Արմավիրի մարզում տարիներով չվճարված հարկային պարտավորության չափը հատել է 260 մլն դրամի շեմը
ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը չի կատարում վարչական դատարանի վճիռները: Արմավիրի քաղաքապետարանը դեռևս 2016թ. երկու հայցերով գումարի բռնագանձման հայցապահանջ էր ներկայացրել այն ժամանակ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի դեմ: Վարչական դատարանը երկու պահանջներն էլ բավարարել է մասնակի: Ըստ վճիռների՝ Ռուստամ Գասպարյանը տարիներ շարունակ չի վճարել «Նիսսան Արմադա 5.6» և «Մերսեդես-Բենց GL450 4MATIC» մակնիշների ավտոմեքենաների գույքահարկի գումարները:
Արմավիրի մարզպետարանի կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ռուստամ Գասպարյանը Արմավիրի քաղաքապետարանին չի վճարել 1 մլն 642 հազար դրամ գույքահարկ, որից 526 հազար դրամը հաշվարկված տույժերն ու տուգանքներն է: Այս դատական վեճին «Հետք»-ն անդրադարձել էր դեռևս տարիներ առաջ:
Ռուստամ Գասպարյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Նա չէր պատասխանում հեռախոսազանգերին:
Պարզվում է Ռուստամ Գասպարյանը միակը չէ, Արմավիրի մարզում խոշոր հարկատուները տարիներ շարունակ չեն վճարել հողի հարկի և գույքահարկի վարձավճարները: Այդ հարկատեսակների մասով չվճարված գումարի չափը հուլիսի 1-ի դրությամբ հասնում է մոտ 262 մլն դրամի: Արմավիրի մարզպետարանից «Հետք»-ին տեղեկացրին, որ մարզպետ Գագիկ Միրիջանյանը խոշոր հարկատուներ ունեցող համայնքների ղեկավարներին առաջարկել է օրենքով սահմանված միջոցներով գործուն քայլեր ձեռնարկել տարիներ շարունակ չվճարված հողի հարկի և գույքահարկի գումարները գանձելու ուղղությամբ:
Նշենք, որ 11 մլն 170 հազար դրամի պարտք էլ կուտակվել է վարձակալության տրված գույքի վարձավճարներից:
Միայն Արմավիրի քաղաքապետարանին հողի և գույքահարկի գծով պարտքը կազմում է 27 մլն 903 հազար դրամ: 4 մլն 922 հազար դրամ էլ վարձակալության դիմաց քաղաքապետարանին չվճարած հարկերն են:
Նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին պատկանող (Ալրաղացի Լյովիկ) «Գրանդ Վիլլա» ՍՊԸ-ն ևս չի վճարում իր հարկերը: Նա սահմանամերձ Բագարան համայնքին պարտք է 3 մլն 724 հազար դրամ, իսկ հարևան Երվանդաշատին՝ 10 մլն 610 հազար դրամ:
Մեծամորի քաղաքապետարանի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները չեն կատարել «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն՝ 3 մլն 771 հազար դրամ և ՀԱԷԿ ՓԲԸ-ն՝ 2 մլն 681 հազար դրամ:
Մարզպետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հարկերը չեն վճարում նաև պետական հիմնարկները: Օրինակ՝ «Խաղողապտղագինեգործական գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքին պարտք է 8 մլն 761 հազար դրամ: Նշենք, որ կառավարության 02.06.2011թ. թիվ 768-Ն որոշմամբ «Խաղողապտղագինեգործական գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է` միանալով «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ին` ստանալով մասնաճյուղի կարգավիճակ:
Մարզպետարանից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այս գործով հայց է ներկայացվել դատարան, «որի համար կկայացվի համապատասխան վճիռ»: «Դատալեքս» տեղեկատվական պորտալի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ այս գործով վաղուց կայացվել է դատական ակտ: Մասնավորապես՝ Պետական ագրարային համալսարան ՊՈԱԿ-ի դեմ Նալբանդյանի համայնքապետարանը հայցադիմում ներկայացրել է դեռևս 2012թ. նոյեմբերին: Վարչական վերաքննիչ դատարանը հայցը մերժել է, իսկ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել:
Ամենամեծ պարտքերը կուտակվել են Էջմիածին քաղաքում: Հողի և գույքահարկի գծով խոշոր պարտավորություններ ունեցողները համայնքապետարանին չեն վճարել 118 մլն 112 հազար դրամ:
Միայն 5 մլն դրամ կազմում է Կադաստրի Էջմիածնի ստորաբաժանման նախկին պետ Շիրազ Հարությունյանին պատկանող «Անտառային Գեղեցկուհի» ՍՊԸ-ի պարտքը: Գործը գտնվում է ԴԱՀԿ-ում: Այս ընկերությանը սնանկ ճանաչելու գործ է քննվում նաև դատարանում:
Շիրազ Հարությունյանը, վերջինիս կինը՝ Լյուդմիլա Հարությունյանն ու քրոջ որդին՝ Ժակ Սարգսյանը, հնարավոր է` զրկվեն Արմավիրի մարզի Ամբերդ համայնքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականության իրավունքից: Պատճառը տարիներ շարունակ չվճարած հողի հարկն է։ Նման պահանջով դատարան է դիմել Ամբերդի համայնքապետարանը և դատական ակտ դեռ չի կայացվել:
«Հետք»-ն այս գործի մասին ևս գրել է: Շիրազ Հարությունյանը պետական պաշտոն զբաղեցնելու տարիներին գյուղում խոշոր հողատեր է դարձել՝ գնելով համագյուղացիների հողաբաժինները: Դրանց մի մասը ձևակերպված է կնոջ անունով: Հողերի մի մասը խաղողի այգի է, մյուս մասը՝ վարելահող: Ընդհանուր հաշվով համայնքում սեփականության իրավունքով միայն Շիրազ Հարությունյանն ունի մոտ 13,5 հա հողամաս:
Հարությունյանների և Ժակ Սարգսյանի՝ Ամբերդի համայնքապետարանին ունեցած հողի հարկի պարտքը կազմում է 4 մլն 255 հազար դրամ:
Մարզի Մերձավան համայնքին գույքահարկի գծով 4 մլն 827 հազար դրամի չափով պարտք են իրար հետ փոխկապակցված երկու ընկերություն՝ «Մերձ Տրանս» և «Կարեն-Իշխան» ՍՊԸ-ները: «Մերձ Տրանս» տրանսպորտային ընկերությունը հիմնադրվել է 2003թ. Երևան քաղաքում: Թաթուլ Գևորգյանը ընկերության համահիմնադիրն է և գլխավոր տնօրենը: Ընկերությունն ունի նաև իր դուստր ձեռնարկությունը՝ «Կարեն Իշխան», որի ղեկավարներն են Կարեն և Իշխան Գևորգյանները:
Ընկերության հիմնական մասնագիտացումը բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումն է: Տարիներ շարունակ «Մերձ Տրանս» ընկերությունը զբաղվում է սննդամթերք, թարմ մրգեր և բանջարեղեն, ալկոհոլային խմիչքներ և ըմպելիքներ, սարքավորումներ, կահույք, շինանյութեր, պահեստամասեր, ինչպես նաև տարբեր չափսերի ու ծավալի այլ բեռների փոխադրումով:
Մի քանի համայնքներ դժվարություններ ունեն գումարները հավաքագրելու հարցում: Որոշ դեպքերում հայտնի չէ պարտապանների գտնվելու վայրը, որոշները մահացել են կամ սնանկ են ճանաչվել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել