HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեկտարից ավելի տարածքում պոչանքներ են կուտակվել. բնապահպանը հրավիրում է տեսչական մարմնի ուշադրությունը

Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը երկու օր առաջ լուսանկարել է Կապանի Աճանան և Նորաշենիկ գյուղերի միջև ճանապարհին կից այն տարածքը, որը նախատեսված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի վթարի ժամանակ բեռնաթափման համար: Ըստ Ա. Փարսադանյանի՝ այն 1 հեկտարից ավելի տարածք է, որտեղ կուտակված պոչանքները ընկերությունը վթարից հետո պետք է տեղափոխի Արծվանիկի պոչամբար:

«Արդեն երկար տարիներ պոչերը գտնվում են այդտեղ, բայց ընկերությունը դրանք չի տեղափոխում Արծվանիկի պոչամբար»,- նշում է Արմեն Փարսադանյանը՝ ավելացնելով, որ, իր տեղեկություններով, մոտ 10 տարի է, ինչ պոչանքներ են կուտակվում տարածքում: Տեղանքում կուտակված պոչերից առաջացած ավազը տեղացիների շրջանում հայտնի է որպես «խվոստի ավազ»:

2018-ի հուլիս

Զրուցակիցս ասում է, որ դեպքեր կան, երբ մարդիկ «խվոստի ավազն» օգտագործում են բնակարանների վերանորոգման, շինարարությունների համար: Տեղանքը ցանկապատված չէ, գտնվում է ԶՊՄԿ-ին պատկանող տնկարանի հարևանությամբ:

Պոչանքները Արծվանիկի պոչամբար տեղափոխելու հարցը, ըստ կապանցի բնապահպանի, ինքը բարձրացրել է երկու տարի առաջ, երբ հանրային լսում էր կազմակերպվել ԶՊՄԿ-ի արտադրողականության ավելացման վերաբերյալ: Այդ ժամանակ ներկա էր նաև ընկերության տնօրեն Մհեր Պոլոսկովը: Վերջինս Փարսադանյանի մտահոգության ի պատասխան հայտնել է, թե խնդիրը պետք է լուծեն: «Երկու օր առաջ գտնվում էի տվյալ տարածքում ու տեսա, որ բավականին պոչեր կան կուտակված, չնայած խոտեր են աճել, ինչի պատճառով խնդիրը գուցե այդքան տեսանելի չէ»,- ասում է զրուցակիցս:

2016-ի հունվար

Ըստ նրա՝ տվյալ պարագայում խախտվել է «Թափոնների մասին» օրենքը: Ընկերությունն իրավունք չունի թափոններ տեղադրել այն վայրերում, որի համար իրավունք չի ստացել:  Բնապահպանական տեսակետից էլ պոչանքների կուտակումն այստեղ նմանապես խնդրահարույց է, ինչ պոչամբարի ազդեցությունը: Փարսադանյանն ավելացնում է, որ կուտակված պոչանքից ոչ հեռու կան այգիներ, սննդի կետեր:

«Առիթից օգտվելով, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Ամուլսարից հետո նախատեսում է հերթական ստուգումն իրականացնել ԶՊՄԿ-ում, կուզենայի տեսչության ուշադրությունը հրավիրել այս խնդրին, և թող  համապատասխան մարմինը վարչական վարույթ սկսի, համապատասխան գնահատականներ տա»,- հավալում է կապանցի բնապահպանը:

2016-ի հունվար

Նշված խնդրի մասին մենք գրել էինք դեռ 2016-ին, երբ Արմեն Փարսադանյանը ահազանգել էր, որ Արծվանիկի պոչամբարի կեղտոտ պարզվածքը լցվել է Նորաշենիկ գետը: «Նման վթարներ հաճախակի են լինում, և արդեն իսկ կասկածելի է՝ արդյո՞ք դիտավորյալ բեռնաթափում են Արծվանիկի պոչամբարը, թե՞ պարզապես անտեսում են տեխնիկական խնդիրները: Փաստերը արձանագրելով՝ հստակ կարող ենք ասել, որ ընկերության ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ղեկավարությունը լուրջ չի վերաբերվում բնապահպանական խնդիրներին»,- դեռ այն ժամանակ ասել էր մեր զրուցակիցը:

Արծվանիկի պոչամբարից Նորաշենիկ գետ թափվող պարզվածքի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ժամանակ առ ժամանակ ինչ-ինչ պատճառներով չի համապատասխանում նորմերին, այսինքն՝ գետ թափվողն ավելի շատ ոչ թե պարզվածք է, այլ թափոնաջուր: 2017-ի հունվարին Նորաշենիկ գետի աղտոտման արդյունքում բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունը վարույթ էր հարուցել ԶՊՄԿ-ի դեմ ու  հաշվարկել պետբյուջե վճարման ենթակա 6,33 մլն դրամի բնապահպանական վճար:

Անցյալ տարի ԲՆ-ին խնդրել էինք հայտնել, թե 2012-2017 թթ. ԶՊՄԿ-ի և Կապանի լեռնահարստացման կոմբինատի (նախկինում՝ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի», ապա՝ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան») գործունեության ընթացքում քանի վթար (ոչ միայն պոչամբարներին առնչվող) է արձանագրել բնապահպանական տեսչությունը, դրանցից քանիսի դեպքում են տուգանվել ընկերությունները: Խնդրել էինք վթարները ներկայացնել ըստ տարիների և տուգանքի չափի: Այսինքն՝ նպատակ ունեինք ԲՆ-ից հստակ վիճակագրություն ստանալ արդյունաբերական երկու հսկաների գործունեության արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասների ու հատուցումների մասին:

ԲՆ աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանել էր. «2012 թ. մինչ օրս «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության հետևանքով առաջացած վթարներն օրենքով սահմանված կարգով արձանագրվել և հաշվարկվել են վնասի հատուցման ենթակա գումարների չափերը, որոնց մասին տեղեկատվությունը տեղադրված է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում»: Նույն պատասխանը տրվել էր Կապանի ԼՀԿ-ի վերաբերյալ: Այսինքն՝ ԲՆ-ն, ըստ էության, խուսափել էր հստակ վիճակագրություն ներկայացնելուց և անհարմար դրությունից դուրս գալու համար մեջբերել էր ընդհանուր կայքը՝ իր տրամադրության տակ ունեցած նյութերի աղբյուրները չհստակեցնելով:

Լուսանկարները՝ Արմեն Փարսադանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter