
Զարգացման երկընտրանք. տուրի՞զմ, թե՞ հանքարդյունաբերություն
ՀՀ կառավարության 2009թ. հունիսի 26-ի N 848-Ն որոշմամբ հաստատված «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրում նշված է. «Հետազոտությունները ցույց են տալիս, որ զբոսաշրջության զարգացումը կարող է լինել Սյունիքի մարզի տնտեսական զարգացման կարևորագույն խթանը, որը կբարձրացնի բնակչության կենսամակարդակը և հնարավորություններ կստեղծի մարզի կայուն տնտեսական աճի համար: «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագիրը կոչված է Հայաստանի հարավային շրջանը դարձնել զբոսաշրջության համար գրավիչ կենտրոն»:
Հայաստանի հարավն ունի զգալի զբոսաշրջային ներուժ, որը պայմանավորված է Սյունիքի մարզի հարուստ բնությամբ, անտառներով ու լեռներով, պատմամշակութային և բնության հուշարձաններով:
Կշեռքի մյուս նժարին մարզում կենտրոնացված խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկություններն են, կառավարության կողմից երկրաբանահետախուզական ուսումնասիրությունների և որոնողական աշխատանքների համար տրամադրված լիցենզիաները:
Հնարավո՞ր է արդյոք զբոսաշրջության և հանքարդյունաբերության համատեղ զարգացումը: Այդ հարցին պատասխանելու համար փորձ է արվել քարտեզով ներկայացնել Սյունիքի մարզի պատմամշակութային հուշարձանները, թանգարանները, եկեղեցիները, հատուկ պահպանվող տարածքները և, որպես հակակշիռ, գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունները, պոչամբարները, մարզում երկրաբանահետախուզական ուսումնասիրությունների համար տրված 46 լիցենզիաների գործունեության վայրերը:
Առաջին հայացքից Հայաստանի հարավը նմանվում է ականապատված տարածքի և պարզ է դառնում, որ տուրիզմն ու հանքարդյունաբերությունը կողք-կողքի զարգանալ չեն կարող:
Մեկնաբանել