
Երևանի քաղաքապետարանը խոշոր պայմանագրեր է կնքում «Խաչհար» ընկերության հետ
Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանը 797 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Խաչհար» ընկերության հետ: Ընկերությունը պարտավորվել է իրականացնել Երևանի փողոցների, բակային տարածքների և մայթերի ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգման ու ճաքալցման աշխատանքներ:
Այդ պայմանագրով «Խաչհար» ՍՊԸ-ն մինչ հոկտեմբերի 1-ը պետք է իրականացնի Երևանի փողոցների ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգում, դիտահորերի ծածկի սալի և անձրևորսիչների նիշերի ուղղում, մայթերի և բակային ճանապարհների վերանորոգում, փոսային նորոգում: Ըստ պայմանագրի՝ Երևանի փողոցների, բակային տարածքների և մայթերի ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման աշխատանքների համար ընկերությունը քաղաքապետարանից ստանալու է 617 միլիոն դրամ, իսկ Երևանի փողոցների ասֆալտբետոնյա ծածկի ճաքալցման աշխատանքների համար՝ 180 միլիոն դրամ:
«Խաչհար» ՍՊԸ-ն ճանապարհաշինարարական ընկերություն է: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին: Այս պահին ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Ռուբեն Բաղդասարյանին։ Վերջինս, ըստ քաղաքապետարանի «Հետք»-ի աղբյուրի՝ պատգամավոր Աշոտ Արսենյանի ազգականն է:
2017 թվականի հունվարի 30-ին ևս նույնանման ծառայության մատուցման համար քաղաքապետարանն այս ընկերության հետ պայմանագիր էր կնքել: 179 միլիոն դրամ արժողությամբ այդ պայմանագրով ընկերությունը պարտավորվել էր Երևանի փողոցների ասֆալտբետոնյա ծածկի ճաքալցման աշխատանքներ կատարել:
Երևանի քաղաքապետարանն այս ընկերության հետ հաճախ է պայմանագրեր կնքել: Չնայած գնումների հաշվետվողականության armeps.am համակարգում բացակայում է մինչ 2017 թվականը այս ընկերության հետ կնքված պայմանագրերը, բայց երկու տարի առաջ Երևանի քաղաքապետարանից տեղեկացել էինք, որ ծառայությունների մատուցման դիմաց քաղաքապետարանից 2015թ.-ին ամենաշատ գումարը հենց «Խաչհար» ընկերությունն է ստացել: Բացի այդ, մեր ձեռք բերած տվյալներով՝ 2016 թվականին ևս այս ընկերությունը քաղաքապետարանից ամենաշատ գումար ստացած հինգ ընկերություններից մեկն էր:
«Խաչհար»-ին տարիներ առաջ անդրադարձել էր նաև տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ):
Մասնավորապես՝ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել էր Երևանի քաղաքապետարանի` 2011-2014 թթ. ընթացքում կատարած շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարած մրցույթները և հայտնել, որ «Խաչհար» ՍՊԸ-ն մասնակցել է քաղաքապետարանի հայտարարած 9 հնարավոր մրցույթներից միայն մեկին, չնայած տեխնիկապես և ֆինանսապես հնարավորություն ուներ մասնակցել բոլորին: ՏՄՊՊՀ-ի փոխանցմամբ՝ այս կերպ տնտեսվարողները միմյանց հետ համաձայնության են եկել, թե մրցույթներից յուրաքանչյուրին որ ընկերությունն է հայտ ներկայացնելու և հաղթելու. ««Խաչհար» ՍՊԸ-ի օրինակով՝ ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթներում նման վարքագիծ էին դրսևորել նաև այլ ընկերություններ»,- ասվել է ուսումնասիրությունում:
Այս ուսումնասիրությունից հետո մենք գրավոր հարցմամբ դիմել էինք ՏՄՊՊՀ՝ տեղեկանալու, արդյոք հանձնաժողովը տուգանե՞լ է անհավասար մրցակցային պայմաններ ստեղծած ընկերություններին: Հանձնաժողովից մեր հարցմանը ի պատասխան՝ հայտնել են, որ ուսումնասիրությունից հետո հանձնաժողովը 2015 թվականի մայիսի 6-ին հարուցել է վարչական վարույթ և ամրագրել, որ գնման ընթացակարգերի ուսումնասիրության արդյունքում բացահայտված խնդրահարույց հանգամանքները կարող են իրենց բացասական ազդեցությունը թողնել մրցակցային միջավայրի վրա` խաթարելով ազատ տնտեսական մրցակցությունը: Հետագայում հանձնաժողովը հարուցված վարույթը դադարեցրել է՝ օրենքի խախտման փաստ չհայտնաբերելու հիմքով: Բացի այդ, հանձնաժողովը գնման ընթացակարգերի շրջանակներում խնդրահարույց վարքագիծ դրսևորած տնտեսվարող սուբյեկտներին տվել է զգուշացումներ` հանձնարարելով հետագայում բացառել այնպիսի գործողությունները, որոնք կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակման, կանխման կամ արգելման:
«Խաչհար»-ը պայմանագրեր է կնքել նաև այլ պետական մարմինների հետ
«Խաչհար» ՍՊԸ-ն նախորդ տարի պայմանագրեր է կնքել նաև այլ պետական մարմինների հետ: 526 միլիոն դրամ արժողությամբ մի պայմանագրով ընկերությունը Ջերմուկ համայնքում ձախափնյա թաղամասի բակային ճանապարհներն է ասֆալտապատել և եզրաքարեր տեղադրել: Այս պայմանագիրը ընկերութան հետ կնքել է «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ը:
Իսկ 2017 թվականի հունիսին էլ նախագահի աշխատակազմն է իր կարիքների համար պայմանագիր կնքել այս ընկերության հետ: 7,6 միլիոն դրամ արժողությամբ այդ պայմանագրով ընկերությունը խոստացել է կատարել մայթի գոյություն ունեցող պատվածքի քանդում, մայթի ասֆալտբետոնե շերտի իրականացում, փոսային նորոգում, մակերևույթի մաքրում, անհրաժեշտ մասերում գոյություն ունեցող ասֆալտբետոնե պատվածքի տաշում ֆրեզով, շինաղբի բարձում, տեղափոխում:
Տրանսպորտային տեսչությունն այս տարվա մարտի 30-ին որոշել է «Խաչհար» ընկերության տնօրեն Աբել Ավագյանին տուգանել 1 միլիոն 200 հազար դրամով, քանի որ ընկերությանը պատկանող «Հյունդաի» մակնիշի 44 տոննա զանգվածով բեռնատարը մարտի 20-ին առանց փոխադրումների իրականացման հստակ թույլտվության երթևեկել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-ԻԻՀ սահման միջպետական ճանապարհով:
«Խաչհար» ընկերությունը 2016 թվականին պետական մարմինների հետ հինգ խոշոր պայմանագիր կնքած ընկերություններից մեկն է: Ընկերությունը 2016թ.-ին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ 787 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել, որով պետք է հիմնանորոգման աշխատանքներ իրականացներ Երևան-Սևան-Ադրբեջանի սահման ճանապարհին՝ նորոգեր ասֆալտբետոնե ծածկը, տեղադրեր մետաղյա նոր արգելափակոցներ և իրականացներ շինարարական այլ աշխատանքներ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել