
«Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Հակոբյանն ազատ արձակվեց
2016թ. հուլիսին ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող Արայիկ Հակոբյանն ազատվեց կալանքից։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա» ծռեր»-ի գործով նիստին փաստաբան Երվանդ Վարոսյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի իր պաշտպանյալ Արայիկ Հակոբյանի խափանման միջոց կալանավորումը փոխվի պատգամավորների երաշխավորագրերով։
Ընդմիջումից հետո «Ծառուկյան դաշինք» կուսակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Սերգեյ Բագրատյանը անձնական երաշխավորագրերով ներկայացան դատարան։ Պատգամավորներից յուրաքանչյուրը 500 հազար դրամ պետվճարի անդորրագիր է ներկայացրել։
Դատավոր Արշակ Վարդանյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարեց ներկայացրած միջնորդությունը։
Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ այսուհետեւ ամեն բան կատարվելու է օրենքով եւ իրենք պատրաստ են կալանքի տակ գտնվող «Սասնա ծռեր»-ի այլ անդամների համար եւս երաշխավորագրեր ներկայացնել։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել