HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Մինաս Հալաջյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում նկարիչ Մինաս Հալաջյանն է։

Մինաս Հալաջյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Ինքն իրեն տեսնում է իր «Floral mind» շարքի մեջ եւ այն պրոցեսում, երբ դեռ նկարը չկա, բայց կան գունավոր, մեծ ու փոքր կտորները։ Իրեն տեսնում է նաեւ ինքնաթիռի մեջ, երբ ոչ այստեղ է, ոչ այնտեղ, երբ նեյտրալ մի զոնայում է։ Մնացածն ավելի իրական է, շոշափելի՝ արվեստանոցն ու ինքը, ինքն ու ընտանիքը։ Ինքն իր հետ լեզու գտնում է, բայց լինում են բախումներ, ամեն բան հարթ ընթանալ չի կարող։

Ինքն անընդհատ փորձարկումների մեջ է՝ ամեն նկարը, ամեն օրը․․․ Հասկանում է, որ առանց դրա հնարավոր չէ, որովհետեւ ուրախությունը, թրթիռը, զգացումները հենց այդ փորձարկումների ու ընթացքի մեջ կարող է զգալ։

Երբ նկարն ավարտված է, շրջում է․ հատուկ մի տեղ ունի, դնում է այնտեղ եւ այլեւս չի անդրադառնում։ Դրսում ապրելը բթացրել է հրաժեշտի պահի ցավը, մտքերը․ գիտի, որ ընթացքն է կարեւոր, իսկ երբ նկարն արդեն ավարտված է, այլեւս չի մտածում այդ հրաժեշտի մասին։

Ավարտված գործից հեռանու՞մ ես, թե՞ հրաժեշտ տալիս։

Գիտեմ, որ իմն է, իմ մասնիկը, գիտեմ, որ կա ու ապրում է այդ նկարը։ Նույն բանն է, երբ Հայաստանից շատ հեռու ես, բայց գիտես այդտեղ քո ընկերներն են, քո շենքերը, դու ես նաեւ․․․ Ու հանգիստ ես։

Սիմվոլիկան սկսել է պակասել։

Այդ առումով երեւի Ամերիկան իր ազդեցությունն ունի․ երբ քայլում ես օրվա հետ, ինչ-որ բաներ անպայման պակասում են։ Այլ կերպ ասած՝ դրսում ապրելով մինիմալիստ ես դառնում։ Հայաստանում, օրինակ, նկարի մեջ խոսքն ու էներգիան շատ է խտացված․ չգիտեմ՝ գուցե փիլիսոփայական մոտեցումներ կան, բացատրությունների կարիք կա, քեզ հաստատելու փորձ, բայց դրսում դու նման հնարավորություն չունես․ կամ պարզ պիտի խոսես, կամ քեզ չեն լսի, որովհետեւ ուղղակի ժամանակ չկա։

Քո ու Հայաստանի հարաբերությունները։

Չնայած այսօրվա ջերմ արեւին, երեւի մեր հարաբերությունները մի քիչ սառել են․ գուցե նրանից է, որ միշտ հեռվում եմ։ Նման է մեծ սիրո, որի համար միշտ դողում ես, որի մասին շատ ես մտածում, բայց նաեւ ուզում ես հեռու մնալ իրենից՝ հասկանալով, որ քոնն է։ Որտեղ էլ լինեմ՝ ցուցահանդեսի ժամանակ, այլ երկրում, ինչ-որ միջավայրում կամ ուղղակի փաբում, հայ լինելս շեշտում եմ։

Երեւանը սեր է, բայց քանի որ լարն ինչ-որ իմաստով կտրվել է, մի քիչ նեղացել եմ․ նեղացել եմ ինքնս ինձնից։ Ամեն դեպքում հիմա կարճ ժամանակով այստեղ եմ ու տեսնում եմ՝ դրական փոփոխություններ կան։

Հայաստանից 16 տարի առաջ ես գնացել։ Այդ ժամանակ մտածու՞մ էիր քո ու Հայաստանի հարաբերության մասին, թե՞ կոնկրետ նպատակային էր գնալդ եւ միայն քեզ էր առնչվում։

Ավելի ճիշտ կլինի ասել, որ իմ ու արվեստի հարաբերության մասին էի մտածում․հասկանում էի, որ մնալով ուղղակի բացեր կառաջանան։ Ես թողեցի Երեւանս, արեւը, ընկերներիս, գնացի՝ լրիվ գիտակցելով, որ պիտի կռիվ տամ, զգամ՝ արվեստն ինչ կարող է անել ինձ հետ, որովհետեւ ինձ «վստահել» էի իրեն․․․

Մեկնել եմ 2002թ․-ին, երբ մութն ու ցուրտն անցյալում էին, երբ սոցիալական խնդիրները սուր չէին, մեկնել եմ այն ժամանակ, երբ զգացի՝ աչքս դրսում է․․․ Անընդհատ հետեւում էի՝ ինչ է կատարվում Լոնդոնում, Նյու-Յորքում, Բեռլինում, Լոս-Անջելեսում։ Հիմա մի քիչ այլ է․ խոշորացույցս ուղղված է Երեւանի վրա․ այնտեղից միայն Երեւանին եմ ուշադրություն դարձնում։

Մտածու՞մ ես վերադառնալու մասին։

Իհարկե մտածում եմ ու շատ հաճախ, բայց ուզում եմ հագեցած վերադառնալ։ Վերադառնալու հիմնական պատճառներից մեկը գերբնական ուժն է՝ մարդիկ դրան կարող են Աստված անվանել, էներգիա կամ մի ուրիշ բան, բայց հասկացել եմ, որ այն այստեղ է․ դրսում երբեք նման բան չեմ զգացել։ Երբ այդ ուժը դրսում չես զգում, սկսում ես ներսումդ փնտրել։ Ստացվում է՝ այստեղ ես ինձ չեմ փնտրել, ուղղակի տեսել եմ ու փորձել նմանակել, իսկ դրսում շատ դետալներ ու մանրուքներ կան, որոնք խճանկարի են վերածվում։ Պատկերացրու՝ դրսում մեծ ջրային տարածության մեջ ես ու անընդհատ փոխում ես նավդ․ մեկից անցնում ես մյուսին, հետո՝ ավելի մեծին․․․ Դա անընդհատ է։

Դրսում նավը տեղ հասնելու հնարավորություն չունի՞։

Այնտեղ ցամաք չկա․ ցամաքը պիտի հորինես։

Վեց տարի առաջ, երբ զրուցում էինք, ասացիր, որ դու չես կրկվում եւ կրկվնել կարելի է Հայաստանում․․․

Հիմա մտածում եմ, որ կրկնությունն էլ տարբեր կարող է լինել․այսինքն, եթե քո «դուռը» բացել ես ու մտել ներս, արդեն լեզու ես ստեղծել եւ խաղալու ես այդ լեզվի հետ։

2014 թվականին Սաաչիի ցուցասրահում ներկայացված շեղաչք «Իեւան» ի՞նչ եղավ։

Պտտվեց շատ տեղերով՝ գնաց Լոնդոն, հետո Նյու-Յորք, Լոս-Անջելեսում ցուցադրվեց, Վաշինգտոնում․․․ Հիմա իմ սենյակի մուտքի մոտ է փակցված, ամեն օր նայում ենք իրար։ Կարող էր շատ հանգիստ հայտնվել ինչ-որ մեկի մասնավոր հավաքածուում, բայց այդ նկարը «չի վաճառվում»։ Մի ձեռքին նավթը, մյուսին՝ Աստվածաշունչը՝ շեղաչքը շարունակ է մնալ ինձ հետ։

Ասում էիր, որ ընտրությունների չես գնում, չես մասնակցում որեւէ քաղաքական պրոցեսի ու պատերազմներին երբեք խառնվել չես կարող։

Հա, ասում էի նաեւ, որ ես իմ արվեստում եմ պատերազմում ու այդ առումով ոչինչ չի փոխվել։ Հիմա կարող եմ ավելի ընդգծված ասել դա, որովհետեւ լրիվ այդ տրամադրության մեջ եմ եւ աշխատանքային, ստեղծագործական պրոցեսից հազվադեպ եմ կտրվում։

Իսկ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին, քեզ էլի չէ՞ր հետաքրքրում։

Ուղղակի զգացի, որ լավ ուժ ու էներգիա է ուզում Հայաստանում հաստատվել։ Հիմա, երբ այստեղ եմ, տեսնում եմ, որ հնարավորություններ կարղ են առաջանալ, խոսում եմ տարբեր մարդկանց հետ՝ բարեկմաների, ծանոթների, տաքսիստների․․․ Հասկանում եմ, որ ոգեւորված են, ուրախ, սպասումներ կան․ այդքանն ինձ բավական է։

«Ես զբաղվում եմ արվեստով, որ ինքս ինձ գտնեմ»այս արտահայտությունը տարիներ շարունակ հարցազրույցներիդ գլխագրերում էր։

Հիմա մի քիչ այլ է․ հենց հաստատված, գնահատված ես զգում, խնդիր ես դնում հերքելու քեզ ու նորից գտնելու․ այդկերպ առնչվում ես այլ իրականություններին, փորձում ես հարթություններ փոխել։ Կան ազդեցություններ, որոնք կարող են երկար ժամանակ ինչ-որ վիճակի մեջ պահել, մտածելու առիթ տալ․․․ Երեկ օրինակ Նորադուզի գերեզմաններում էի․ այնպիսի էներգիա ստացա, այնպիսի պատկերներ տվեց, որ, եթե փակվեմ արվեստանոցում, երեւի երեք տարի շարունակ ստեղծագործելու նյութ կլինի։

Ծաղիկը գործերիդ կենտրոնական մասում է, առաջնային պլանում, «ծաղկային» կոլաժով նաեւ մարդուն ես ծածկում, քողարկում, պահում։

Ծաղիկն ամեն մեկս ենք՝ մեր մեջ էլ նույն արմատներն են, ամեն մեկս մեր բնավորությունն ունենք, աճելու ձեւը, գույնը։ Առաջին գործը, որտեղ հայտնվեց ծաղիկը, «Boy from Wall Street»-ն է․ այս գործն անմիջապես կապված էր Wall Street-ի ճգնաժամի հետ։ Ամերիկան դեպրեսիայի մեջ էր․․․ Ի հայտ եկավ փողկապով տղան, ով «մտնում է բանկ» փող հանելու։ Ես պատկերացրի՝ ինչպես է անջատվում իր ուղեղը, ինչքան «սիրուն» բան է տեսնում այդ փողի մասին մտածելիս, եւ իր գլխում հայտնվում են ծաղիկները։

Քիչ առաջ ասացիր, որ Հայաստանին նորարություններն են պակասում, դրսի հետ առնչությունն ու հիբրիդներ ստանալը։

Հա, ունենք մեր պատմությունը, մեր ճարտարապետությունը, եկեղեցիները, որի մասին անընդհատ խոսում ենք, բայց խոսում ենք անցյալից, չէ՞։

Հայերիս ի՞նչն է պակասում, նորն ավելացնելու ռիսկին գնալը․ հիմա պիտի ազատ լինենք վերցնելու այն ամենն, ինչ մեզ պետք է։ Հենց այդ պրոցեսն եմ անվանում հիբրիդ, որը ֆորմայի փոփոխության կարող է տանել, որի արդյունքում կկարողանանք քայլել ժամանակակիցի հետ։

Պատկերացրու, որ աշխարհի ամենասիրուն լիճն էլ նեխելու է, եթե ջրեր չլցվեն։ Կան երաժիշտներ չէ՞, որ, հիմքում ունենալով Կոմիտասի մաքուր երաժշտությունը, նոր բան են ստեղծում, որն արժեւորում է եւ Կոմիտասի գործը եւ ստեղծագործողի նոր աշխատանքը։

Խոսակցության ժամանակ ասացիր, որ «Ամերիկայում փողն է Աստվածը»անդադար շրջանառությունը, պտույտն ու ռիթմը քեզ իր մեջ ներքաշե՞լ է։

Երբ նկարում եմ, չեմ մտածում «Աստծո» մասին, բայց ինչ-որ ճանապարհով ինքն է մոտենում, որովհետեւ ես աշխատանք եմ տանում շատ երկար, եւ այն արժեք է ձեռք բերում։

Այնտեղ ամեն ինչն է փող․ մարդը տնից դուրս է գալիս՝  ֆիքսված գումար ունենալով իր գլխում, որն այդ օրը պիտի աշխատի։ Վատն այն է, որ շատերն ուղղակի խորանում եմ այդ պտույտի մեջ ու դեպի կործանում գնում․ կործանում այն իմաստով, որ այլեւս հոգատարություն, շփումներ, որպես այդպիսին, չկան․․․ Ամեն ինչն է հաշվարկված, ամեն զրույց շահ է ենթադրում, արդյունավետություն։

Ցավալի է, իհարկե, բայց Ամերիկայում հասկանում ես, որ ոչինչ քոնը չէ․․․ Ու սկսում ես մտածել «ծաղիկների» մասին․ իմ պարագայում նորից արվեստի մասին կխոսենք։

Սկզբում ապրել ես Նյու-Յորքում։

Մեկուկես տարի։ Հետո հասկացա, որ տարածություն չկա, հասկացա, որ կկործանվեմ։ Ոչինչ չգիտեի, չէի պատկերացնում, ոչ մեկին չէի ճանաչում։ Հրաշալի քաղաք է, երբ զբոսաշրջիկ ես, իսկ երբ պիտի բնակվես, մեծ քարի պես է, որ անընդհատ իջնում է ուղիղ քեզ վրա ու ճնշում։ Այդ առումով Լոս-Անջելեսն ինձ համար շնչելու, գաղափարներն իրականացնելու տարածքներ է բացում։

Անկախ քաղաքներից՝ Ամերիկայում մնացի, որովհետեւ նկարում եմ․․․ Եթե այդպես չլիներ, կվերադառնայի Հայաստան, որովհետեւ վախ կա այնտեղ, հոգեւոր ոչինչ չկա։

Երեւի հենց այդ վախի առկայությունն ու հոգեւորի բացակայությունն էլ «ներսդ» գնալու շանս է տալիս․․․ Ինչպես ասացիր, «ցամաք չկապիտի հորինես»։

Հա, ներս ես գնում քո մեջ ու ուզում այդտեղ ծաղկել։

Քեզ պաշտպանվա՞ծ ես զգում այդ պայմաններում։

Կասեի, որ ոչ մեկ ոչ մեկին պետք չի․ դու ունես քո նեղ շրջանակը, քո ընտանիքը։ Ուրիշը հետաքրքրվում է ոչ թե քեզնով, այլ արածդ գործով․ այս դեպքում կապ չունի դու նկարում ես, մեքենա ես սարքում, թե մի այլ բանով ես զբաղված։

Հայաստանում նորից տարբեր է․ այստեղ շփումը կարող է հաճելի լինել, ժամանակատար, ոչ մտածված, այնտեղ, արդեն ասացի՝ խոսակցությունը կոնկրետ է, կա հանդիպման նյութ, շահեր։

Ամերիկյան լսարանի համար քաղաքական դիսկուրսը կարեւորվու՞մ է։ Արվեստագետին կապու՞մ են քաղաքական պրոցեսի հետ։

Ամերկայում քաղաքականություն չկա․ դա երրորդ երկրների գործն է։ Ամերիկայում քաղաքականությունից չեն խոսում, եղած խոսակցություններն էլ ցինիզմի ու լուրերի մակարդակում են։ Ամերիկայի կառավարումը լրիվ այլ է, այնպես, որ այստեղ դու կարող ես լավ կոշիկ հագնել ու քեզ լավ զգալ, այնտեղ դու սպառում ես այդ կոշիկը, որ անցնես մյուսին։ Ամեն բան արված է այնպես, որ դու չմտածես, թե կարող ես առանձնանալ։

Արվե՞ստն էլ է սպառողական։

Հա, ամեն բան է գնվում ու վաճառվում Ամերիկայում՝ աղբից մինչեւ անվերջություն․ մեծ շրջանառություն է, համակարգեր են մշակվում այդ շրջանառության համար, եւ դա չի խախտվում։

Բայց կա չէ՞ ժամանակակից արվեստի ամերիկացի քննադատը, կոնցեպտուալիստը։

Կոնցեպտուալ արվեստն արդեն հին է նայվում այնտեղ․ տասնամյակներ առաջ էր կարեւորվում դա, իսկ հիմա Ամերիկան փորձում է ամեն բան շոշափելի անել, որ կարողանաս տանել թանգարան, տուն․․․  Չես կարող 4 աթոռ կպցնել իրար, ավազ շաղ տալ ու կոնցեպտ բացատրել։ Այդպիսի արվեստն արվում է ֆոնդերի միջոցներով եւ հովանավորությամբ, որպեսզի արվեստագետները երբեմն կարողանան արտահայտել իրենց մերժողական կամ ընդդիմադիր գաղափարները։

Իսկ դու ի՞նչ ես կարծում՝ արվեստն առհասարակ հարցադրումներ պիտի առաջ չքաշի, մերժողական դիրքից պիտի չներկայանա։

Ընդդմիանալը երեւի կոնկրետ արվեստագետի ժեստ է,  ով իրեն սիրում է ու ուզում ասել, որ ընդդիմանում է, տարբերվում է ու իրեն պիտի լսեն։

Ամերիկայում տարբերվելու հնարավորություն կա՞։

Միայն գործով․ խոսքն արժեքավոր չի։ Եթե նկարիչ ես, ուրեմն պորտֆոլիոդ պիտի ցույց տաս, ցուցասրահների հետ համագործակցություններդ։ Չես կարող «փախած» մեկը լինել ու զարմացնել, ուշադրություն գրավել։

Հիշեցի, որ «Իվեւա»-ի մասին զրուցեցինք, ասացիր, որ ռոմանտիկան անցավ, մնաց Իեւայի պատկերացրած «շաշ» իրականությունը։

Հա, այնտեղ ապրելով շատ բաներ ես հասկանում, տեսնում ես, թե ինչպես է Ամերիկան իր ներսում քաղաքականություն «չի անում» եւ ուղղում է ամենը դեպի դուրս՝ այլ երկներին իր մասին «հիշեցնելու» համար։ Այդտեղ ռոմանտիկա լինել չի կարող․ իրականությունն էլ «շաշ» է։

Գլոբալի մեջ հարմարվելու կամ չհարմարվելու հնարավորություններն ինչպե՞ս են տրվում այդ դեպքում։

Ամեն փոքր ազգի ցավոտ թեման է, վախի զգացումը։ Բառը կոնկրետ ասենք, որովհետեւ արդեն վաղուց կա՝ «գլոբալիզացիա»․․․ Եվ այդ գլոբալիզացիան բնական է, որովհետեւ զարգացմանը զուգահեռ նույնիսկ Երկիր մոլորակն է փոքր, մարդիկ դրանից դուրս են ձգտում։ Բայց սրա մասին չես կարող անընդհատ մտածել, այսինքն՝ հարմարվելու եւ չհարմարվելու հարց լինել չի կարող․․․ Պատկերացրու, որ ամեն անգամ փողոց դուրս գալիս մտածես, որ մեքենայի տակ ես ընկնելու․ վտանգը կա, բայց չես կարող անընդհատ մտածել մի բանի մասին, որը կարող է պատահել, չէ՞։ Անվիճելի է, որ գլոբալիզացիան իրականություն է եւ գրավելու խնդիր ունի մինչեւ վերջ։

Նկարելու ժամանակ գրավելու խնդիր դու ինքդ ունե՞ս։

Ոչ թե քո նկարով գրավելու, այլ նկարին «գրավելու», որ ինքը տրվի քեզ։

Ստացվում է, որ գլոբալի մեջ քո լոկալացումը հենց ստեղծագործական պրոցեսն է։

Իմ նկարների մասին խոսելիս քաղաքական տեքստեր չեմ ասում, բայց ազդեցություններն ակնհայտ են․ քարացած դեմքերը, որոնք իդեալական են թվում, ոչինչ չեն արտահայտում, սառն են․․․ Իրենք այսօրվա մարդիկ են, ովքեր սելֆի են անում եւ Ինստագրամում կամ մի այլ տեղ դնում, որ մենակ չզգան, չնայած, որ իրենք ապրում են տասը, քսան միլիոնանոց քաղաքներում։ Այդ միայնության մեջ դու ուղղակի պիտի կրես այն ձեւը, որի մեջ բոլորն են։ Այսօրվա մարդը իմ կենտրոնական կերպարն է, ուրեմն էլի գլոբալն է, որ կոնկրետանում է կտավի վրա։

Եվ այդ ծաղիկները՝ սառը, քարացած հայացքով, միայնակ մարդու դեմքին․․․

Այս պահին մեր սեղանին անլար հեռախոսն է, սմարթ բաժակը,  այս, այն, իմ նկարներերում հենց այդ ազդեցությունները կրող մարդն է․․․ Եվ ինքն ինձ հուզում է։ Միաժամանակ հասկանում եմ, որ մշտական փոփոխությունները հավաքելով, ստանալով կոլաժը, մարդուն, ով իմ ժամանակակիցն է, ստեղծում եմ նաեւ իմ լեզվամտածողությունը, որն ինձ է հաստատում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter