HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է անցում կատարել 100%-անոց համամասնական ընտրակարգի

Խորհրդարանում մեկնարկել է ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի նիստը, այսօր ներկայացվելու են «Ծառուկյան» խմբակցության առաջարկները։ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ իրենց առաջարկություններից առաջինը փակ ցուցակներով 100%-անոց համամասնական ընտրակարգին անցումն է, որպեսզի «ապահովվի բազմակուսակցականությունը»։

Հիշեցնենք, որ 100%-անոց համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկ են արել նաեւ «Ելք» ու ՀՅԴ խմբակցությունները, սակայն դրան դեմ է ՀՀԿ-ն։

ՀՀԿ-ականների հիմնավորմամբ՝ համամասնական ընտրակարգին անցումը «մարզերում կսպանի քաղաքականությունը»։

Բագրատյանն անդրադարձավ ՀՀԿ-ականների այդ փաստարկին՝ ընդգծելով, որ առաջարկում են ապահովել նաև մարզային քվոտարման ներգրավվածություն։ Հանձնաժողովի անդամներն արտահայտեցին իրենց մտահոգությունը՝ ի՞նչ է լինելու այն դեպքում, երբ մի մարզը ներկայացնող բոլոր թեկնածուները հրաժարվեն մանդատից, այդ մարզը ներկայացուցիչ չի՞ ունենալու։ ՀՀԿ-ականների համար վիճահարույց էր նաև այն առաջարկը, որ ցուցակում մարզային թեկնածուների ընդգրկվածությունը լինելու է ըստ բնակչության թվաքանակի։ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նկատեց, որ այդ դեպքում միայն ամենաշատ ձայներ ստացած ուժը կարող է ապահովել բոլոր մարզերից ներկայացուցիչներ։

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն էլ անդրադարձավ առաջարկի այն դրույթին, որի համաձայն` մարզի ներկայացուցիչ լինելու համար հիմք են համարելու տվյալ քաղաքացու հաշվառումը: Պատգամավորի համար դա մտահոգիչ է, քանի որ մարդը կարող է հաշվառվել որևէ մարզում, սակայն բնակվել մեկ այլ մարզում։ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր օրինակով ներկայացրեց՝ հաշվառված է Վանաձորում, շաբաթ-կիրակի օրերին գնում է ծննդավայր, սակայն բնակվում է Երևանում, և չի կարելի զուգահեռ իրականացնել այն անձի հետ, որը մշտապես բնակվում է Վանաձորում և ավելի քաջատեղյակ է խնդիրներին։

«Ծառուկյան» խմբակցության մյուս առաջարկն է` հավասար քարոզչական պայմաններ ապահովել զորամասերում։ Նման առաջարկությամբ է հանդես եկել նաև «Ելք» խմբակցությունը։

Առաջարկ հնչեց նաև, որ արգելվի համատիրությունների տարածքները նախընտրական շտաբի վերածելը: Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ նախորդ ընտրությունների ժամանակ համատիրություններն օգտագործվել են նախկին իշխող ուժի՝ ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելու նպատակով։

«Ծառուկյան» խմբակցության մյուս առաջարկն այն է, որ քվեաթերթիկի կամ ծրարի վրա որևէ նշույլի առկայության դեպքում այն համարվի անվավեր, օրինակ` եթե ծրարում լինի թել, գունավոր թուղթ և այլն։

Առաջարկվեց նաև արգելել, որ նույն անձը մեկից ավելի անձանց օգնի ընտրություն կատարել։ Ըստ Բագրատյանի՝ նախորդ ընտրությունների ժամանակ 79 հազար 500 մարդ օգնել է այլ քաղաքացիների ընտրություն կատարել, այսինքն՝ «մոտ հինգ տոկոս ձայն օգտագործվել է այլ նպատակով»։

Դավիթ Հարությունյանը հակադարձեց՝ խմբակցությունը որևէ նոր բան չի առաջարկում, գործող ԸՕ-ում արդեն իսկ ամրագրված է, որ յուրաքանչյուր անձ չի կարող օգնել մեկից ավելի ընտրողի։

Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ առաջարկում են նաև նախընտրական ծախսերի համար կատարվող հիմնադրամների ծախսերի ցանկի ընդլայնում, որպեսզի «ստվերային մաս չլինի», ինչպես նաև` քարոզարշավում ներգրավված անձանց եկամտահարկից ազատել՝ «սպիտակ քարոզարշավ անցկացնելու համար, որպեսզի բոլորը գրանցվեն»։

«Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է նաև, որ ընտրատեղամասերում դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների թվաքանակի սահմանափակումը հանվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter