HY RU EN

Ամալյա Մարգարյան

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ՝ նախագահությամբ Վաչե Մարգարյանի, հրապարակվեց որոշումը։

Այսօր մոտ 7 ժամ կալանքի միջնորդությունը քննվել է, որից հետո նիստը ընդմիջվել է՝ որոշումը ժամը 23:30-ին հրապարակելու համար։

Հիշեցնենք, որ նույն դատարանում քննվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ՊՆ նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովի կալանքի վերաբերյալ միջնորդությունը:

Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: Այն է ՝ Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Երկուսն էլ իրենց մեղավոր չեն ճանաչում։ Ռ. Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունով տված հարցազրույցի ընթացքում նշել էր, որ մեղադրանքը «շինծու» է: Հայաստանի երկրորդ նախագահը և ՊՆ նախկին տեղակալը երեկ ՀՔԾ էին հրավիրվել վկայի կարգավիճակով, սակայն նրանց նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել, որից հետո նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան` կալանավորելու վերաբերյալ:

Յուրի Խաչատուրովի կալանքի վերաբերյալ միջնորդությունը կհրապարակվի 00:30-ին: