HY RU EN

Սեդա Ղուկասյան

Արարատ Միրզոյան․ «Պետք է ունենանք բոլորիս հետ համաձայնեցված մեկ նախագիծ»

Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի նիստին այսօր ներկա էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Միրզոյանը ներողություն խնդրեց մյուս նիստերից բացակայելու համար՝ ասելով, որ այդ նիստերի օրերին կառավարական հանձնաժողովը նիստեր է ունեցել։

«Ուզում եմ հիշեցնել մեր առաքելության մասին՝ երկիրը պատրաստել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ընտրություններ, որոնք իսկապես կլինեն ազատ, արդար, թափանցիկ և որևէ մեկի մոտ կասկած չեն առաջացնի արդյունքների օրինականության վերաբերյալ»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Առաջին փոխվարչապետն անդրադարձավ ամենից շատ քննարկված հարցին՝ ռեյտինգային ընտրակարգի բացառմանը և 100%-ով համամասնական ընտրակարգի անցնելուն, որը «Ելք», ՀՅԴ ու «Ծառուկյան» խմբակցությունների առաջարկն է։

«Ես ինքս ռեյտինգային ընտրակարգի ջատագով եմ, ժամանակին այդ կերպ եմ ընտրվել, բայց կարծում եմ, որ պետք է կոնկրետ իրողություններ հաշվի առնել, որոնք կան՝ զանազան դեպքերում անձակենտրոն ընկալումներին և ոչ թե քաղաքական ուժին նախապատվություն տալուն: Շատ դեպքերում կապ չունի, թե անձը որ քաղաքական ուժն է ներկայացնում։ Պետք է ամեն ինչ անենք, որ այս ավանդույթը վերանա»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի ղեկավարն է։ Իր խոսքում փոխվարչապետն ասաց, որ խորհրդարանական և կառավարական հանձնաժողովները չպետք է դիտարկել որպես մրցակիցներ։ Միրզոյանի խոսքով՝ կառավարական հանձնաժողովն արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել ազգային փոքրամասնությունների, կանանց իրավունքների և այլ խնդիրների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, արտախորհրդարանական ուժերի հետ։

«Եվ վստահ եմ, որ հենց այսօրվանից սկսած` աշխատելու ենք խորհրդարանական ուժերի հետ: Ի վերջո, բոլորիս նպատակն է` ունենալ լավ օրենսգիրք, որը կապահովի թափանցիկ ընտրություններ»,- ասաց Միրզոյանը։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը հետաքրքրվեց, թե Ընտրական օրենսգրքի քա՞նի նախագիծ է լինելու։

«Պարոն Սեյրանյան, խորհրդարանում ներկայացված են չորս տարբեր քաղաքական ուժեր, ես չեմ պատկերացնում, որ այդ չորս քաղաքական ուժերն ունենան մեկ նախագիծ, որտեղ արտացոլված չլինի Կառավարության դիրքորոշումըի վերջո, չորս ուժերից երեքը կոալիցիայի անդամ են։ Իդեալական տարբերակում պետք է ունենանք բոլորիս հետ համաձայնեցված մեկ նախագիծ»,- արձագանքեց Արարատ Միրզոյանը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց արտահերթ ընտրությունների անցկացման ժամանակացույցի մասին։ Փոխվարչապետը պատասխանեց, որ պետք է առաջնորդվել հանրային շահով։

«Եթե մենք սեպտեմբերին ունենանք նախագիծ, ես հուսով եմ, որ այդպես կլինի, դրանից հետո պետք է լինեն քննարկումներ, նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, պետք է միասին լավագույն լուծումը գտնենք՝ հաշվի առնելով, որ Կառավարության ծրագրում արտացոլված ժամկետ կա՝ առավելագույնը մեկ տարի, արդեն կարծես թե տասը ամիս է մնացել»,- մանրամասնեց Միրզոյանը։