HY RU EN

Տրդատ Մուշեղյան

Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 5 միլիարդ դոլարով

Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել 4.34 միլիարդ եվրոյով (5 մլրդ դոլար) տուգանել Google-ին այն բանի համար, որ ընկերությունը Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերում ինտերնետ-որոնման տիրությում չարաշահել է գերիշխող դիրքը: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սա մեկ ընկերության նկատմամբ ամենախոշոո տուգանքն է, որը երբևիցե սահմանել է Եվրահանձնաժողովը: Google-ն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել որոշումը:

Google-ի մայր կազմակերպությունը՝ Alphabet-ը, 90 օր ունի իր բիզնես-գործունեությունը վերանայելու համար, հակառակ դեպքում կենթարկվի հավելյալ տույժերի՝ ընկերության օրական ստացված միջին շահույթի 5%-ի չափով:

Չնայած որ Alphabet-ի պահուստային ֆոնդում մարտ ամսվա դրությամբ 103 միլիարդ դոլար կա և ընկերությունը կարող է հեշտությամբ մուծել տուգանքը, այնուամենայնիվ Եվրահանձնաժողովի որոշումը կբողոքարկի:

Մրցակցության հարցերով եվրոկոմիսար Մարգարեթ Վեսթգագերը նախորդ տարի արդեն իսկ հասել էր Google-ի տուգանմանը 2.4 միլիարդ եվրոյով՝ կրկին ինտերնետ-որոնման տիրությում գերիշխող դիրք չարաշահելու համար: Այս պահին գործը բողոքարկման փուլում է:

Եվրոպական հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել Android-ի շուկայական դիրքը 2015 թվականի ապրիլից՝ Fairsearch ընկերություների խմբի ներկայացրած բողոքից հետո, որի մեջ մտնում են Microsoft-ը, Nokia-ն, Oracle-ը և այլ ընկերություններ: Այդ պահի դրությամբ, ինչպես ցույց էր տվել ուսումնասիրությունը, Եվրամիության տարածքում սմարթֆոնների 64%-ը աշխատում էր Android օպերացիոն համակարգով:

Google-ի ներկայացուցիչները պնդում են, որ ընկերությունը չի ստիպում արտադրողներին տեղադրել իր հավելվածները: Բացի այդ ընկերությունը շեշտել է, որ Google-ի ծառայությունների մատուցման մոդելը թույլ է տալիս իրենց օգտատերերին ծառայություններն առաջարկել անվճար: