HY RU EN

Տրդատ Մուշեղյան

Ֆրանսիայում հանել են ռուսաստանցի միլիարդատեր Սուլեյման Կերիմովին առաջադրված մեղադրանքները

Ֆրանսիայի իշխանությունները հանել են Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ, միլիարդատեր Սուլեյման Կերիմովին առաջադրված բոլոր մեղադրանքները: Այս տեղեկությունը Интерфакс-ին հաղորդել է Կերիմովի փաստաբանը: Վերջինս նշել է, որ մոտ օրերին նրան կվերադարձվեն անձնագիրն ու վճարած գրավը: Նիս քաղաքի դատախազ Ժան Միշել-Պրետրը РБК-ին հայտնել է, որ Կերիմովը գործում նեգրավվելու է որպես վկա:

Հիշեցնենք, որ ռուս սենատորը ձերբակալվել էր նախորդ տարվա նոյեմբերի 20-ին ֆրանսիական Նիս քաղաքի օդանավակայանում: Նրա խափանման միջոցը ընտրվել էր անձնագրի հանձնումը և 5 միլիոն եվրո գրավի վճարումը: Ֆրանսիական իշխանությունները նրան մեղադրում էին անշարժ գույքի գնման ժամանակ չհայտարարագրված պայմանագրերի միջոցով հարկերը թաքցնելու մեջ:

Դեռևս 2017 թվականի մարտին Nice Matin պարբերականը գրել էր, որ դաղստանցի գործածարը Լազուրի ափում անշարժ գույք ունի: Թերթը գրել էր, որ փետրվար ամսին 12 հազար քառակուսի մետր ընդհանուր տարածք ունեցող առանձնատանը խուզարկություններ են եղել: Nice Matin-ի տեղեկություններով՝ քննիչները դրամական կտրոններ են հայտնաբերել, իսկ առանձնատան ավտոտնակում՝ «Ֆեռարի» և «Բուգատի» մակնիշի ավտոմեքենաներ:

Առանձնատան փաստաթղթերի համաձայն՝ անշարժ գույքի սեփականատերը շվեյցարացի ֆինանսիստ Ալեքսանդեր Շտուդհալտերն է եղել, սակայն Ֆրանսիայի իրավապահ մարմինները կարծում էին, որ վերջինս ընդամենը ձևական սեփականատեր է: