HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պավել Մանուկյանի հայտարարությունն ամբաստանյալների շահերի միջև բախում է առաջացնում

ՊՊԾ գնդի գրավման գործով այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Պավել Մանուկյանը հայտարարեց, որ հրազենային վիրավորում ստացած, ապա մահացած ոստիկանի ուղղությամբ արձակված պատահական կրակոցի հեղինակն ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանն է, սակայն արարքի համար մեղադրվում է ամբաստայալ Արմեն Բիլյանը: Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է ՊՊԾ գնդում վիրավորված, ապա օրեր անց հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ:

Մանուկյանը հայտարարեց նաև, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բանկոմատը բացելու արարքը կատարել է ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանը: Վերջինս, ի դեպ, Պավել Մանուկյանի աներորդին է: Մանուկյանի այս հայտարարությունից հետո ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ Մանուկյանի հայտարարությունը «Սասնա ծռերի» միասնական դիրքորոշումը չէ:

Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Էդվարդ Գրիգորյանն ու Մխիթար Ավետիսյանն ասացին, որ Պավել Մանուկյանը սխալ ինֆորմացիայի է տիրապետում:

Մեզ հետ զրույցում Էդվարդ Գրիգորյանի փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ իր պաշտպանյալը ՊՊԾ գնդում գտնվելու ժամանակ որևէ կրակոց չի արձակել և նրա գործողություններից որևէ անձ հրազենային վնասվածք չի ստացել: Մեր հարցին՝ Պավել Մանուկյանն ու Էդվարդ Գրիգորյանն իրար հետ ինչ-որ խնդիր ունե՞ն, փաստաբանը պատասխանեց, որ այս պահին հավելյալ մեկնաբանություններ չի ցանկանում անել և որ Պավել Մանուկյանի հայտարարության պատճառների վերաբերյալ հարցերը ճիշտ կլինի ուղղել նրան՝ Մանուկյանին կամ վերջինիս պաշտպաններին:

Պավել Մանուկյանի պաշտպաններից Ազատ Շահբազյանը մեզ հետ զրույցում այլ մանրամասներ, քան Պավել Մանուկյանն էր հայտնել, չնշեց: Մեկնաբանելով Մանուկյանի հայտարարությունը՝ Շահբազյանը նշեց, որ Պավել Մանուկյանի խոսքն այն մասին էր, որ ինքն արդարության կողմնակից է, և այդ նպատակով է նման հայտարարություն անում:

Մյուս ամբաստանյալների՝ Արմեն Բիլյանի, Մխիթար Ավետիսյանի և առհասարակ գործով ներգրավված մյուս ամբաստանյալների պաշտպանները ևս այս պահին նպատակահարմար չգտան մեկնաբանել դատարանում Մանուկյանի հայտարարությունն ու դրա հետևանքները:

Պաշտպանների լռության պատճառը հավանաբար ամբաստանյալների շահերի միջև հավանական բախումն է: Օրինակ՝ փաստաբան  Ինեսսա Պետրոսյանը ներկայացնում է և՛ Մխիթար Ավետիսյանի, և՛ նրա դեմ վկայություն տված Պավել Մանուկյանի շահերը, հանրային պաշտպանի գրասենյակի պաշտպանների՝ Արմինե Ֆանյանի և Լիաննա Գասպարյանի դեպքում խնդիրն ավելի լուրջ է: Նրանք ներկայացնում են գործով գրեթե բոլոր անձանց շահերը: Գասպարյանը գործով չի ներկայացնում միայն Արմեն Բիլյանի շահերը, իսկ Արմինե Ֆանյանը ներգրավված է որպես բոլոր ամբաստանյալների պաշտպան:

Ստացվում է, որ Արմինե Ֆանյանն, օրինակ՝ պաշտպանում է Պավել Մանուկյանի շահերը, ով իր մեկ այլ պաշտպանյալ Էդվարդ Գրիգորյանին մեղադրում է ՊՊԾ գնդում վիրավորված, ապա մահացած ոստիկանի ուղղությամբ կրակոց արձակելու մեջ, Մխիթար Ավետիսյանի շահերն, ում Պավել Մանուկյանը մեղադրում է բանկոմատի գործով, Արմեն Բիլյանի շահերն, ում գործով մեղսագրված են այն արարքներն, ինչի մեջ Պավել Մանուկյանը մեղադրում է Էդվարդ Գրիգորյանին ու Մխիթար Ավետիսյանին:

Փաստաբանության մասին օրենքը սահմանում է. «Փաստաբանը պետք է դադարեցնի իրավաբանական օգնություն ցույց տալ երկու կամ ավելի անձանց, եթե նրանց շահերի միջև առաջանում է հակասություն», և նման պայմաններում կարող է առաջանալ հանրային պաշտպանների՝  ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների շահերը ներկայացնելու անհնարինության հարց:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով կապվեցինք հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանի հետ: Վերջինս ասաց, որ եթե շահերի բախում կամ նույնիսկ շահերի բախման առաջացման վտանգ կա, ապա հանրային պաշտանն այդ մասին համապատասխան զեկուցագիր է ներկայացնում հանրային պաշտպանի գրասենյակին, որից հետո արդեն կայացվում է համապատասխան որոշում:

Նշենք, որ այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 1-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter