
Երեւանի պատմամշակութային հուշարձանները կորցնում են իրենց արժեքը
Գագիկ Աղբալյան
Երբ ասում ենք պատմամշակութային հուշարձանների պահպանություն, Երեւանի կտրվածքով` սովորաբար նկատի ենք ունենում Հին Երեւանի առանձին հուշարձան-տների քանդումը։ Իսկ այն հուշարձանները, որոնք նաեւ բնակելի շենքեր են, այնպես են աղավաղվել, որ կորցրել են իրենց նշանակությունը։
Աբովյան փողոցում մի քանի հուշարձան-շենքեր կան, որոնց արտաքին տեսքն այլեւս ոչինչ չի հուշում տվյալ կառույցի առանձնահատկության մասին: Այս կառույցները տարիներով ենթարկվել են առանձին մարդկանց կամայական որոշումներին, նեղ պատկերացումներին:
Օրինակ, Աբովյան փողոցի 31 շենքը (ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյանը) «խեղդված» է բուտիկների մեջ։ Յուրաքանչյուր խանութի սեփականատեր իր ճաշակով աստիճաններ է կառուցել, ձեւավորել արտաքին տեսքը, ճակատային մասը ողողել տարբեր գույնի ցուցանակներով։
«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի Հոդված 38-ի համաձայն՝ հուշարձանների օգտագործումը տնտեսական և այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվթարությունը, չի նսեմացնում կամ աղճատում դրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեքը:
78 տարի առաջ կառուցված Աբովյան 32 շենքը, համաձայն կառավարության 2004 թ. N 1616-Ն որոշման, ներառված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Պրոֆեսորների տունը (ճարտարապետ՝ Սամվել Սաֆարյան), այսպես են անվանում Աբովյան 32 հասցեի շենքը, նույնպես աղճատված է։ Այստեղ անգամ կցակառույցներ են ավելացել։ Իսկ փողոցի կողմում իրար են հաջորդում «Զիզի» խանութն ու «Տոտո» բուքմեյքերական ընկերությունը։ Շենքի առաջին հարկը մի քիչ նման է «Ֆիրդուսի» հայտնի շուկայի հարակից տարածքին։ Հուշարձանը կորել է առեւտրային հարաբերությունների մեջ։
Իսկ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան այցելողները (հասցեն՝ Նալբանդյան 21) կարող են մտածել, թե կոմպոզիտորը կապ ունի մանիկյուր-պեդիկյուրի ծառայությունների հետ։ Կոմպոզիտորի հուշատախտակի ուղիղ գլխավերեւում գովազդի լուսային վահանակ է՝ հետեւյալ գրառումներով․ «haircut, cosmetology, manicure, pedicure» եւ այլն։
Վահանակը պատկանում է նույն շենքում գործող գեղեցկության սրահին։ Թանգարանի աշխատակազմից «Հետք»-ին հայտնեցին, որ այս անճաշակությունը վերացնելու համար իրենք քանի տարի է՝ ոչինչ չեն կարողանում անել։
Մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը պարզաբանեց, որ նախարարությունը գրությամբ դիմել է քաղաքապետարան՝ առաջարկելով վերանայել թանգարանի շենքի վրա այս արտաքին գովազդի թույլտվությունը, պարտադրել տնտեսվարողին՝ փոխել վահանակը։ Քաղաքապետարանը հավուր պատշաճի չի արձագանքել։
«Մենք դեմ չենք, որ գովազդ լինի։ Բայց չափորոշիչները պետք է պահպանվեն։ Գովազդը չպետք է խաթարի շենքի ճարտարապետական տեսքը։ Քաղաքապետարանից ասացին, որ կվերանայեն, բայց, ինչպես տեսնում եք, խնդիրը շարունակում է մնալ։ Քաղաքապետարանն այս վահանակը մեզ հետ չի համաձայնեցրել։ Պատվիրողը մեղավոր չէ, նա տեղադրել է իր պատկերացումներով գովազդ»,- ասաց Կարո Այվազյանը։
«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի Հոդված 22-ի համաձայն, հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ, այսինքն՝ Մշակույթի նախարարության։
Եթե այս պատկերները, որոնք արձանագրել ենք մեր տեսախցիկով, ձեւավորվել են լիազորված մարմնի հետ համաձայնեցնելուց հետո, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի լիազորված մարմինը։ Եթե ոչ, ապա՝ Երեւանի քաղաքապետարանը։ Եթե սա արվել է տնտեսվարողների կողմից, առանց ՏԻՄ մարմնի հետ համաձայնեցնելու, ապա պատասխանատվության պետք է ենթարկվեն տնտեսվարողները։
Երեւանում հուշարձանների պահպանության միասնական մոտեցումը բացակայում է։ Յուրաքանչյուրն իր ճաշակով վերանորոգում, քանդում-կառուցում է՝ առանց հաշվի առնելու օրենքի պահանջները, արտաքին տեսքը եւ այլն։
Կարո Այվազյանը համարում է, որ նոր փուլ է սկսվում, նոր կառավարություն կա, որը կուղղի նախորդի սխալները․ «Այն, ինչ հնարավոր չէ վերադարձնել, հնարավոր չէ։ Բայց կան դեպքեր, որ կարող ենք ուղղել։ Օրինակ, երբ ինչ-որ մեկը վարձակալել է հուշարձանը եւ պայմանագրի ժամկետն ավարտվում է, պետք է այլեւս չերկարաձգել պայմանագիրը»։ Պաշտոնյայի խոսքով՝ Երեւանի պատմամշակութային հուշարձանների այս վիճակի պատճառները քաղաքական եւ տնտեսական են։
Մեր ուսումնասիրության առարկա հուշարձան-շենքերը նաեւ բնակելի են, որոնք տրամաբանորեն կարող են նաեւ տնտեսական նպատակով օգտագործվել, սակայն այսպիսի օգտագործումը վնասել է շենքերի մշակութային արժեքը, աղճատել է հենց այն, ինչի շնորհիվ շենքերը ներառվել են պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Այս տեսքով նրանք այլեւս կարող են հանվել ցուցակից։
Այս հոդվածում դիտարկել ենք ընդամենը մի քանի հուշարձան, եւ միայն Կենտրոն վարչական շրջանի տարածքում։
«Հետք»-ը կներկայացնի նաեւ մյուս վարչական շրջաններում տեղակայված հուշարձանների վիճակը։
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել