
Ինչո՞ւ են ԱՄՆ-ն ու ԵՄ-ն անտարբեր հայկական հեղափոխության հանդեպ
Հայկական հեղափոխության հանդեպ Արևմուտքն ակնհայտ անտարբեր վերաբերմունք է ցուցաբերում։ Ապրիլին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ արևմտյան մամուլը լայնորեն լուսաբանում էր Հայաստանի իրադարձությունները, սակայն իշխանափոխությունից հետո հետաքրքրությունը նվազել է։ Ո՞րն է պատճառը։
Վրացական, այնուհետև ուկրաինական հեղափոխությունների ժամանակ Արևմուտքն անմիջականորեն աջակցություն էր ցուցաբերում ապստամբած էլիտաներին։ Բացի ինֆարմացիոն դաշտում ապահոված հզոր աջակցությունից, ֆինանսական մեծ ներարկումներ էին կատարվում ինչպես նախահեղափոխական, այնպես էլ բուն հեղափոխության ու ետհեղափախական շրջանում։ Աջակցությունը միլիարդավոր դոլարների էր հասնում, ինչը գաղտնիք չէ, և կարելի է համացանցում բավականին մանրամասն տեղեկատվություն գտնել գումարի չափի վերաբերյալ։
Հայկական երիտհեղափոխականները նույնպես սպասում էին լայնամասշտաբ աջակցություն, սակայն բոլոր սպասելիքները դեռևս ապարդյուն են։ Ո՞րն է պատճառը։ Կամ Հայաստանի աշխարհաքաղաքական դերակատարությունն է երկրորդական, կամ միջազգային քաղաքականությունն է փոխվել, կամ էլ` այդ երկուսը միասին վերցրած։ Երրորդ տարբերակն է ամենահավանականը։
Աշխարհաքաղաքական գործոն
Պուտինի հետ հանդիպումից առաջ Թրամփը ԵՄ-ն Ամերիկայի հակառակորդ է հայտարարել, ինչպես նաև` Ռուսաստանն ու Չինաստանը։ Հակառակորդ բառը կարող է տարբեր կերպ ընկալվել, սակայն ամենահավանական տարբերակն այն է, որ Թրամպը նկատի ուներ, թե ԵՄ-ն ու այդ երկրներն ունեն որոշակի ներուժ ԱՄՆ-ի հակառակորդը լինելու համար, այսինքն` տնտեսության ու առհասարակ աշխարհաքաղաքական իմաստով ազդեցության ոլորտում կարող են մրցակցել ԱՄՆ-ի հետ։ Ռազմական պոտենցիալի առումով նրանք դեռևս մրցակիցներ չեն։ Իսկ բրիտանական էլիտաների միջև Բրեքսիթի հարցում մեղմ և ռադիկալ թևերի միջև եղած պայքարում նա միանշանակ ռադիկալ թևին է աջակցում։
Այն, ինչ առաջ միայն քաղաքագիտական շրջանակներում էր քննարկում, այժմ քննարկվում է բացահայտորեն ու պետական առաջնորդների կողմից։ ԱՄՆ-ն իր պոտենցիալ մրցակիցներին փորձում է «ջարդել»։ Դեռևս աշխարհաքաղաքագիտության հիմնադիրներից անգլիացի Մակինդերը համարում էր, որ Ծովային կայսրությունների մրցակիցը կարող է լինել Եվրասիական կայսրությունը, և դա թույլ չտալու համար պետք է Գերմանիան տարանջատել Ռուսաստանից` թույլ չտալով նրանց համագործակցել։ Այսօր առաջին պլան է մղվում Չինաստանի տնտեսական մեկուսացման հարցը և նրա բեռնափոխադրումների համար նոր ինֆրաստրուկտուրաների ստեղծմանը խոչընդոտելը։ Անգլիացու տեսությունը զարգացրել են ամերիկացի ռազմական տեսաբանները։ Լեհաստանը և Ուկրաինան Գերմանիան տարանջատում են Ռուսաստանից և խոչընդոտում նրանց տնտեսական ինտեգրացիային։ Ուկրաինական հեղափոխությանը ցույց տրված աջակցության հիմնական պատճառը դա պետք է համարել։ Այդ առումով հայկական և ուկրաինական հեղափոխությունները տարբեր քաշային կարգերում են։
Մոտավորապես նույնը կարելի է ասել Վրաստանի մասին, որը կարող է կամուրջ դառնալ Թուրքիայի ու Ռուսաստանի հնարավոր համագործակցության համար, կարող է և հակառակ դերը կատարել, ու վրացական հեղափոխության նշանակությունը նույնպես այլ հարթությունում է գտնվում։ Վրաստանը պետք է վերահսկվի Արևմուտքի կողմից և անհրաժեշտության դեպքում կատարի տվյալ պահին անհրաժեշտ դերակատարում։
Հայաստանի աշխարհաքաղաքական դերակատարությունը ոչ պակաս կարևոր է, իսկ գուցե՝ ավելի մեծ։ Այն խոչընդոտում է թյուրքական աշխարհի միավորմանը և միջազգային գործոն դառնալուն և այդ առումով կենսական է Ռուսաստանի ու Իրանի համար, նաև կարևոր է Արևմուտքի համար՝ թե ԵՄ-ի, թե ԱՄՆ-ի համար։ Հայաստանի դերը կարելի է համարել «ստատիկ», և անկախ նրանից` կլինի հեղափոխություն, թե՞ իշխանափոխություն, արտաքին վեկտորները ոչ միայն չեն փոխվում, այլև անգամ նման խնդիր արտաքին աշխարհը չի առաջադրում։
Այս առումով հայկական հեղափոխության աշխարհաքաղաքական նշանակությունն աննշան է և դրսի աշխարհի համար` անհետաքրքիր։ Իսկ ինֆորմացիոն դաշտում նրա նշանակությունը զուտ քարոզչական է, որպես օրինակ Եվրասիական տնտեսական գոտու ու տարածաշրջանի երկրների (Իրան, Թուրքիա) համար, սակայն բուն Հայաստանում տեղի ունեցած իրադարձության նշանակությունը երկրորդական է, քանի որ այն աշխարհաքաղաքական շրջադարձ չի կարող նախաձեռնել ու սպասել, որ հիացած Արևմուտքը բացելու է իր դրամապանակը, անլուրջ է։ Հեղափոխության ժամանակ Ռուսաստանը նույնպես իրեն զուսպ էր պահում` հասկանալով այդ ամենը։
Միջազգային քաղաքականության փոփոխություն
Թրամփի և Հիլարի Քլինթոնի պայքարը նշանավորում էր երկու տարբեր էլիտաների պայքար՝ նրանց, ում համար Ամերիկան առաջնային է, և նրանց, ում համար առաջնային է գլոբալ աշխարհը: Դրանք տարբեր շահեր և աշխարհայացքներ ունեցող էլիտաներ են։ Հատկապես նշանակալի է, որ կոմունիստական Չինաստանն է դառնում գլոբալիստների առաջնորդը, որն ազատ առևտրի գլխավոր ջատագովն է դարձել։ Աշխարհի զարգացման տրամաբանությունը կտրուկ փոխվում է, փոխվում է նաեւ ժողովրդավարական հեղափոխությունների նշանակությունը։ Այդ առումով «հայկական հեղափոխության» բախտը չի բերել։ Պետք չէ սպասել միջազգային ֆինանսների զգալի ներհոսքի։ Ձևավորվող աշխարհում բոլորը սկսում են առաջնորդվել իրենց նեղ շահերով, և ամեն մեկն ինքը պետք է իր գլխի ճարը տեսնի։
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել