HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաջարանում արգելված է էկոլոգիական հետազոտություններ անել

Տես նաեւ' «Չեռնոբիլյան կոկտեյլ» Քաջարանում)

Բնապահպանության նախարարությունը (ԲՆ) Սյունիքի մարզում երբեւէ օդային ավազանի մոնիտորինգ չի կատարել: Իսկ ջրային ավազանն էլ հետազոտվել է միայն 1988, 1989, 1990 եւ 2004թթ.-ին:

Զանգեզուրը, կոնկրետ՝ Քաջարանը, Կապանը, Ագարակը՝ որպես արդյունաբերական քաղաքներ, աղտոտվածության տեսանկյունից ռիսկային գոտում են. սակայն Հայէկոմոնիտորինգի կողմից մթնոլորտային օդի գետնամերձ շերտի ռեժիմային դիտարկումներ չեն իրականացվում, քանի որ նշված բնակավայրերում օդի մոնիտորինգի դիտացանցը բացակայում է:Հայաստանի տարածքում Հայէկոմոնիտորինգի կողմից չեն իրականացվում նաեւ հողերի քիմիական աղտոտվածության որոշման ռեժիմային մշտադիտարկումներ»,- նշում է ՀՀ ԲՆ Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Ռուդոլֆ Թորոսյանը:

Բնապահպանության նախարարության 2004թ. նոյեմբերի տվյալների համաձայն' Ողջի գետը, որն անցնում է Քաջարան քաղաքով, աղտոտված է նիտրիտ, ամոնիում, պղինձ, սուլֆատ իոններով ու նավթամթերքով:

Մոնիտորինգի կենտրոնի տրամադրած տեղեկատվության մեջ նշված է. «Արտակարգ բարձր աղտոտվածություն է դիտվել նաեւ Ողջի գետում' Կապան քաղաքից վերեւ եւ ներքեւ ընկած հատվածներում: Պղինձ իոնի թույլատրելի նորման գերազանցել է համապատասխանաբար 209.4 եւ 169.0 անգամ: Վերցված մյուս փորձանմուշներում գերազանցել է նիտրիտ իոնի թույլատրելի նորման' 8.6 անգամ (Քաջարան եւ Գորիս քաղաքներից ներքեւ ընկած հատվածներում): Ամոնիում իոնի թույլատրելի նորման գերազանցել է 1.8-3.7 անգամ»:

ԲՆ-ի Շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ա. Գաբրիելյանը փաստում է, որ «Շրջակա միջավայրի վիճակի վրա կոմբինատի գործունեության մոնիտորինգ չի կատարվում»: Այսինքն' նախարարությունը բավարարվում է միայն կոմբինատի տրամադրած տվյալներով:

Թեեւ կոմբինատից հնարավոր չեղավ պարզել արտանետումների չափը, Բնապահպանության նախարարությունը մեզ տրամադրեց մի գրություն, որում նշված են 2002-2004թթ. ԶՊՄԿ-ի արտանետումների տեսակներն ու դրանց դիմաց կատարված բնապահպանական եւ բնօգտագործման վճարները:

2004թ. մթնոլորտ կատարված արտանետումների տեսակներն են' անօրգանական փոշի' մոտ 30 տոննա, ծծմբային անհիդրիդ' մոտ 1.5 տոննա, ածխածնի օքսիդ' մոտ 54 տոննա եւ ազոտի օքսիդներ' մոտ 18 տոննա: Իսկ ջրային ավազան արտանետվել են' կախյալ մասնիկներ' մոտ 1600 տոննա, քլորիդներ' 73 տոննա, սուլֆատներ' մոտ 1993 տոննա եւ պղինձ' մոտ 0.14 տոննա: Այս արտանետումների համար կոմբինատը փաստացի վճարել է մոտ 8.8 մլրդ դրամ:

«2004թ. նախարարության ուսումնասիրությունների արդյունքում պարզ էր դարձել, որ կոմբինատը շրջակա միջավայրի վրա մեծ չափերի վնաս էր հասցրել: Հետեւաբար, նախարարությունը հարկադրեց կոմբինատին 20 մլն դրամի վնասի փոխհատուցում կատարել»,-ասում է Բնապահպանության նախարարության Հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ Ռոզա æուլհակյանը:

Քաջարանի քաղաքապետ Վ. Գեւորգյանի հավաստմամբ' քաղաքում պարբերաբար հետազոտվում է էկոմիջավայրը, եւ լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել:

«Անցյալ տարի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հրավիրեցինք «Էկո-բալանս» կազմակերպությանը' քաղաքում էկոմիջավայրն ուսումնասիրելու նպատակով: Եվ ուրախալի էր, որ բոլոր արդյունքները դրական եղան»,-նշում է Վ. Գեւորգյանը:

«Էկո-բալանս» ՍՊԸ-ի տնօրեն Գոռ Պետրոսյանը ներկայացնում է հետազոտության իրական պատկերը: 2004թ. ընկերությունը հրավեր է ստացել Քաջարանի քաղաքապետի կողմից' Քաջարանում եւ Կապանում էկոլոգիական ուսումնասիրություն կատարելու, այնուհետ 2004-2008թթ.համար սոցիալ-տնտեսական ծրագրեր մշակելու: Բայց որոշ ժամանակ անց քաղաքապետը թույլ չի տվել շարունակել ուսումնասիրությունները: Պետրոսյանը փորձել է սեփական նախաձեռնությամբ հետազոտությունը շարունակել. դիմել է Բնապահպանության նախարարություն' Քաջարանի էկոլոգիական իրավիճակի մասին տեղեկատվություն ստանալու, սակայն այդտեղից էլ է մերժում ստացել: «Ճիշտ է, ինձ արգելեցին ուսումնասիրել Քաջարանի էկոմիջավայրը, բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ Քաջարանում ոչ թե վտանգավոր, այլ ահավոր իրավիճակ է: Բնության նման անտրամաբանական չափերի շահագործումը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ»,-բացատրում է Գոռ Պետրոսյանը: Նա համոզված է, որ կոմբինատը քաղաքի էկոմիջավայրի ու բնակչության առողջության վրա հսկայական ազդեցություն է թողնում: «Առաջացրած հիմնական խնդիրները կապված են թափոնների հետ, որոնք լցվում են կիրճերը: Այդ նյութերը շատ շարժուն են, ու չի բացառվում, որ դրանց կուտակումները մի փոքր ցնցումից տեղաշարժվեն: Պետք է միջոցառումներ ձեռնարկել' պոչամբարների ապահովությունը մեծացնելու համար: Եթե պոչամբարները երբեւէ շարժվեն, տեղի բնակչությունը վերանալու է: Կարծում եմ' գյուղատնտեսական ապրանքներում էլ ծանր մետաղները թույլատրելի նորմայից բարձր կլինեն, ինչն, իհարկե, զգալիորեն կանդրադառնա մարդկանց առողջության վրա»,-նշում է Գոռ Պետրոսյանը:

Նույն կարծիքին է նաեւ Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի նախագահ Սրբուհի Հարությունյանը. «2004թ. Քաջարանի քաղաքապետն ինձ զանգահարեց ու հրավիրեց Քաջարան' բնապահպանական ծրագրեր մշակելու համար: Մեկնեցինք, ծանոթացանք իրավիճակին: Բայց երբ տեղեկացրինք, որ մեր ուշադրությունը պիտի կենտրոնացնենք պղնձամոլիբդենային կոմբինատի ու դրա թողած ազդեցության վրա, արգելեցին հետազննումը»:

Ս. Հարությունյանը նախապես տեղյակ է եղել, որ կոմբինատը հսկայական ազդեցություն է թողնում քաղաքի վրա: Նրա պնդմամբ' եթե կա ազդեցություն, ուրեմն պետք է գնահատում կատարել ու համապատասխան միջոցառումներով նվազեցնել:

«Թե՛ մասնավորեցումից առաջ, թե՛ հետո կոմբինատի' շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում չի արվել: Կոմբինատի արտանետումները շարունակում են առանց համապատասխան մաքրման լցվել Ողջի գետ: Իրականում գործարանը պարտավոր է տեղադրել հոսքաջրերի նստեցման ավազաններ, որտեղ թթվածնի մղման արդյունքում պայմանականորեն մաքուր հոսքաջրերը կլցվեն գետ: Սա նվազագույնն է, որ պիտի կատարի կոմբինատը:

Բայց դա էլ չի արվում, այն դեպքում, երբ այս կոմբինատը մեծ շահույթներ է ունենում»,-շարունակում է Ս. Հարությունյանը:

Կոմբինատի արտադրական պոչերի համար 1970-ականներից որպես պոչամբար ծառայել են Ղարազամ, Փուխրութ, Ողջի եւ Արծվանիկ գյուղերին կից տարածքները: Սրանցից առաջին 3-ը վերամշակված են (ռեկուլտիվացված) եւ 50-60 սմ հողաշերտով ծածկված: Այսօր գործում է միայն Արծվանիկի պոչամբարը:

«Կարող են տարբեր խոսակցություններ լինել, բայց դուք մի հավատացեք:

Մենք էկոլոգիական լուրջ խնդիրներ չունենք: Տարիների ընթացքում մեծ գումարներ են ներդրվել' թափոնները վերամշակելու, հողաշերտով ծածկելու համար, որ շրջապատին վնաս չտա: Կանաչապատվել է այդ տարածքը, մարդիկ հող են մշակում, հանգստանում այդ տարածքներում »,-ասում է կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը:

Սակայն կոմբինատի բնապահպանության բաժնի ինժեներ Վլադիկ Մարտիրոսյանը մտահոգություն է հայտնում, որ վերամշակված թափոնների հողաշերտի օգտագործումը կարող է հանգեցնել սողանքների: «Նախկինում' ԽՍՀՄ-ի տարիներին, այդ հողերի վրա մշակումներ էին անում, բայց հիմա արգելված է: Այդ հողերը չի կարելի ոռոգել, այլապես սողանքներ կսկսեն»,-ասում է նա:

Քաջարանի բնապահպանական իրավիճակով մտահոգված է նաեւ Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Ըստ նրա' Քաջարանը 2 գերխնդիր ունի' առաջինը բաց հանքահանման ծավալներն են, որի պատճառով ավերվում է բնական համակարգը, 2-րդը' արտադրական պոչերը:

«Ըստ ծավալների' արտադրական պոչերի չափն անհամեմատ ավելի մեծ է, քան օգտագործվող հանքանյութը: Մեզ հասած տվյալների համաձայն' մոտ 90 մլն խորանարդ մետր թափոններ են կուտակված այնտեղ: Դա նշանակում է, որ արոտավայրերը, անտառները հարյուրամյակներ շարունակ անպիտան են լինելու: Շատ ագրեսիվ նյութեր են տեղափոխվում խողովակներով, որոնք հաճախ պայթում են: Այդ նյութերը, անձրեւաջրերի ու ձյան հետ միախառնվելով, հասնում են մինչեւ ընդերքի ջրեր: Այսինքն' աղտոտվում է թե՛ հողը, թե՛ ջուրը: Ու քանի որ այդ մարզին որպես խմելու ջուր ծառայում է Ողջի գետը, մարդիկ կարող են տասնյակ հիվանդությունների կրող դառնալ»,-բացատրում է նա:

Հ. Սանասարյանը շատ լավ հիշում է, թե ինչպես է փոխվել Արծվանիկ գյուղի տեսքը, երբ այնտեղ սկսվել է արտադրական պոչերի կուտակումը:

«Ես ինքս շատ լավ հիշում եմ, թե ինչպես ավերվեց Արծվանիկ գյուղի տարածքը, երբ արտադրական պոչերը սկսեցին թափել այնտեղի պոչամբարը: Կանաչը պակասեց, շատ այգիներ չորացան, անասունները սկսեցին սատկել: Արտադրական գործընթացի ժամանակ առաջանում են տարբեր կարգի քիմիական նյութեր ու վտանգավոր ծանր մետաղներ, որոնք ակտիվացված վիճակով լցվում են շրջակա միջավայր: Եվ այս գործընթացն ավելի քան 30 տարի է շարունակվում է»,-ասում է Հ. Սանասարյանը:

շարունակելի

Լուսանկարները' Արթուր Թորոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter