HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դալարիկ համայնքում մարզպետարանը մի շարք խախտումներ է հայտնաբերել

Արմավիրի մարզի Դալարիկ համայնքում մարզպետարանն իրականացրել է իրավական և մասնագիտական հսկողություն և հայտնաբերել մի շարք խախտումներ: Արդեն տեղեկացրել ենք, որ 19 տարի համայնքը ղեկավարած Պարգև Սաղաթելյանը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել, որն ավագանին հավանության է արժանացրել:

Համայնքապետի դիմումի պատճառը հայտնաբերված խախտումներն են, թեև նա «Հետք»-ի հետ զրույցում ասաց, թե առողջական վիճակն է վատ: Իսկ երբ հարցրինք իրականացված ստուգումների մասին, հեռախոսն անջատեց:

Ըստ ստուգման արձանագրության՝ օրենքի խախտումներ են հայտնաբերվել թե´ համայնքի ղեկավարի, թե´ ավագանու գործառույթներում: Մասնավորապես, համայնքի ղեկավարի կողմից չի հաստատվել աշխատակազմի գործավարության կարգը: Պարգև Սաղաթելյանը, որպես համայնքի ղեկավար սեփականության իրավունքով գույք ձեռք բերելուց կամ օտարելուց հետո մեկշաբաթյա ժամկետում գույքագրման փաստաթղթերում չի կատարել փոփոխություն և ներկայացրել համայնքի ավագանու առաջիկա նիստում` հաստատման:

Սկսած 2014թ.-ից` համայնքի ղեկավարը չի տվել ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություններ: Դրանով խախտվել է կառավարության սահմանած կարգը:

Մեկ այլ դեպքում, դարձյալ սկսած 2014թ.-ից, Պարգև Սաղաթելյանը կատարել է համայնքապետարանի, ինչպես նաև վերջինիս ենթակայության կազմակերպությունների մի խումբ աշխատակիցների աշխատավարձերի չափերի վերահաստատում: Սա այն դեպքում, երբ նշված գործառույթը, ՏԻՄ օրենքի համաձայն, ավագանու իրավասությունն է:

Ավելին, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը սահմանելիս չի պահպանվել հավասարության սկզբունքը: Օրինակ՝ տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակցի՝ վարորդի դրույքաչափը նկատելիորեն ավել է սահմանվել, քան մասնագիտական գործունեություն իրականացնող համայնքային ծառայող հանդիսացող առաջին և երկրորդ կարգի մասնագետների դրույքաչափերը:

Այլ խախտումներ ևս հայտնաբերվել են:

Բացահայտում՝ «Հետք»-ի ուսումնասիրություններից հետո

Ինչ վերաբերում է ավագանու մյուս գործառույթների կատարման թերացումներին, ապա ավագանին չի հաստատել համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը: Նիստերի ժամանակ չեն պահպանվել առնվազն երկու ամիսը մեկ անգամ իրականացման ժամկետները: Իսկ օրակարգը, նախագծերը ձևավորվել են օրենքի խախտումներով:

Բացի այդ, Դալարիկի ավագանու մի քանի անդամներ, կողմ քվեարկելով, մասնակցել են իրենց կամ իրենց մերձավորների օգտին որոշումների կայացմանը: Օրինակ` 2014թ. հուլիսին ավագանու 8 անդամներ դիմում են ներկայացրել համայնքապետին սոցիալական օգնություն ստանալու համար: Օրեր անց ավագանու նիստին մասնակցել են նույն 8 անդամները և քվեարկելով կողմ` ընդհանուր 500 հազար դրամ օգնություն են ստացել:

2016թ. փետրվարին էլ ավագանու անդամներից Թենիկո Ալբուրովան, մասնակցելով ավագանու նիստին, կողմ է քվեարկել, որ իր հորը տրամադրվի 60,000 դրամ օգնություն: Նույն կերպ վարվել է նաև ավագանու անդամ Վարուժան Հակոբյանը: Նա էլ կողմ է քվեարկել, որ եղբորը տրվի 20,000 դրամ օգնություն: Իսկ 2017թ. մայիսին նույն ավագանու անդամը կողմ է քվեարկել, որպեսզի հորեղբայրը ստանա սոցիալական օգնություն համայնքային բյուջեից:

Ավագանու մեկ այլ անդամ՝ Արմեն Ալեքսանյանը, իր կնոջը՝ Լալա Սիմոնյանին 100,000 դրամ սոցիալական օգնություն հատկացնելու համար 2017թ. մասնակցել է քվեարկության և կողմ քվեարկել: Ընդ որում` նշված գումարը հատկացվել է նրանց երեխաների ուսման վարձը վճարելու նպատակով:

Նշենք, որ Դալարիկ համայնքի ավագանու` շահերի բախմամբ կայացված որոշումներին «Հետք»-ն անդրադարձել էր դեռևս 2016թ.: Մեր հրապարակումից հետո Արմավիրի այն ժամանակվա մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դիմել էր Դալարիկ համայնքի ղեկավարին ավագանու որոշումն ուժը կորցրած ճանաչելու և ավագանու անդամներին հատկացված գումարները համայնքի բյուջե վերականգնելու համար:

Մարզպետարանի հանձնաժողովը ստուգման արդյունքում բացահայտել է, որ ավագանու մի շարք որոշումներ քվորում ապահովող ավագանու անդամների թվաքանակով ստորագրված չեն ավագանու անդամների կողմից:

Բնակիչների դիմում-բողոքների ոդիսականը

Ստուգման փաստաթղթերում հայտնվել են նաև Դալարիկ համայնքի մի քանի բնակիչների դիմում-բացատրագրեր: Օրինակ` Թամարա Հարությունյանի դիմումը հունիսի 6-ին մուտքագրվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: Վերջինս տեղեկացնում է, որ Պարգև Սաղաթելյանը մոտ 1 հա հող է «առել» իր ձեռքից: Խոստացել է գումարը տալ, սակայն այդպես էլ չի տվել:

«Խաբելով նա վերցրեց մեր պասպորտները, նա այդ հողը գրանցեց իր վրա: Մեզ մի քանի անգամ նա որպես օգնություն, որը մեզ հասնում էր, որպես անապահով ընտանիք, փող է տվել: Մի անգամ տվել է 5 հազար դրամ, մի անգամ 10 հազար դրամ, մի անգամ 20 հազար, մի անգամ էլ 10 դոլար: Եվ սրանով նա խլեց մեր ձեռքից մեր հողը: Ես պահանջում եմ հետ վերցնել իմ հողերը»,-գրված է Թամարա Հարությունյանի դիմումում:

Սակայն, օրեր անց՝ հունիսի 26-ին, Թամարա Հարությունյանը բացատրագիր է ներկայացրել (տիկնոջ խնդրանքով գրել է այլ քաղաքացի), որ իր սեփական հողամասը 1,20 հա վաճառել է Պարգև Սաղաթելյանին 1000 դոլարով, «որից 500 դոլարը տվել է, 500 դոլարն էլ տալու է: Ես բողոք չունեմ»:

Իրենց  դիմումներից հետագայում հրաժարվել են նաեւ դալարիկցի Սուսաննա Ահարոնյանը, Հովհաննես Ասոյանը:

Հովհաննես Ասոյանը նույնպես բողոքել էր, թե համայնքապետ Պարգև Սաղաթելյանն առանց իր իմանալու 1.5 հա հողը զավթել է և, օգտվելով ծանր վիճակից, հողի դիմաց վճարել է 500 դոլար, ինչը «ստիպված վերցրել» է: Ինչպես մյուսները, Հ, Ասոյանը ևս հրաժարվել է իր դիմումից՝ ասելով, թե ինքը չի գրել և տեղյակ չէ դրա մասին: