
«Ռազմիկ Զոհրաբյանին պատասխան տալու համար պետք է վաստակել այդ իրավունքը»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ-ի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն պատրաստվում է առաջիկա խորհրդարանի ընտրություններին:
Հիմնականում կատարվում են կազմակերպչական բնույթի աշխատանքներ. շտաբների գրասենյակների վարաձակալում, փաստաթղթային ձևակերպումներ, նախընտրական ծրագրի պատրաստում, իսկ ընտրացուցակների ճշտումը նախնական փուլում է: Գ. Մելիքյանի խոսքով՝ թեկնածուների առաջադրման դեպքում հաշվի են առնվելու նրանց կատարած աշխատանքն ու գործունեությունը, հեղինակությունը, ինչպես նաև ներգրավվելու են նոր, երիտասարդ դեմքեր:
Բացի այդ՝ պատգամավորի խոսքով՝ ՀՀԿ-ն չի տարանջատում խորհրդարանի և նախագահի ընտրությունները, դիտարկում է այն որպես մի ամբողջական համակարգ և խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո պատրաստվելու է նախագահական ընտրություններին:
Պատգամավորի կարծիքով՝ ըննդդիմությունը միայն քննադատում է իշխանություններին և երբեք չի ներկայացնում վերջիններիս կատարած աշխատանքը: Եվ հակառակ որ երկրում առկա են սոցիալական խնդիրներ, սակայն ժողովուրդն ըմբռնումով է մոտենում իշխանությունների՝ այդ հարցերը լուծելու ընթացքին: Գ. Մելիքյանը համոզված է, որ ժողովրդի սպասումներն իշխանություններից շատ ավելի մեծ են, քան կարծում է ընդդիմությունը, և սոցիալական վիճակը զգալիորեն կփոխվի ընտրություներից հետո:
«Ժառանգության» և ՀՅԴ-ի առաջարկությունը՝ ընտրություններին ամբողջությամբ անցում կատարել համամասնական ընտրակարգի՝ Գ. Մելիքյանը որակեց որպես պոպուլիստական քայլ: Ըստ նրա՝ նման առաջարկությունները պետք է ներկայացվեն և քննարկվեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ: Այդ պատճառով էլ առաջարկությունն ուշացված է 2012 թ.-ի և վաղաժամ է 2017 թ.-ի խորհրդարանական ընտրությունների համար:
Գ. Մելիքյանի կարծիքով՝ այս առաջարկությամբ ընդդիմությունը հաշտվել է իր պարտության հետ և այս հանգամանքով է փորձելու արդարացնել իր պարտությունը: Իսկ ընդդիմությունը ոչ մի երկրում երբեք չի կարողացել կայացնել քաղաքական որոշումներ և ձևավորել քաղաքական օրակարգ:
Պատգամավորի խոսքով՝ առանձին քաղաքական գործիչներ փորձում են քննադատական խոսք ուղղել իր կուսակից ընկերոջ՝ Ռազմիկ Զոհրաբյանի հասցեին, ով կատակով է ասել, թե ժողովուրդը մեծամասնական ընտրակարգով ընտրության կարիք ունի: Նա համոզված է, որ այդ խոսքը պետք է ընդունել որպես կատակ:
«Ռազմիկ Զոհրաբյանին պատասխան տալու համար առաջին հերթին պետք է վաստակել այդ իրավունքը: Իսկ պատասխանողներն այդ իրավունքը չեն վաստակել»,- հայտարարեց Գագիկ Մելիքյանը:
Վերջինս հավելեց, որ եթե որևէ քաղաքական ուժ ՀՀԿ-ին առաջարկի ընտրություններին ներկայանալ մեկ ընդհանուր ցուցակով, ապա համագործակցությունը կախված կլինի քաղաքական ուժից, դրա նպատակներից և պետության շահից. որոշումը կկայացվի «ներկուսակցական շահադիտական նպատակներից վեր»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել