HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

19 տարեկանից 25 տարի պատիժ կրող դատապարտյալը դիմել է բարձրաստիճան պաշտոնյաներին

25 տարի պատիժ կրող, որից 9 տարին հաշմանդամության անժամկետ 2-րդ կարգ ունեցող ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանը կարող էր 5 տարի առաջ արդեն ազատության մեջ լինել. նա կարող էր կա՛մ պայմանական վաղաժամկետ ազատվել կամ պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդության հիմքով:

Վահագն Մարուքյանը 2014-ից զրկվել է ինքնուրույն քայլելու հնարավորությունից, տեղաշարժվում է երրորդ անձի օգնությամբ՝ սայլակով:

Ինչպես ինքը՝ ցմահ դատապարտյալն է վկայում, հոդերի ծանր հիվանդությամբ՝ ռևմատոիդ արթրիդ, հիվանդացել է բանտային խցային խոնավ պայմանների հետևանքով: «Արթիկ» ՔԿՀ-ում կայացած արտագնա նիստին Վահագն Մարուքյանին ուղեկցողները նիստերի դահլիճ էին մտցրել աթոռին նստած վիճակում, ինչը արձանագրել էր «Գալլա» հեռուստաընկերության տեսախցիկը: Հետո տրամադրվել է հենասայլակ:

Մարուքյանն ու նրա պաշտպան Վահագն Մարուքյանը դիմել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան բանտային լեզվով ասած՝ «ակտիրովկայի»՝ հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատվելու համար:  

Դատապարտյալին, ըստ դատարանի, պետք է ուղարկեին նոր հետազոտությունների, քանի որ նախկինը 2 տարվա վաղեմության էր: Սակայն մինչ օրս նոր հետազոտությունները չեն կազմակերպվել:

Վահագն Մարուքյանը դիմումներ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և ՔԿՎ պետ Արտյոմ Մխոյանին:

ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ Արտյոմ Մխոյանին գրված նամակում Վահագն Մարուքյանը բարձրացնում է իր բժշկական նոր հետազոտությունները չկազմակերպելու հարցի մասին: Բանն այն է, որ մայիսի 29-ին դեռևս հետաձգվել է դատական նիստը հենց նոր բժշկական հետազոտություններ նշանակելու ու կատարելու նպատակով: Մայիսի 30-ին գրություն է ուղարկվել «Արթիկ» ՔԿՀ-ից վարչություն, որպեսզի նրան տեխափոխեն դատապարտյալների հիվանդանոց նոր հետազոտությունների: Սակայն հունիսի 14-ին ստացվել է ՔԿՎ արդեն նախկին պետի տեղակալ Արսեն Համբարձումյանի պատասխանը, որով վերջինս հայտնել է, թե Մարուքյանի հետազոտությունները պետք է կազմակերպվեն «Արթիկ» ՔԿՀ-ում:

«Պարոն Մխոյան, Դուք՝ ինքներդ, լավ գիտեք, որ Արթիկ ՔԿՀ-ում դա անհնար է... նույնիսկ հաշվի չի առնվում դատարանի որոշումը... անգամ դատավորի հարցին, թե քանի օր է հարկավոր Մարուքյանին հետազոտելու համար, պատասխանեցին՝ 10 օր: Դատավորը 30 օր ժամկետ տվեց»,-նշված է Մարուքյանի նամակում:

Այնինչ 30 օրը վաղուց անցել է, սակայն Մարուքյանը դեռևս չի հետազոտվել: Պարզաբանում ստացանք ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանից: Նա ընդգծեց, որ դիմել են առողջապահության նախարարություն, որպեսզի Վահագն Մարուքյանի հետազոտությունները պետական պատվերի շրջանակներում իրականացվեն քաղաքացիական հիվանդանոցում: «Սպասում ենք պատասխանի»,-ասաց ՔԿՎ պաշտոնյան:

Նշենք, որ թե՛ քրեական, թե՛ քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված են, որ պատժի հետագա կրման հետ անհամատեղելի հիվանդություններով տառապող դատապարտյալները կարող են ազատվել պատժից: ՔՕ 79 հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե անձը հանցանք կատարելուց կամ դատավճիռ կայացնելուց հետո հիվանդացել է այլ ծանր հիվանդությամբ, որը խոչընդոտում է պատիժը կրելուն, ապա դատարանը կարող է նրան ազատել պատիժը կրելուց՝ հաշվի առնելով կատարված հանցանքի ծանրությունը, դատապարտյալի անձը, հիվանդության բնույթը և այլ հանգամանքներ: Պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը, որտեղ ներառված են 41 անուն ծանր հիվանդություններ` իրենց բարդության տարբեր աստիճաններով, հաստատվել է դեռևս 11 տարի առաջ կառավարության 2006թ. մայիսի 26-ի 825-Ն որոշմամբ:

Վահագն Մարուքյանը կալանավորվել է 1993 թ.-ին՝ 19 տարեկանում: 1994 թ.-ին ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով դատապարտվել է մահապատժի (2003թ.-ից ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ): Մարուքյանը մեղավոր է ճանաչվել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետի սպանության մեջ: Դատավճռի հիմքում դրվել է նաև նրա ինքնախոստովանական ցուցմունքը, որը, իր խոսքով, տվել է բռնության հետևանքով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում Վահագն Մարուքյանը խնդրում է հետամուտ լինել, որ բացահայտվի իր նկատմամբ կատարված բռնությունը: Ըստ Մարուքյանի, 1993-ին, երբ իրեն մեղավոր չի ճանաչել, ՀԿԳ քննիչ Անդրանիկ Միրզոյանի հրահանգով իրեն բռնի հանել են Վանաձորի ոստիկանության բաժանմունքից, ապա կրակել, իսկ փամփուշտը մինչ օրս մարմնի մեջ է:  

Պատիժը կրելուց 22 տարի անց փոխվել է նրա պահման ռեժիմը՝ փակից դառնալով կիսափակ: 5 անգամ մերժվել է նրա պայմանական ազատումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter