HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռուսաստանում բողոքի ցույցեր են մեկնարկել կենսաթոշակային տարիքի բաձրացման դեմ

Հուլիսի 1-ին Ռուսաստանի տասնյակ քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ: Ցույցերի դուրս գալու կոչը հունիսի 19-ին արել էր ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:

Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Սիբիրում և Հեռավոր Արևելքում: Այն քաղաքներում, որտեղ տեղի են ունենում ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները, ցույցեր չեն նախատեսվում: Հավաքները կազմակերպում են Նավալնու թիմակիցները, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու տեղի արհմիությունները:

Ամենամարդաշատ հանրահավաքները տեղի են ունեցել Օմսկում և Չելյաբինսկում: Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Օմսկում կայացած ցույցին մասնակցել է 3000 քաղաքացի, իսկ Ալեքսեյ Նավալնու գնահատմամբ՝ Չելյաբինսկի ցույցին մասնակցած քաղաքացիների թիվը կազմել է մոտ 2000: Նավալնին «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ ընդհանուր հաշվով ցույցեր են տեղի ունեցել 39 քաղաքներում:


Օմսկի ցույցը

Բողոքի ակցիաներին քաղաքացիները դուրս են եկել տարատեսակ պաստառներով, որոնց վրա գրված են «Չենք ուզում ստրուկ լինել», «Մեր հարկը ինչ-որ մեկի զբոսանավն է», «Կենսաթոշակ դիակների համար», «Բարձրացրեք թոշակը, ոչ թե կենսաթոշակային տարիքը» և այլն:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ցույցերի ընթացքում ոչ ոք չի ձերբակալվել:


Չելյաբինսկի բողոքի ակցիան

ՌԴ կառավարությունն առաջարկում է կենսաթոշակային տարիքի շեմը՝ կանանց համար 55-ից դարձնել 63, իսկ տղամարդկանց համար՝ 60-ից 65: Կենսաթոշակային տարիքի բարձրացման հիմնական պատճառը ՌԴ կառավարությունը նշում է բնակչության ծերացումը և կենսաթոշակային համակարգում ավելացող անհավասարակշռությունը: 

Համաձայն օրենքի նախագծի՝ կենսաթոշակային տարիքը կբարձրանա աստիճանաբար՝ սկսած 2019 թվականից: Կանանց համար այն կձգվի մինչև 2034, իսկ տղամարդկանց համար 2028 թվականը: Պետդումայում նախագծի առաջին ընթերցումը նախատեսվում է այս ամսին, իսկ երկրորդը՝ աշնանը:

Լուսանկարները՝ Ալեքսեյ Նավալնու «Թվիթեր»-ի էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter