
Արդյոք հեղափոխության արդյունքները կարող են ազդել արտաքին քաղաքականության վրա
Ռուսական մամուլում Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի հնարավոր փոփոխության շուրջ պարբերաբար քննարկումներ են ընթանում։ Չնայած Նիկոլ Փաշինյանի` բազմիցս արած հայտարարություններին, որ Հայաստանի կառավարությունը չի վերանայելու իր արտաքին քաղաքականությունը և հավատարիմ է մնալու իր միջազգային պարտավորություններին, Ռուսաստանի քաղաքական դասը շարունակում է անհանգստության նշաններ ցուցաբերել, անգամ ավանդականորեն համոզված հայամետ քաղաքագետներն ու գործիչները։ Ո՞րն է նման անհանգստության պատճառը։
Ներքին քաղաքականությունը հաճախ արտաքին քաղաքականության շարունակությունն է։ Դրա վառ օրինակը ԱՄՆ-ի` Ռուսաստանի հանդեպ ունեցած ներկայիս քաղաքականությունն է, երբ Թրամփի դեմ Դեմոկրատների կողմից վարվող ճնշումների մեխը Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքն է՝ Ռուսաստանի միջոցով փորձում են վարկաբեկել Թրամփին։ Նույնը կարելի է ասել Ադրբեջանի մասին, որտեղ լիբերալ ընդդիմության ջախջախման հետևանքով երկու հիմնական քաղաքական հոսանքներ են մնացել` թուրքիզմը և իսլամիզմը: Բնականաբար, Ալիևի արտաքին քաղաքականության վեկտորը՝ Թուրքիայի հետ ստրատեգիական հարաբերությունները, նաև ներքին պատճառներով է պայմանավորված։
Հայաստանում վիճակը փոքր-ինչ այլ է, այստեղ ոչ թե գաղափարական կամ ներկլանային դասավորվածությունն էր առաջնային, այլ այն, որ կոռումպացված ու հանրային վստահություն չունեցող Սերժ Սարգսյանի իշխանությունն արտաքին հովանավորի խնդիր ուներ, և այդ դերը Ռուսաստանն էր կատարում, իսկ արևմտամետ տրամադրություններն իր համար ծառայում էին որպես շանտաժի գործիք, որ Կրեմլն իրենից բացի Հայաստանում այլ քաղաքական պարտնյորներ չունենար։ Դա արտաքին ոլորտում միակողմանի կախվածության վառ օրինակ էր։
Հեղափոխությունից հետո վիճակը փոխվել է, գործող վարչապետն ունի հանրային վստահության պաշար և արտաքին հովանավորների կարիք չունի, ինչն անհանգստացնում է Կրեմլին։ Հայաստանի իշխանության վրա ունեցած իր հիմնական լծակներից մեկը կորցրել է, մնացել են արդեն կոնկրետ տնտեսական, աշխարհաքաղաքական ու Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցերը, որոնք կարող են ծառայել որպես ազդեցության մեխանիզմներ։ Սակայն, արդյո՞ք այդ կախվածությունը միակողմանի է։
Ցանկացած սթափ մտածող մարդ կհասկանա, որ Ռուսաստանի համար Հայաստանը ստրատեգիական գործընկեր է շատ կոնկրետ պատճառներով, հակառակ դեպքում Կովկասում իր համար այլ ստրատեգիական դաշնակից կփնտրեր:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ Աֆղանստանում խաղաղապահ զորքերին նվիրված նիստին Հայաստանի մասնակցությանը Ռուսաստանը նյարդային կերպով է արձագանքում: Օգոստոսին Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության փաստը նույնպես մտահոգում է Կրեմլին, որով կարելի է փորձել բացատրել Փանիկ գյուղում ռուսական զինվորների աննախադեպ պահվածքը։ Ռուսական մամուլում աճել է Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի հնարավոր փոփոխության մասին սուր հոդվածների քանակը, որոնց պետք է արժանապատիվ և հավասարակշռված պատասխան տալ։
Ռուսներն Ադրբեջանին զինելը բացատրում են նրանով, որ իրենք մեծ երկիր են և ունեն շահեր ոչ միայն Հայաստանում, այլև Կովկասում։ Մյուս կողմից` Ադրբեջանին զենք վաճառելը հիմնավորում են նրանով, որ ոչ միայն գումար են աշխատում, այլև դրանով Ադրբեջանին ռազմական կախվածության մեջ են պահում։
Հայաստանի պատասխանը նույնպես պետք է լինի հստակ։ Հայաստանը փոքր երկիր է, և նրա անվտանգության խնդիրը նույնպես պահանջում է բազմավեկտոր քաղաքականություն վարել, այդ թվում` նաև ռազմական։ Մեզ համար Վրաստանը կյանքի ճանապարհ է, որը սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ։ Մեր հարևան Թուրքիան նույնպես ՆԱՏՕ-ի անդամ է։ Մենք ունենք լրջագույն խնդիրներ տարածաշրջանում տեռորիստական կազմակերպությունների ակտիվացման առումով, իսկ քրդական պարտիզանական ջոկատները հենց մեր սահմանին են գործում։ Մյուս կողմից` կա նարկոբիզնեսի խնդիր, որի դեմ պայքարը ՆԱՏՕ-ի ծրագրերում է։ Այս ամենը մեզ ստիպում է բազմավեկտոր քաղաքականություն վարել և ավելացնել անվտանգության ապահովության աստիճանը, որն ուղղված չի Ռուսաստանի դեմ, սակայն բխում է մեր շահերից։
Միաժամանակ տեսնում ենք, որ Բելառուսը, որն ի տարբերություն Ռուսաստանի` չի կարող ասել, որ Կովկասում ռազմական բալանս պահելն իր համար առաջնային է, միակողմանի կերպով զինում է Ադրբեջանին, իսկ Ղազախստանն Ադրբեջանի համար, ի դեմս Հայաստանի, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում քաղաքական լոբբինգ է ապահովում։ ՀԱՊԿ-ն իր հերթին հստակ կերպով չի արտահայտում իր դիրքորոշումը Արցախի խնդրում։ Այս առումով Հայաստանն առավել քան հիմքեր ունի բալանսավորելու իր արտաքին քաղաքականությունը։
Հայաստանը Ռուսաստանի մեղադրանքներին կամ կասկածներին ի պատասխան` նույնպես պետք է հստակ դիրքորոշում արտահայտի, և պետք չի մտահոգվել Ռուսաստանի արձագանքով: Կորցնելով Հայաստանը` նրանք վերջնականապես կկորցնեն Հարավային Կովկասը, որը կանդրադառնա իրենց անվտանգության ու էներգակիրների շուկաների վրա` ի դեմս միջինասիական էներգակիրների` Ադրբեջանով անցկացվելիք ուղիների։
Շահերը փոխադարձ են։ Սուվերեն քաղաքականություն վարող երկրների հանդեպ ավելի հարգալից վերաբերմունք է լինում։
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել