
Շաբաթվա ուղիղ միացումները կառավարության անդամներից. ամփոփում
Շաբաթվա սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին պատասխանեց օգտատերերի մի շարք հարցերի: Ուղիղ միացման մեկնաբանությունների դաշտում գրված հարցերին նա պատասխանում էր երկրորդ անգամ՝ նախորդից մոտ 2 շաբաթ անց: Այս անգամ հարցերը վերաբերում էին երիտասարդ ընտանիքներին հիպոթեքով տրամադրվող բնակարանների մատչելիությանը, պատերազմի վտանգին, փոքր և միջին բիզնեսին, կաթողիկոսին, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին, Երևանի քաղաքապետին և այլն:
![]() |
Նիկոլ Փաշինյան Վարչապետ |
Այս տեսանյութը վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած 19-րդ ուղիղ միացումն էր: Անցած 2 ամիսների ընթացքում Փաշինյանի ուղիղ միացումները դիտել են միջինում 710 000 օգտատերեր, արձագանքել են (Like, Love և այլն)՝ միջինում 54 600-ը, ամեն հեռարձակում միջինում 25 000 մեկնաբանություն է ունեցել:
Թեև դիտումների քանակը հիմնականում շատ է եղել մայիսին, երբ Փաշինյանը թողարկել է իր տեսաուղերձների 3/4-ը, այն չի նվազել նաև հունիսին: Մանվել Գրիգորյանի ձերբակալության մասին հունիսի 17-ի նրա պարզաբանումը մայիսից ի վեր ամենաշատ դիտված երկրորդ տեսանյութն է (պետք է հաշվի առնել, սակայն, որ ցուցանիշները փոխվում են ուղիղ հեռարձակումներին հաջորդող օրերի ու շաբաթների ընթացքում):
Երկուշաբթի ուղիղ միացումով օգտատերերին դիմեց նաև սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Նա հայտնեց, որ menu.am ընկերությունը կապահովվի «Արի տուն» ծրագրի հուլիսյան փուլի բոլոր 167 մասնակիցների գոնե մեկանգամյա սնունդը: Հիշեցնենք, որ այս ընկերության տնօրենը օրեր առաջ հայտնել էր, որ կդադարեցնի գործունեությունը, իսկ ավելի ուշ ներողություն էր խնդրել կառավարությանը՝ իր հայտարարության համար հիմք հանդիսացած որոշումը սխալ հասկանալու համար:
![]() |
Մխիթար Հայրապետյան Սփյուռքի նախարար |
Կիրակի օրը ուղիղ եթերում հայտարարությամբ հանդես եկավ նաև կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ հայտարարելով, որ հաջորդ տարվանից առաջին դասարանցիների գրանցման հայտերը կլրացվեն առցանց:
![]() |
Արայիկ Հարությունյան Կրթության և գիտության նախարար |
Արայիկ Հարությունյանը կառավարության՝ «Ֆեյսբուք» սոցցանցի ուղիղ եթերից ամենաշատ օգտվող մյուս անդամն է՝ Նիկոլ Փաշինյանից հետո: Ի տարբերություն վարչապետի՝ ԿԳ նախարարի տեսանյութերի մեկնաբանությունների ու դրանց տարածումների (share) քանակը գրեթե հավասար է:
Կառավարության մյուս անդամը, որն ամենաշատն է օգտվում ուղիղ եթերով քաղաքացիների հետ հաղորդակցվելու միջոցից, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է: Շաբաթ օրը նա աշխատանքային հանդիպում ունեցավ Լոռու մարզի պաշտոնյաների հետ:
![]() |
Արսեն Թորոսյան Առողջապահության նախարար |
Հուլիսի 1-ին ուղիղ եթերում իր հերթական շրջայցն ամփոփեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ Արարատի մարզից վերադառնալու ճանապարհին: «Ավարտեցի հերթական շրջայցս։ Այս շաբաթ հերթը Արարատի մարզինն էր։ Համայնքապետերի հետ քննարկվել են քաղաքացիների կողմից շաբաթվա ընթացքում բարձրացված բոլոր խնդիրները»,- գրել է նախարարը:
![]() |
Սուրեն Պապիկյան Տարածքային կառավարման և զարգացման նախարար |
Նոր կառավարության գործունեության երկու ամիսների ընթացքում ուղիղ եթերից օգտվել են նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ մեկական անգամ:
Մեկնաբանել