
«Վերնիսաժում» տաղավարի գները ֆիքսված են` ամառ, թե ձմեռ. ահազանգում են որոշ վերնիսաժցիներ
Երևանի Խանջյան փողոցից մինչև Հանրապետություն փողոց՝ շուրջ 2 հեկտար տարածության վրա, արդեն 25 տարի, սկզբում՝ տարերայնորեն, իսկ 1996-ից՝ կանոնակարգված, գործում է «Վերնիսաժը»՝ արվեստի գործերի ցուցահանդես-վաճառքը:
1996-ից «Վերնիսաժը» գործում է «Հ. Նավասարդյան» ՍՊԸ-ի տնօրինությամբ, որը հիմնադրել է Հարություն Նավասարդյանը: Վերջին անգամ տարածքը հիմնանորոգվել է 2016-17 թթ.-ին՝ «Հ. Նավասարդյան» ՍՊԸ-ի կողմից: Մի քանի շարքերով տեղադրվել են ժամանակակից տաղավարներ՝ արևից ու անձրևից պահպանող թեթև կոնստրուկցիաներով ծածկեր, բարեկարգվել են ճեմուղիները, տեղադրվել են ցայտաղբյուրներ, նորացվել է լուսային ու էլեկտրական սնուցման ցանցը:
«Վերնիսաժի» «հնաբնակները», սակայն, նշում են, որ դրական փոփոխություններով հանդերձ, բաց երկնքի տակ կազմակերպված ավելի քան 20 տարի գործող ցուցահանդես-վաճառքը կանոնակարգման կարիք ունի: Ավելացել է արվեստի գործեր չհանդիսացող իրերի վաճառքը. «Հայկական սուվինիրը Չինաստանում է արտադրվում», «Փեթակից հուշանվերներ են վաճառվում», «անգամ չիր ու չամիչ է վաճառվում Վերնիսաժում, մնում է մսի պասաժ բացվի»,- ասում են վերնիսաժցիները:
Որոշ վերնիսաժցիներ ահազանգում են նաև՝ վճարում են տեղի գումար՝ մեկ քառակուսի մետրի համար 1000 դրամ, վճարում են անգամ այն օրերի համար, երբ չեն գալիս, նաև ամառ-ձմեռ նույն գումարն է: Բայց ամենակարևոր ահազանգն այն է, որ վճարում են առձեռն, ոչ թե բանկային հաշվեհամարին ու կտրոն չեն ստանում:
Փայտարվեստի վարպետ Սամվել Թադևոսյանն ասում է, որ կարող են հանգիստ վճարում կատարել ՍՊԸ-ի հաշվեհամարին, կարող են գործել զեղչեր, օրինակ՝ չգալու դեպքում նույն գանձումը չարվի, կամ ձմռանը գները իջնեն, քանի որ, բնական է` ձմռան ամիսներին առևտուրը անհամեմատ զիջում է տաք սեզոնի ժամանակ արվածին:
«Հետք»-ը լսել է նաև «Հ. Նավասարդյան» ՍՊԸ-ի տնօրենի՝ Պավել Գուրողլյանի պարզաբանումները: Նա ասաց, որ շաբաթ-կիրակի օրերին լավ եղանակի դեպքում մոտ 1600 մարդ է վաճառում իր ապրանքը «Վերնիսաժում»: Պարզաբանեց, որ տաղավարների գումարներով վճարում են հարկեր, կոմունալ վարձեր ու աշխատավարձեր: Որպես խնդիր առանձնացրեց գողությունը. «Ջեբկիրները շատ են»:
«Վերնիսաժի» տնօրենը նշեց, որ անգամ շաբաթ-կիրակի տեղի խնդիր է լինում, մոտ 80-85 մարդ դուրս է մնում: Ինչ վերաբերում է ոչ արվեստի գործերի համար այլ տարածք հատկացնելուն, ապա տնօրենի հավաստմամբ, տնօրինությունը չի կարող նման տարանջատում անել, քանի որ արվեստի ու ոչ արվեստի գործերը հաճախ նույն տաղավարում, նույն անձի կողմից են վաճառվում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել