
Դատախազությունը «Հետքի»-ի հրապարակումն ուղարկել է ոստիկանություն
Այսօր Արմավիրի մարզի դատախազությունը «Հետք»-ի՝ «Ավագանու անդամների ստորագրություններն ակնհայտ տարբերվում են» հրապարակումն ուղարկել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն՝ նյութ նախապատրաստելու համար: Այս մասին տեղեկացրեց գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի մի շարք համայնքների ավագանու որոշումների ուսումնասիրությունից պարզ էր դարձել, որ որոշ համայնքներում ավագանու անդամների ստորագրություններում կան ակնհայտ տարբերություններ: Այսինքն` նույն անդամը տարբեր որոշումների տակ ստորագրել է տարբեր ձևով: Չի բացառվում, որ նրանց փոխարեն ստորագրել են այլ անձինք:
Հրապարակումից հետո Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից էլ տեղեկացրին, որ նախարար Սուրեն Պապիկյանն Արմավիրի մարզպետին հանձնարարական է տվել՝ տեղում մանրամասն ուսումնասիրել իրավիճակը։
Մեկնաբանել