
Եզդիաբնակ գյուղի դպրոցը «Հետքի» նախաձեռնությունից հետո կրկին գույք է նվեր ստացել
Արագածոտնի մարզի Թլիկ եզդիաբնակ գյուղի հիմնական դպրոցի մասին նախկինում գրել ենք: 1950-ականների դպրոցն ունի ոչ միայն վերանորոգման, այլեւ գույքի կարիք: «Հետքն» անցյալ տարեվերջին «Ֆեյսբուքի» միջոցով հրավիրել էր իր ընթերցողների ուշադրությունը՝ կոչ անելով եզդի աշակերտներին օգնել դպրոցական գույքով՝ գրականությամբ, ուսումնական նյութերով եւ այլն:
Ստացել էինք բազմաթիվ արձագանքներ, հավաքվել էր մեծաքանակ գրականություն տարբեր լեզուներով, դպրոցը նվեր էր ստացել համակարգիչներ, քարտեզներ, գլոբուս: Այդ ամենը մեր ընթերցողների անունից հանձնել էինք թլիկցի երեխաներին: Սակայն դրանից հետո էլ դպրոցին օգնելու պատրաստակամ մարդիկ էին գտնվել:
Մեր վերջին այցի ժամանակ դպրոցին հերթական՝ երրորդ համակարգիչը փոխանցեցինք, որը նվիրել էր մեր երեւանցի ընթերցողներից մեկը: Արդեն դպրոցում տեսանք, որ աշակերտներն ունեն եւս երկու համակարգիչ, ինչպես նաեւ համեմատաբար նոր դասասեղաններ, որոնք նվեր էին ստացել Վանաձորից: Հիշեցնենք, որ աշակերտական նախկին աթոռ-սեղանները շատ հին էին ու ֆիզիկապես վաղուց մաշված: Եվս մի քանի աթոռ-սեղան (օգտագործված, բայց համեմատաբար թարմ վիճակում) թլիկցի աշակերտները մարզպետարանի միջնորդությամբ ստացել են Ուջան գյուղից:
Նախորդ՝ դեկտեմբերյան այցի ժամանակ դպրոցի տնօրեն Վահագն Մարտոյանի հետ պայմանավորվել էինք կարգի բերել տնտեսական սենյակը՝ այն վերածելով դասասենյակի, որտեղ պիտի լինեին համակարգիչները, գրապահարաններ, քարտեզներ եւ այլն: Ճիշտ է, նշվածներն այսօր առկա են սենյակում, բայց այն վերանորոգման կարիք ունի, բացի դրանից, պարզվում է, դասասենյակում չկա էլեկտրականություն, ինչի պատճառով համակարգիչներն առայժմ չեն աշխատեցվում:
Եզդիերենի ուսուցիչ Ալիկ Մստոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ուսուցչանոցից մինչեւ դասասենյակ հոսանքի գիծ եւ ինտերնետ անցկացնելը մեծ խնդիր չէ, կարելի էր անել նաեւ հենց իրենց՝ ուսուցիչների հաշվին: Այնինչ Արագածոտնի մարզպետարանից հայտնել են, թե միջոցներ կարող են հատկացնել տարվա չորրորդ եռամսյակում՝ հոկտեմբեր-դեկտեմբերին: Սա առնվազն տարօրինակ է: Այդուհանդերձ, տնօրեն Վ. Մարտոյանը մեզ հայտնեց, որ ցանկանում է ոչ միայն հոսանքի հարցը լուծել, այլեւ որոշակի գումար ստանալ ներքին հարդարման համար: Ըստ տնօրենի՝ օգոստոսին լուծելու են այս հարցը, մարզպետ Աշոտ Սիմոնյանը խոստացել է աջակցել:
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել