Վաչագան Ղազարյանն ազատ է արձակվել
Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող, պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն ազատ է արձակվել։
Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված 1 մլրդ դրամ գրավն այսօր վճարվել է։ Նա արդեն դուրս է եկել Ազգային անվտանգության ծառայությանը կից քրեակատարողական հիմնարկից։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։
Նշենք, որ հուլիսի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց փոխել Ղազարյանի խափանման միջոցը` կալանավորումը, և նրան 1 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակել։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Վաչագան Ղազարյանին հունիսի 27-ին մեղադրանք էր առաջադրվել, և նա կալանավորվել էր։ Նա մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու մեջ։
Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 20-ին Վաչագան Ղազարյանի` Տերյան փողոցի բնակարանում հայտնաբերվել էր 35 մլն դրամ, 1.110.400 դոլար, 230.500 եվրո։ Իսկ հունիսի 25-ին Ղազարյանը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից կանխիկացրել էր 50 հազար դոլար, «Յունիբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից՝ 120 հազար դոլար և 436 մլն դրամ, որից անմիջապես հետո բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։
Քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանը 2017թ. իր գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ. մայիսի 17-ի դրությամբ, գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460 մլն դրամի, 1.272.900 դոլարի և 124 մլն դրամին համարժեք՝ 218.000 եվրոյի չհայտարարագրման։ Բացի դրանից, նախկին պաշտոնյայի գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում։
Մեկնաբանել