին:
Երկու երեխաներն էլ կյանքից զրկվեցին հիվանդանոցի ղեկավարի`մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման, ինչպես նաև բժշկական օգնությունն ու սպասարկումը թերի կազմակերպելու պատճառով:
2010-ին, չորս տարեկան Հովհաննես Հովհաննիսյանը, որին հիվանդանոց էին ընդունել հուլիսի 17-ին` ճակատաքունքային շրջանների թարախակալվող հեմատոմաներ ախտորոշմամբ, կտրուկ վատանում է:
Նույն հիվանդանոցում գլխին արված երկու վիրահատական կտրվածք տարած երեխային շտապ մայրաքաղաք տեղափոխելու անհրաժեշտություն է առաջանում: Կենացմահու կռիվ տվող փոքրիկին, սակայն, սբ. Աստվածածին ԲԿ են տեղափոխում ոչ թե մանկական ռեանիմացիոն խումբ և ռեանիմոբիլ հրավիրելով, այլ սովորական տաքսիով: Հենց տաքսու մեջ էլ երեխան մահանում է: Ասել է, թե` կատարվում է հանցավոր արարք ՀՀ քր.օր-ի 130 հոդվածի 2-րդ մասով:
Մանկական մահացության հաջորդ դեպք, որը նույնպես հանցանք է պարունակում նույն հոդվածով, արձանագրվել է մեկ տարի անց, այս անգամ արդեն`կենտրոնի տնօրենի` ի պաշտոնե հիվանդի նկատմամբ անփույթ վերաբերվելու պատճառով: Տուժողը 2009թ. ծնված Արտաշես Սեդրակյանն էր, ով ստացիոնար բուժում էր ստանում Արմավիրի հիվանդանոցում: Երեխայի կյանքը փրկել չեն կարողացել միայն այն պատճառով, որ հիվանդանոցը չի ունեցել մանկական վերակենդանացման համար անհրաժեշը պայմաններ: Աշխատակիցների ասելով` իրենք հաճախակի հիշեցրել, անգամ պահանջել են, որ բաժանմունքն ապահովվի լարիգոսկոպով ու մանկական վերակենդանացման համար այլ անհրաժեստ պարագաներով: Բայց` անօգուտ:
Մահացության երրորդ դեպքը, որում տուժողը տարեց տղամարդ էր, դարձյալ չէր լինի, եթե հիվանդանոցի նախկին տնօրենը բարեխիղճ լիներ և չթերանար իր պարտականություններում:
2010թ. դեկտեմբերի 4-ի գիշերը Արմավիրի մարզի Այգեվան գյուղից շտապ բուժօգնության կանչ է գրանցվում: Բենզին չունենալու պատճառով, սակայն, շտապօգնությունը չի բարեհաճում այցելել հիվանդին, բնականաբար` բժշկական օգնություն չի ցուցաբերում, ինչի հետևանքով հիվանդը` Վռամ Խլղաթյանը, մահանում է: Այս դեպքում էլ է թույլ տրվում հանցավոր արարք, այս անգամ արդեն ՀՀ քր.օր-ի 315 հոդվածի 2-րդ մասով:
Դեպքերի առիթով հարուցված քրեկան գործն արդեն դատարանում է: Նախաքննական ցուցմունքներում «Արմավիր» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Նշան Գևորգյանն իրեն մեղավոր չի ճանաչել:
Մեկնաբանել