HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատմական հիշողության ոչնչացում

Մետաքսե Պետրոսյան

«Երեւանի տեսարժան վայրերի ցուցադրությունը նպատակ ունի նաեւ մատուցել հայկական ճարտարապետությունը, որը մենք փորձում ենք անել քաղաքում շրջելու ընթացքում: Ինչ վերաբերում է հին Երեւանի որեւէ հատված ցուցադրելուն, ավա~ղ, այդպիսին չկա այլեւս: Միայն հատուկենտ շենքեր են մնացել Աբովյան կամ Ալավերդյան փողոցներում, որոնց կողքով անցնելիս միգուցե կանգ առնենք ու բացատրություն տանք»,- ներկայացնում է «Լեւոն թրավլ» տուրիստական գործակալության տուրիստական բաժնի ղեկավար Դավիթ Խաչիյանը: Եվ ապա մեկնաբանում. «Նոր շենքերով զբոսաշրջիկին քիչ կզարմացնես: Իհարկե, Երեւանն ուրույն քաղաք է' իր 19-20դդ.-ի ճարտարապետությամբ, դա է զբոսաշրջիկներին հետաքրքիր, եւ ավելի շատ հետաքրքրվում են այն բաներով, ինչը չեն կարող տեսնել իրենց մոտ»:

Արդեն մեկ տասնամյակ մեր պետությունն իր զարգացման գերակա ճյուղերից մեկը հայտարարել է տուրիզմը: Զարգացման գերակա ճյուղ ընտրած ցանկացած նմանատիպ երկիր տարեկան բյուջեից մեծ հատկացումներ է անում իր պատմության եւ մշակույթի հուշարձանների ու նրան հարակից վայրերի բարեկարգման, վերականգնման ու նորոգման համար:

Բոլոր հնարավոր պայմանները ստեղծում է այն ավելի գրավիչ դարձնելու ու նպատակային օգտագործելու համար, ջանում է հնարավորինս հարստացնել ֆոնդերն ու ցուցադրության նմուշները' անգամ բարձր արժեքներով այլ երկրներից գնելով իրենց պատմությունն ու մշակույթը ներկայացնող ամենատարբեր իրեր: Միջազգային փորձը վկայում է, որ այդօրինակ նպատակային ներդրումներն արդարացվում են' շարժելով զբոսաշրջիկի հետաքրքրությունը' կրկին ու կրկին այցելելու տվյալ երկիր: Դրանից շահում է եւ՛ ներդրողը, եւ՛ պետությունը:

«Ամեն մի ժողովրդի ինքնության կարեւորագույն բաղկացուցիչ մասը նրա հիշողությունն է, մասնավորապես պատմական հիշողությունը: Ցեղասպանության 90-ամյակի հիշատակման այս օրերին հատկապես վերհիշում ենք մեր մեծերի պատմածները Արտամետի խնձորների, Վանա լճի, Անիի հուշարձանների մասին, այսինքն' հիշողությունը մեր կորուսյալ հայրենիքի մասին: Դա մեր ինքնության մի մասն է: Այսօր ասելով հայ՝ հասկանում են եւ՛ ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, եւ՛ ժողովուրդ, որը կորցրել է իր հիշողության նյութականացված արժեքները: Մեր ներկայիս իշխանավորները ոչնչացնում են մեր ինքնության մաս կազմող հիշողության նյութականացված տարրերը՝ Երեւան քաղաքի կենտրոնի շինությունները»,- այսպես է բնութագրում քաղաքի կենտրոնում արդեն տարիներ շարունակվող կառուցապատման տենդի բռնկումը ազգագրագետ, պատմական հիշողության մասնագետ Հարություն Մարությանը:

2000թ.-ից փոքր կենտրոնում թափ առած շինարարությունը Հյուսիսային պողոտայի կառուցման անվան տակ վերածվեց ուղղակի ավերածության Երեւանի պատմամշակութային հուշարձանների նկատմամբ: Այս ավերածությունը սկսելու համար արդեն վաղօրոք փաստաթղթային որոշ նախապատրաստական աշխատանքներ կատարվել էին: 1991թ. քաղաքապետի պատվերով հաստատվել էր Երեւանի պատմամշակութային հուշարձանների հիմնավորման նոր նախագիծ, քանի որ մինչ այդ գործում էր Խորհրդային ժամանակաշրջանի՝ 1983թ. ընդունված որոշումը: Ըստ այդ որոշման' Երեւանի պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված էր 197 հուշարձան: Նոր նախագծով դրանց թիվն անհամեմատ մեծացավ: 2000թ. քաղաքապետ Ալբերտ Բազեյանը ուժը կորցրած է ճանաչում հիշյալ որոշումը՝ կրկին ուժի մեջ թողնելով 1983 թվականինը: Եվ սկսվում է «կառուցապատման ագրեսիան»,-կատարվածն այսպես որակեց Մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարարության պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարեն Այվազյանը' անմիջապես հավելելով. «Ես վատ իմաստով չեմ ասում»: Ըստ խորհրդային շրջանում հաստատված ցուցակի՝ հուշարձանների ցանկի մեջ էին մտնում հիմնականում եկեղեցիները՝ իրենց հարակից տարածքներով, խաչքարերը, որոշ կարեւոր նշանակության շինություններ, ինչպես, ասենք, Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնն իր հարակից տարածքով, Հանրապետության հրապարակը եւ այլն: Այսինքն' դրանց թիվն ավելի սահմանափակ էր, քան իրենց ընդունած որոշման պարագայում, եւ որպեսզի ավելի ազատ գործեին, գերադասեցին նախկինը:

Փոքր կենտրոնում, ավելի ճիշտ' Հյուսային պողոտայի կառուցումը սկսելիս, քաղաքապետարանը կառուցապատողների հետ սկսել է պայմանագրեր կնքել լոտերի վաճառքի վերաբերյալ, բայց պայմանագրում հուշարձան-շենքի մասին որեւէ նշում չի եղել, քանի որ այդ ժամանակ կառավարության որոշում չի եղել այդ շենքերի' հուշարձան լինելու վերաբերյալ: Եվ միայն 2004թ. խնդրի արդեն տարիներով չարչրկումից, տեղի բնակիչների բողոքներից, մտավորականների հրապարակումներից ու մամուլի անդրադարձներից հետո որոշվում է կազմել հանձնաժողով' ավերումից դեռեւս խույս տված մի քանի հուշարձան-շենքերի հետագա ճակատագիրը պարզելու համար: Մշակույթի նախարարության ձեւավորած փորձագիտական հանձնաժողովում ընդգրկվում են եւ՛ գործակալության, եւ՛ քաղաքապետարանի աշխատակիցները՝ ճարտարապետներ, պատմաբաններ, հնագետներ, ազգագրագետներ:

«Հանձնաժողովն ուներ խորհրդակցական ձայնի իրավունք, նրա ընդունած որոշումները պետք է հաստատեին գործակալությունը, ապա՝ կառավարությունը»,- նշում է Հ. Մարությանը, որը նաեւ հանձնաժողովի անդամ է եղել: Ի վերջո, ընդունվում է որոշում տարածքի 14 հուշարձան-շենքերի պահպանման վերաբերյալ, բայց, մեծավ մասամբ, ապամոնտաժելու եւ այլ տեղում վերականգնելու նպատակով, որն էլ տեղի է ունենում հանձնաժողովի անդամ, պետական ծառայող-ճարտարապետների մեծամասնություն կազմող ձայների ճնշման ներքո: Այսինքն' հաշվի չի առնվում այն անկախ մասնագետների կարծիքը, որոնք գտնում էին, որ հուշարձանը որպես այդպիսին ընկալվում է իր պատմական միջավայրում եւ անգամ ապամոնտաժելու ու այլ տեղում վերականգնելու դեպքում կորցնում է իր արժեքն ու նշանակությունը, իր ժամանակին բնորոշ շինարարական տեխնոլոգիայի առանձնահատկություններն ու նաեւ ճարտարապետական տեսքը: Ի հակադրություն այս ամենի' պետական չինովնիկներն ունեն իրենց արդարացումները՝ քաղաքը պետք է զարգանա, եւ իրենք կառուցում են նոր պետության նոր մայրաքաղաք:

Հանկարծ պարզվում է' շինություններն իրենց տեղում չեն

«Հյուսիսային պողոտայի գաղափարը, որն ուներ Թամանյանը, այլանդակվեց: Նրանք գնացին միայն շահի ուղղությամբ եւ շահ' հենց այս պահին սկզբունքով»,-ասում է պրն Մարությանը: Նշենք, որ Հյուսիսային պողոտայի կառուցումը նպատակ ուներ ստեղծել մի վարչական կենտրոն բոլոր արդիական հնարավորություններով, որտեղ կկենտրոնացվեն երկրի վարչական ենթակառուցվածքները, բիզնես գրասենյակները, եւ օտարերկրացի ու սփյուռքահայ ներդրողներին Հայաստանով հրապուրելու եւս մեկ հնարավորություն կստեղծվի: Եթե համեմատության եզր անցկացնենք եվրոպական երկրների նմանատիպ կենտրոնների հետ, հազիվ թե գտնենք նման մի բիզնես կենտրոն, որտեղ բնակարանաշինություն նախատեսված լինի, եւ կամ որը կառուցված լինի քաղաքի պատմությունը ոչնչացնելու հաշվին: Նման կենտրոններն առավելապես կառուցվում են ազատ տարածքներում' իրենց շուրջը կենտրոնացնելով նոր առեւտրային ու բիզնես ենթակառուցվածքներ, եւ այդ կերպ խթանում քաղաքի զարգացմանը:

«2000-04թթ. ընկած ժամանակամիջոցում,-շարունակում է Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կ. Այվազյանը,-մենք չկարողացանք նորմալ տիրություն անել, սակայն պայքարել ենք, որ խնդիր դրվի տարածքի հուշարձան-շենքերը ներգրավելու պողոտայի կառուցապատման մեջ»:

Խնդրի լուծմամբ զբաղված էին եւ՛ քաղաքապետարանը, եւ՛ կառավարությունը, եւ՛ թաղապետարանը: Ինչպես գործակալության աշխատակիցն է նշում, պողոտայի տարածքում ընկած հին շենքերը դուրս էին նրա կառուցվածքից եւ կարելի էր ապամոնտաժել ու դնել այդ ուղղության վրա: Բայց ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ էլ կառուցապատողները չգնացին դրան' պատճառաբանելով, որ այդպես ավելի թանկ է նստում: Մեզ միշտ պատասխանում էին, որ դրանք մասշտաբային առումով չեն համապատասխանում, տեղում չեն, մենք այլ տեղ կդնենք եւ այլն:

Հարյուրամյակ շարունակ իրենց տեղում կանգնած շինությունները հանկարծ պարզվում է' իրենց տեղում չեն: Եվ մեր ամենակարող չինովնիկները որոշել են դրանք իրենց «տեղում դնել», որտեղ կհայտնվեն իրենց համար «հարազատ ու հետաքրքիր» միջավայրում: Նախնական մի տարբերակով այդ 14 շենքերը հավաքվելու են Արամի փողոցից մինչեւ Կողբացի փողոցն ընկած հատվածում, ուր հատվում է Հյուսիսային պողոտան: Թամանյանի, Բունիաթյանի, Մեհրաբյանի եւ այլոց ճարտարապետական դպրոցի դասերն առած մերօրյա ճարտարապետները որոշել են այս կերպ ինքնահաստատվել հայ ճարտարապետության ու քաղաքաշինության պատմության մեջ: Չէ՞ որ պատմությունն, այնուամենայնիվ, այդպիսին է. այն մտապահում է մեկ Դավիթ շինարարին, մեկ էլ՝ Հռոմը հրի մատնած Ներոնին:

Իսկ ինչպե՞ս հասկանալ Աբովյան փողոցի 1/4 շենքի հետ կատարվողը: Այս շենքը ո՛չ իր դիրքով, ո՛չ էլ որեւէ այլ պատճառով չի խանգարում պողոտայի կառուցմանը, բայց նույն ճակատագրին է արժանանում, ինչին որ Կողբացի, Բյուզանդ, Պուշկին, Ամիրյան, Արամ, Տերյան փողոցների վրա գտնվող շինությունները: Փորձագիտական հանձնաժողովը որոշում է ընդունել այս շինությունը տեղում պահպանելու վերաբերյալ, ինչը հաստատեց նաեւ պրն Այվազյանը: Նա պնդեց, որ թեեւ «տեխնիկական» պատճառներով 2004թ. դեկտեմբերի 7-ի կառավարության ընդունած 16/16 ն որոշմամբ ընդունված հուշարձանների պահպանման ցանկից այն դուրս էր մնացել, բայց ինքը շտապեց շտկել բացթողումը ցուցակի հրապարակումից մեկ շաբաթ անց, եւ այն կրկին վերականգնվեց: Բայց, չգիտես ինչու, այն քանդվեց ետնամասով մոտ մեկ ամիս առաջ, իսկ հիմա էլ ապամոնտաժվում է (հավանաբար, եթե ոչ վերջնական քանդվում) արտաքին պատը: Նույնիսկ պետականորեն հաստատված որոշումը նշանակություն չունի կառուցապատողի համար: Կամ' ի՞նչ բացատրություն կարելի է տալ Արամի փողոցից' Չարենցի տուն-թանգարանից մինչեւ Սարյան փողոցն ընկած հատվածի մասին: Այն եւս բոլորովին չի առնչվում պողոտայի կառուցմանը: Բայց արի ու տես, որ այն եւս չի վրիպել «եվրոտներ» կառուցող շինարարների աչքից: Մեկն էլ այդտեղ է հասցրել մի անշուք բարձրահարկ կանգնեցնել, որն իր շինարարական ու ճարտարապետական լուծումներով բոլորովին չի համապատասխանում մեծն բանաստեղծի ապրած պատմական միջավայրն ու ժամանակաշրջանը բնութագրող փողոցի այդ գողտրիկ հատվածին: Այս բակում դեռ մինչեւ վերջերս պահպանվել էին անցյալ դարասկզբի կամարակապ փայտաշեն դարպասներով միահարկ եւ երկհարկանի տները եւ, ի դեպ, դարձել զբոսանքի հաճելի վայր թե՛ տեղաբնակների, թե՛ զբոսաշրջիկների համար: Իսկ ի՞նչ է արել մոդեռն շինարարը: Շենքը կառուցել է փողոցին հակադիր, ո՛չ ընտրված շինանյութի տեսակը, ո՛չ էլ գունային կոնտրաստն է հաշվի առնվել: Նախկինները կառուցված են հիմնականում սեւ տուֆից, իսկ այս նորաթուխը ճերմակ ագռավի պես վեր է խոյացել ու իր «բարձրունքից» է փորձում ինքնահաստատվել տարածքում:

Պրն Այվազյանի հավաստմամբ' այդ տարածքում հուշարձան էր միայն թիվ 62-ը, որը, սակայն, չկա տեղափոխման ենթակա հուշարձանների ցանկում ու արդեն քանդվել է: Ցանկում ընդգրկված է թիվ 74-ը, բայց մինչ այս պահը նույնիսկ համարակալված չէ, իսկ հերթն արդեն նրան է հասել: Մինչդեռ, իրականում հենց 2004թ. պահպանման ընդհանուր ցուցակում հուշարձան են ճանաչվել թիվ 62, 64, 68, 70, 72, 74, 80, 86 շենքերը, այսինքն' փողոցի ողջ հատվածը: Իսկ օրենքը մատնանշում է, որ հուշարձանի պատմական միջավայրը ներկայացնող հարակից տարածքը եւս մտնում է պահպանության գոտու մեջ: «Բոլորովին վերջերս, երբ մենք շրջում էինք Արամի փողոցով, հանդիպեցինք այդ նորակառույցին եւ փնտրեցինք մուտքը, բայց երկար ժամանակ չէինք գտնում: Հետո պարզվեց, որ այն լինելու է հարեւանի տան տեղում»,-տեղեկացրեց պրն Մարությանը' մեկնաբանելով. «Օրվա քաղաքականությունն է' կանգնեցնել փաստի առջեւ, որ վերացնեն նաեւ կողքինը»:

Արդեն քանդվում է Չարենցի տուն-թանգարանի ու բարձրահարկի միջեւ ընկած տարածքը: Նույն իրավիճակն է Փ. Բուզանդ փողոցի վրա գտնվող հուշարձան-շենքերի դեպքում: 1987թ. մեկ այլ որոշմամբ պահպանության ցանկում ներառված 16 շինություններից 2004թ.-ին մաղվել-մնացել է 10-ը, իսկ տեղափոխման ցանկում ընդգրկված են 6-ը: Մնացածի ճակատագիրն առավել քան պարզ է: Հանձնաժողովի անկախ մասնագետները տեղեկացրին, որ այս տարվա հունվարին տարածքի նորահայտ հուշարձանների վերաբերյալ փորձագիտական հանձնաժողովը տվել է իր դրական եզրակացությունը' նրանց պահպանության ցանկում ներառելու համար, սակայն կառավարությունն առայսօր չի հաստատել այն:

Օրենքներ, որոնք կիրառությունից դուրս են

«ՀՀ Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման մասին» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն' հուշարձանի քանդումն արգելվում է, իսկ հուշարձանը կարող է տեղափոխվել միայն բացառիկ դեպքերում' ՀՀ կառավարության թույլտվությամբ՝ լինի հանրապետական, թե տեղական նշանակության: «Ո՞ր դեպքում կարելի է հուշարձանի նկատմամբ նման բացառիկ մոտեցում ցուցաբերել» հարցին Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության աշխատակից Կ. Այվազյանը պատասխանեց. «Եթե առկա է քաղաքի համար կենսական նշանակություն ներկայացնող գերակա խնդիր, ինչպես, օրինակ' եթե անհրաժեշտ լիներ ջրագիծ անցկացնել կամ նման մի այլ բան»: Իսկ այս շինություններից որեւէ մեկը գտնվո՞ւմ էր նման կենսական խնդրի լուծման ճանապարհին: Պարզվում է՝ ոչ: Եվ ընդհանրապես, գործակալության աշխատակցի խոսքերից տպավորություն է ստեղծվում, թե նրանք ավելի շատ միջնորդական առաքելություն են իրականացնում, ոչ թե զբաղվում են հուշարձանների պահպանմամբ: Քանզի առաջադրված բոլոր հարցերին պրն Այվազյանն ուներ ընդհանրական պատասխաններ՝ մենք այդ հարցերը բարձրացրել ենք կառավարության առջեւ, մենք փորձել ենք համաձայնության գալ, ցուցակը դեռ չէր հաստատվել, մենք իրավասու չէինք կառուցապատողներին պատասխանատվության կանչել եւ այլն:

Եթե անգամ օրենքը հնարավորություն չէր տալիս դատական կարգով հարցին լուծում տալ, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ պետական մարմինը չի կարող անգամ հարց բարձրացնել գործընթացը ժամանակավորապես կասեցնելու, մինչեւ խնդիրը քննարկվի, եւ մասնագիտական եզրակացություն տալուց հետո միայն որոշվի տվյալ շինության ճակատագիրը: Մեր այս հարցապնդմանը պրն Այվազյանն ուղղակի պատասխանեց. «Ես չինովնիկ մարդ եմ, հասկացեք»:

Իհարկե, մասնագիտական հանձնաժողովը քննարկել է տարածքի հուշարձան-շենքերի հարցը: Բայց նախ' ցանկը կազմվել է խիստ ուշացումով, երբ բոլոր հիմնարար ավերածություններն արդեն արված էին, եւ հետո՝ իրենց հարմար եղանակով: Գումարվել է ընդամենը մեկ-երկու նիստ, իսկ առաջին նիստում, զգալով արդեն անկախ մասնագետների անհամաձայնությունը քաղաքի պատմական դեմքի ոչնչացման վերաբերյալ, հետագա նիստերին խուսափել են նրանց մասնակցությունից եւ չինովնիկական ապարատի (կառավարություն, քաղաքապետարան) համատեղ ջանքերով կայացրել իրենց հարմար որոշումը: Հստակ է, որ գործակալությունն իր գործընկերների դեմ ընդվզելու փոխարեն նախընտրել է հարմարվողականություն հանդես բերել. չէ՞ որ արդարանալու տեղը թողնված է՝ չկար անհրաժեշտ իրավական դաշտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter