
Ռ. Քոչարյան. «Մարտի 1-ի գործը անեծք է լինելու մեր ժողովրդի գլխին, եթե այս ձևով փորձեն բացահայտել»
«Մարտի 1-ի գործը անեծք է լինելու մեր ժողովրդի գլխին, եթե այս ձևով փորձեն բացահայտել»,- այս մասին հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայությունում քննչական գործողություններից հետո հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի գործով» Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Երկրորդ նախագահը գործում ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Նույն հոդվածով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաև 2008թ. հետընտրական իրադարձությունների ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Միքայել Հարությունյանին: Ըստ Ռոբերտ Քոչարյանի բնորոշման՝ հարուցված քրեական գործը շինծու է.
«Ես երբեք չեմ մտածել, որ մեր իրականության մեջ կարելի է այսպիսի շինծու քրեական գործ ստեղծել՝ այնպիսի փաստերի վերաբերյալ, որոնք ակնհայտ էին, բոլորը տեսնում էին, որոնք ամբողջությամբ օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում էին իրականացվում»,- նշեց երկրորդ նախագահը:
Անդրադառնալով բուն մեղադրանքին՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ սահմանադրական կարգը տապալվել է ընդդիմության կողմից՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ.
«Ես իբրև գործող նախագահ սահմանադրական կարգի կրողն էի, և այդ կարգի երաշխավորն էի, և ես ինքս ինձ տապալում եմ ինչ-որ տարօրինակ ձևո՞վ, և այդ տապալմանը մասնակցել է բանակի վերնախա՞վը: Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունը արվել է հենց ընդդիմության կողմից, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, իրենք են չընտրված, 21,5 տոկոսով հայտարարել, որ իրենք արդեն ընտրվել են և պետք է կազմալուծեն պետական համակարգը: Եվ թե մենք ինչ սահմանադրական կարգ ենք տապալել, ուղղակի հիվանդ երևակայություն պետք է մարդ ունենա, որ ընդհանրապես ենթադրի, թե սա հնարավոր բան է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Խոսելով 2008 թվականի նախագահական ընտրությունների հնարավոր կեղծման հանգամանքների մասին՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ մինչև իրեն մեղադրանք առաջադրելը պետք է «կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կեսը բանտերում լինեին» և ապացուցված լիներ, որ վերջիններս կեղծել են ընտրությունների արդյունքները: Ըստ երկրորդ նախագահի՝ «ինչ-որ լուծումներ, պատիժներ պետք է լինեին նաև Սահմանադրական դատարանի վերաբերյալ», քանի որ ՍԴ-ն ընտրությունների արդյունքները օրինական էր ճանաչել:
«Ես համարում եմ, որ սա մի ռումբ է` դրած մեր պետականության տակ, քանի որ Սահմանադրական դատարանի որոշումը այս ձևով վերանայելը կամ արհամարհելը ռումբ է մեր հանրապետության տակ, որը հաստատ պայթելու է: Մեր ամբողջ իրավական համակարգը այսօր վտանգի տակ է գտնվում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Հարցին, թե կան այլ զինվորականներ, ովքեր վկայի կամ մեղադրյալի կարգավիճակով ներգրավվել են «Մարտի 1-ի գործով», Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ իրավունք չունի դրա մասին խոսելու:
«Հաշվի առեք, որ ամբողջ բանակի վերնախավը մեղադրվում է, բանակն է մեղադրվում: Պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, էս ի՞նչ ենք անում: Այս կարգի բանակին պախարակումը ի՞նչ է բերելու»,- նշեց երկրորդ նախագահը:
Դիտարկմանը, թե մարդիկ շատ հաճախ հիշեցնում են 0038 գաղտնի հրամանը, որի համաձայն՝ բանակը ներքաշվել է ներքաղաքական գործընթացներին, երկրորդ նախագահը ասաց հետևյալը.
«Իրենք ասում են, որ այդ հրամանի միջոցով մտցվել է փաստացի ռազմական դրություն: Մարդիկ կամ պատկերացում չունեն, թե ինչ է ռազմական դրությունը կամ չունեն այն փաստերը, որտեղ քիչ թե շատ հիմնավոր կամ խելքին մոտիկ բաներ կլինեն նշված: Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել եմ, որ փետրվարի 23-ին հանդիպում եմ ունեցել ռազմական վերնախավի հետ: Ամբողջ հանդիպման իմաստը եղել է հետևյալը՝ բանակը իրավունք չունի ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ... ես դա պահանջել եմ պաշտպանության նախարարից: Բանակի անմիջական կառավարումը նախարարությունն է իրականացնում: Դա նախարարի հրամանն էր հենց այդ ուղղությամբ»:
Ճշգրտմանը, թե արդյոք ինքը տեղյակ եղել է այդ հրամանից, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ երկու օր հետո նախարարը իրեն ասել է՝ սպայական կազմը բերվել է զորանոցային վիճակի մեկ նպատակով՝ հեռու պահել քաղաքական ազդեցությունից.
«Այդ ժամանակ ընդդիմությունը բոլոր միջոցները կիրառում էր երկրապահի միջոցով բանակը ներքաշելու այդ գործընթացների մեջ»,- ասաց երկրորդ նախագահը՝ ավելացնելով, որ այդ օրերին «տագնապալից» լուրեր էին ստանում նաև առաջնագծից՝ կապված հակառակորդի ակտիվության հետ:
Հավելենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը: Այս պահին նիստն ընդմիջվել է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել