
Ալավերդու վենդետան շարունակվում է
Երեկ Ալավերդի քաղաքում հրազենից արձակված կրակոցներից Արմեն Կոստանդյանը վիրավորվել է, իսկ ազգությամբ հույն Գագիկ Կիլինկարովը`տեղում մահացել: Դեպքից անմիջապես հետո հանցագործը` 24-ամյա Վասիլ Գագիկի Շահվերդյանը (Վոժի Գագոյի տղան), մեղայականով ներկայանալով իրավապահներին, հայտնել է, որ սպանությունը կատարել է վրեժխնդրության համար, քանի որ տարիներ առաջ Կիլինկարովներն սպանել են իր եղբորը:
Սպանված Գագիկ Կիլինկարովի եղբայրը՝ Արմեն Կիլինկարովը, ներկայումս անազատության մեջ է:
«Հետքը» լուսաբանել է Արմեն Կիլինկարովի դատավարությունը:
Նա մեղադրվում էր Ալավերդու բնակիչ Արսեն Շաքարյանի՝ 10 տարի առաջ կատարված սպանության մեջ: Մինչ այդ վերջինիս եղբայր Աշոտ Շաքարյանը դիտավորությամբ հրազենային վնասվածք էր պատճառել Արմեն Կիլինկարովի եղբորը` այժմ սպանված Գագիկ Կիլինկարովին: Հետագայում սա դիտվել էր որպես սպանության վարկած-վրեժխնդրություն Արմեն Կիլինկարովի կողմից` եղբոր համար վրեժխնդիր լինելու` նրան վնասողի եղբորը նույն ձևով վնասելու եղանակով:
Արմեն Կիլինկարովը մինչև վերջ էլ չճանաչեց իր մեղավորությունը Արսեն Շաքարյանի սպանության մեջ: Դատարանը, սակայն, ապացույցներ չլինելու պայմաններում մեղադրական դատավճիռ կայացրեց նրա նկատմամբ` դատապարտելով 5 տարի ազատազրկման: Այժմ Արմեն Կիլինկարովը դիմել է Եվրոպական դատարան:
Ինչ վերաբերում է երեկ հրազենից վիրավորված Արմեն Կոստանդյանի անձին, նա Կիլինկարով եղբայրների ընկերն է: Արմեն Կիլինկարովի գործով վկաների թվում էր: Դատարանում մյուս վկաների նման նա էլ հրաժարվեց «ոչ իր ձեռքով գրված» նախաքննական ցուցմունքից: Պնդեց, որ Արսեն Շաքարյանին սպանողը Արմեն Կիլինկարովը չէ, իսկ իրական հանցագործն իրեն հայտնի չէ: Դատարանում նա հետևյալ ցուցմունքը տվեց. «Արմեն Կիլինկարովը իմ ընկերն ա: Դեպքի վերաբերյալ բան չեմ իմանում: Էկել եմ էդ վախտ Կիրովական: Ցուցմունքը տված ա էղել, որ չեմ իմանըմ` ով ա սպանողը: Էդքան բան: Ռուսաստանից որ էկա, կանչեցին, թե սենց բան ա գրած: Գրած ա, որ լսել եմ` Արմենն ա սպանել: Բայց դեպքի մասին ես քննիչի մոտ եմ լսել: Ասըմ էր` լսել եմ, որ Արմենն ա սպանել: Թե քննիչը ինչ ա գրել, վապշե չեմ իմացել: Ես ուրիշ բան եմ ասել, ուրիշ բան ա գրել: Ես ինչ իմանամ ինչ ա գրըմ, ստորագրել եմ: Քննիչը թե` լսել եմ` ասել են` դու կապ ունես էդ մոմենտներով: Ասի` թենց բան չեմ իմանըմ: Մինչև հըմի էլ էդ եմ ասըմ` չեմ իմանըմ` ով ա արել»:
«Հետքի»`օրենքին մոտ կանգնած աղբյուրը փոխանցում է, որ 2000 թվականի դեկտեմբերին մի խումբ ալավերդցիներ, որոնց թվում՝ Գագիկ Շահվերդյանը, Արմեն Շաքարյանը, Լոռու մարզի ներկայիս մարզպետ Արթուր Նալբանդյանը և ուրիշներ, վիճաբանել են Գագիկ Կիլինկարովի հետ, որի ընթացքում Արմեն Շաքարյանը որսորդական հրացանով կրակել է Գագիկ Կիլինկարովի ոտքերին: Այնուհետև, ըստ պաշտոնական վարկածի, Արմեն Կիլինկարովը վրեժխնդիր է եղել Շաքարյաններից:
Արմեն Կիլինկարովը ազատազրկման է դատապարտված`առանց գործում գոնե մեկ ուղղակի ապացույցի:
Արսեն Շաքարյանի սպանությունից 10 տարի անց այդ սպանության համար մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց Արմեն Կիլինկարովը: Նրան առաջադրված մեղադրանքի համար օրենքը նախատեսում է 5-12 տարվա ազատազրկում: Մեղադրանքի կողմը դատարանին միջնորդեց կիրառել առավելագույն պատժաչափ`12 տարի ժամանակով` չնայած հենց ինքն էլ նշում էր, որ պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան: Պաշտպանության կողմը միանշանակ արդարացման դատավճիռ էր ակնկալում, քանի որ Արմեն Կիլինկարովի մեղքը հիմնավորող որևէ ապացույց չկար գործում: Դատարանը, սակայն, Արմեն Կիլինկարովին մեղավոր ճանաչեց սպանության մեջ և որպես պատիժ 8,5 տարվա ազատազրկում սահմանեց: Ապա հաշվակցելով նախկինում այլ հանցանքի համար նրա կրած 4 տարվա ազատազրկումը`վերջնական պատժաչափ սահմանեց 5 տարի ազատազրկում: Պատժի սկիզբը հաշվվեց 2009 թվականի օգոստոսի 31-ից:
Գործով բոլոր վկաները դատարանում հրաժարվեցին իրենց նախաքննական ցուցմունքներից, որ Արսեն Շաքարյանին սպանողը Արմեն Կիլինկարովն է: Ավելին՝ ցուցմունքներ տվեցին, որ հենց վերջինիս կարգադրությամբ են ցուցմունք տվել նրա դեմ`որպես մարդասպանի: Վկաներից մի քանիսը դատարանում հայտարարեցին իրական մեղավորի անունը: Արմեն Կիլինկարովը դատարանում բացահայտեց հանցագործին`արդեն հանգուցյալ ընկերոջը` Նորիկ Ղազարյանին` Նոգո, որի կատարած հանցանքը նախաքննության ընթացքում իր վրա էր վերցրել, որպեսզի պատասխանատվությունից ազատեր նրան, քանի որ Նոգոն հիվանդ էր և չէր դիմանա ազատազրկման պայմաններին: Ավելին՝ դատարանում պարզվեց, որ վկաների նախաքննական ցուցմունքները ընդհանրապես չեն կարող ապացույց դիտվել, քանի որ ձեռք են բերվել օրենքի խախտմամբ. դրանք գրված չէին վկաների ձեռքով, լրացվել էին քննիչի կողմից, կային ցուցմունքներ, որոնցում վկաների ստորագրություններն իրենցը չէին, նախազգուշացված չէին եղել սուտ ցուցմունք տալու վերաբերյալ և այլն: Բացի այդ՝ ցուցմունքներում նշված չէին, թե որտեղից էին վկաներն իմացել, որ Շաքարյանին սպանողը Կիլինկարովն է: Ցուցմունքներում նշել էին ոչ կոնկրետ փաստեր. այդ մասին լսել էին քաղաքի ընդհանուր խոսակցություններից, իրավապահներից: Եվ, բնականաբար, աղբյուրը չնշող ցուցմունքը չէր կարող դրվել մեղադրանքի հիմքում:
Բացի այդ՝ սպանությունը կատարվել էր 2000 թ. Ալավերդի քաղաքում: Դեկտեմբերի 25-ին քրեական գործ էր հարուցվել անհայտ դիակի հայտնաբերման փաստի առթիվ: Որևէ անձի վկայակոչում չէր եղել: Հունվարի 8-ին կայացվել էր մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, ինչը, ըստ օրենքի, հնարավոր է միայն բավարար ապացույցների ամբողջության դեպքում: Տվյալ պահին 3 հոգու ցուցմունք էր եղել, որոնք էլ նշել էին, որ ընդհանուր խոսակցություններից լսել են, որ Արմենն Կիլինկարովն է Արսեն Շաքարյանին սպանողը: Միակ վկան` Լևոն Կիլինկարովը, ով հստակ տվել էր Արմեն Կիլինկարովի անունը` որպես սպանություն կատարողի, ձերբակալվել և ցուցմունք էր տվել դրանից 20 օր հետո միայն: Այսինքն`մեղադրյալ ներգրավելու ապօրինի, անհիմն որոշում էր կայացվել: Արմեն Կիլինկարովը ներգրավվել էր որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: 2001-ից Արմեն Կիլինկարովը հետախուզման մեջ էր: Մեկնել էր ՌԴ և այնտեղ էր բնակվում: Այլ հանցագործության համար ՌԴ-ում ձերբակալվելուց և պատիժը կրելուց հետո 2009-ին Հայաստան տեղափոխվելով`կալանավորվեց:
Ուշագրավ էր Արմեն Կիլինկարովի`որպես ամբաստանյալի դատարանում հնչած ճառը: Ստորև ներկայացնում ենք այն. «Ես հանցագործության հետ ոչ մի կապ չունեմ: Դա ապացուցվում է նրանով, որ դեկտեմբերի 25-ին փաստի առթիվ գործ են հարուցել, հունվարի 8-ին ես դառա կասկածվող: Ո՞ւմ ցուցմունքով եմ դառել կասկածյալ: Վապշե ո՞վ ա գրել, որ ես կասկածյալ եմ դառել: Հանցագործության հետ կապ չունեմ: Իրանք էլ գիտեն: Ռուսաստանում կալանավայրում էի: Մատնահետքերս, past-profile նկարներս պահանջեցին. ո՞ւր ա, գործերի մեջ չկա: Ո՞վ ա զապրոս արել ընդեղ, ինչի՞: Էդ «Նիվայից» ինչի՞ հետքեր վեր չեն կալել: Իրանց չհետաքրքրեց, որ մատանհետք վեր ունեն, մի բանի հետք վեր ունեն: Ոչ մի բանի էքսպերտիզա չարին: Չէ, լավ էլ արել են, իմը չի բռնել դրա հետ: Ինձ կասկածյալ էին գրավել, ու իրանց պետք էր մի ձևով էս ամեն ինչի միջից դուրս գալ: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում: Եթե ես ըլնեի, համոզված էղեք, որ նա չէր մեռնի, ուրիշ մարդ կմեռներ: Նա մեռած, չմեռած. իմ թշնամին նա չի: Իմ թշնամին նրա եղբայրն ա, որ իմ ախպորս վրա կրակել ա: Մինչև խոր ծերություն էլ, մինչև գերեզմանս էլ իմ թշնամին ա: Էդ մարդը ինձ պետք չի էղել… Ձգանը ես չեմ ձգել, որ սպանել են. էդքան բան»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Մեկնաբանություններ (64)
Մեկնաբանել