
Նախկին զինվորը հաղթել է Եվրոպական դատարանում, սակայն նրա վիճակը դրանից հետո վատթարացել է
Թեև նախկին զինվոր, 19 տարեկանից համածառայակցի սպանության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված Ալիկ Մաթևոսյանի գործով Եվրոպական դատարանում հաղթանակ է գրանցվել 2017-ին, այդուհանդերձ նրա վիճակը այդ հաղթանակից հետո բարելավվելու փոխարեն վատթարացել է: Այս մասին «Հետքին» ահազանգեցին Ալիկի եղբայր Վազգեն Մաթևոսյանն ու պաշտպան Հարություն Բաղդասարյանը:
«Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» վճռից հետո, երբ ճանաչվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգում) խախտում, Ալիկ Մաթևոսյանն ազատություն չի վերադարձել: Թեպետ 12 տարի անց դատավճիռը բեկանվել է, գործն ուղարկվել է նոր քննության, այդուհանդերձ Ալիկ Մաթևոսյանի կարգավիճակը չի բարելավվել: Նա դատապարտյալից դարձել է կալանավոր. «Արթիկ» ՔԿՀ-ում կիսաբաց ռեժիմից տեղափոխվել է փակ ռեժիմ՝ կալանավորների համար նախատեսված:
«Ի՞նչ է ստացվում՝ միթե պետությունը «պատժում է» քաղաքացուն եվրոպական դատարան դիմելու համար»,- հռետորական հարց է բարձրացնում նախկին զինվորի փաստաբանն, ով 12 տարի պայքարում է իր պաշտպանյալ Ալիկ Մաթևոսյանի անմեղության ճանաչման համար: Եթե Եվրոպական դատարանի վճիռն ու դրա հիմքով գործի վերաբացումը չլիներ, հնարավոր է Ալիկ Մաթևոսյանը շուտով պայմանական վաղաժամկետ ազատվեր, քանի որ պատժի 15 տարվանից 12-ն արդեն կրել է:
«Բանն այն է, որ փոխվել է Ալիկ Մաթևոսյանի կարգավիճակը՝ դատապարտյալից ամբաստանյալի, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Անգամ հիմա նա չի կարող ներկայացվել պայմանական վաղաժեմկետ ազատման, երբ օրենքով ժամկետը լրացած է»,-մեզ հետ զրույցում ասաց Ալիկ Մաթևոսյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ այս քրեական գործի ամբողջ շրջապտույտը տևել է 11 տարի՝ 2006-2017թթ., այնուամենայնիվ մինչ օրս դեռ հանգուցալուծված չէ: Անցնելով բոլոր երեք դատական ատյաններով, նոր միայն 2010-ին ուղարկվել է ՄԻԵԴ: 7 տարի անց՝ 2017-ի սեպտեմբերի 14-ին, ՄԻԵԴ-ը հերթական վճիռն էր կայացրել ընդդեմ մեր պետության. «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրվել էր, որ քննության նյութ չեն դարձել մեղադրյալի կողմից խոշտանգման մասին վկայությունները, ինչը հանգեցրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման: ՄԻԵԴ-ը մեր պետությանը պարտավորեցրել էր 6000 եվրոյի ոչ նյութական փոխհատուցում տրամադրել Ալիկ Մաթևոսյանին: Գործը ՄԻԵԴ-ի լույսի ներքո, որպես նոր հանգամանք, ներկայացվել էր Վճռաբեկ դատարան: 2018թ. հունիսի 15-ին վճռաբեկ դատարանը պաշտպանի բողոքը բավարարել է և գործն ուղարկել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան: Ալիկ Մաթևոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատարանը թողել է կալանավորումը:
«Փաստորեն ունենք պարադոքսալ մի իրավիճակ. վճռաբեկ դատարանը թեև Ալիկ Մաթևոսյանի օգտին է ընդունել որոշում, սակայն, դրանով իսկ վատթարացրել է նրա վիճակը: Փաստացի, ավելի քան 12 տարի անազատության մեջ լինելով, ունենալով դատապարտյալի կարգավիճակ, հասնելով կիսաբաց ռեժիմ, ներկայումս Ալիկը ամբաստանյալի կարգավիճակում պետք է տեղափոխվի փակ ռեժիմի խուց՝ մինչև առաջին ատյանի դատարանի կողմից կալանավորման հարցի քննարկումը»,-նշում է Ալիկ Մաթևոսյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը:
Ալիկ Մաթևոսյանի եղբայրը՝ Վազգենը, շեշտում է, որ ՔԿՀ-ում բոլորն էլ գիտեն, որ Ալիկի «գլխին սարքել են, որ ինքը մարդասպան չի», ասում է, որ Ալիկը բանտում լավ վարքագիծ է դրսևորել, մասնակցել է դասընթացների, ամուսնացել է անցյալ տարի. «Իսկ հիմա աբսուրդի հասնող վիճակ է ստեղծվել, երբ այս պահին ազատազրկված եղբորս օգտին որոշում կա՝ գործը վերաբացելու, առաջին ատյան տեղափոխելու հետ կապված, սակայն փոխանակ դա բարելավի եղբորս վիճակը, հակառակը՝ վատացրել է նրա բանտային ռեժիմը՝ կիսաբացից դարձնելով փակ: Գոնե 12 տարի անազատության մեջ անցկացնելուց հետո, հիմա՝ որպես մեղադրյալ ներգրավվելուց երկամսյա կալանք չանցկացնի բանտում, այլ խափանման միջոցը փոխվի»,-ասում է Ալիկ Մաթևոսյանի եղբայրը, ով մտավախություն ունի, որ եղբոր նոր կարգավիճակով պայմանավորված՝ տեսակցություններն էլ կնվազեն, իսկ երկարատև տեսակցություն առհասարակ չի կարող լինել կալանքի տակ:
Այս ողբերգական պատմությունը սկսվել էր դեռևս 2006թ. ապրիլի 29-ին, երբ ՀՀ ՊՆ թիվ X զորամասի մոտակայքում, անտառում զինծառայողները հայտնաբերել էին համածառայող Աղվան Հարությունյանի դին` ծառից կախված վիճակում: Աղվանի սպանության մեջ մեղադրվել էին երկու համածառայակիցները՝ Ռաֆիկ Հարությունյանն ու Ալիկ Մաթևոսյանը՝ դատապարտվելով 12 և 15 տարվա ազատազրկման: Ներպետական դատարանները հաստատված ու ապացուցված էին համարել, որ Ռաֆիկն ու Ալիկն են կախելու միջոցով սպանել Աղվանին խուլիգանական դրդումներով: Դատարանները հաշվի չէին առել, որ մեղադրյալների ցուցմունքները բռնությունների հետևանքով են ձեռքբերվել:
Հարություն Բաղդասարյանն իր վճռաբեկ բողոքում, նաև` ՄԻԵԴ ուղարկած գանգատում նշել է, որ Ալիկ Մաթևոսյանին մեղադրանք են առաջադրել հենց մյուս մեղադրյալ Ռաֆիկ Հարությունյանի ցուցմունքների հիման վրա: Ըստ պաշտպանի գանգատի, Ալիկ Մաթևոսյանի նկատմամբ ռազմական ոստիկանության աշխատակիցները 2006թ. մայիսի 2-ից մինչև 20-ը իրականացրել են ծեծ ու խոշտանգում: Ցուցմունք կորզելու նպատակով ծեծել են նաև գործով Ռաֆիկ Հարությունյանին, որի քիթը ջարդվել է, սակայն ո՛չ նախաքննության մարմինը, ո՛չ էլ դատարաններն այս հանգամանքները հաշվի չեն առել: Ալիկ Մաթևոսյանը անազատության մեջ է եղել 2006թ. մայիսի 1-ից. Ռազմական ոստիկանությունում՝ 18 օր է պահվել, կալանավորվել է միայն 2006թ. մայիսի 20-ին: Սակայն ծեծի և խոշտանգումների հետևանքով ձեռք բերված «ապացույցները» համարել են օրինական և դրել մեղադրանքի ու դատավճռի հիմքում: Իսկ 2006թ. սեպտեմբերի 23-ի որոշումից երևում է, որ Ալիկ Մաթևոսյանին և Ռաֆիկ Հարությունյանին ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվել և քրեական հետապնդում չի իրականացվել հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
Լուսանկարում փաստաբան Հարություն Բաղդասարյանն է
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել